«Իմ փոխարեն պետք է դատվեն ոստիկանները»

Իրավապաշտպանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

«Նրանք ուզում էին դատել անմեղ մարդուն։ Իմ փոխարեն պետք է դատվեն ոստիկանները, որոնք սուտ ցուցմունքներ են տվել», անարդարության դեմ ընդվզում էր դատարանի դահլիճից ազատ արձակված իրավապաշտպանը։

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Ավետիսյանի փոխել է ավելի քան 4 ամիս կալանքի տակ գտնվող Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի խափանման միջոց կալանքը։ Դատական նիստի սկզբում մեղադրող Հունան Բաբայանը դատարանին միջնորդություն է ներկայացրել իրավապաշտպանի խափանման միջոց կալանքը փոխելու և լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու պատճառաբանությամբ վճռի հրապարակումը մեկ ամսով հետաձգելու մասին։ Դատավոր Գագիկ Ավետիսյանն անբողջությամբ բավարարել է մեղադրողի միջնորդությունը։

Արդեն ազատության մեջ Արշալույս Հակոբյանը իր երախտագիտությունը հայտնեց բոլոր իրավապաշտպան կառույցներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր այս ամիսներին հետևում էին քրեական գործի ընթացքին։ «Ես ազատության մեջ եմ ձեր շնորհիվ», հուզված ասում էր Հակոբյանը,-։ Անմեղ մարդուն ստորացրել ու ծեծել ոստիկանությունում, նրա վրա թքել են ոստիկանապետն ու նրա տեղակալը և անպատիժ մնացել..»։

Իրավապաշտպանն ասում էր, որ այդ նույն ոստիկանապետն ու տեղակալը  պետք է իմանան որ բոլորը հավասար են օրենքի առջև և պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ։ «Ազատազրկման մեջ մնալով իմ աչքին զրկանքներն այդքան չէին երևում, որքան ընտանիքիցս հեռու մնալն ու նորածին երեխայիս չտեսնելը»։, ասում էր իրավապաշտպանը

Արշալույս Հակոբյանը պնդել և դատարանում բազմիցս հայտարարել է, որ իրեն վերագրվող արարքներն ինքը չի կատարել՝ հավելելով, որ իր ազատազրկումն ու իր դեմ հարուցված դատական գործը կապված են իր իրավապաշտպան գործունեության հետ։ Այսօր էլ, ազատ արձակվելուց հետո նա հայտարարել է, որ մինչև վերջ պայքարելու է արդարության հասնելու համար։

Արշալույս Հակոբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, ինչը պատժվում է մինչեւ հինգ տարի ազատազրկմամբ։ Երեւանի ավագանու ընտրությունների օրը Մալաթիա - Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերից մեկում, որտեղ դիտորդական առաքելություն էր իրականացմում իրավապաշտպանը, տեղի ունեցած մի միջադեպի կապակցությամբ  հայտարարություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։ Մեղադրանքի համաձայն՝ այս տարվա հունիսի 5- ին երկու ոստիկանները, ովքեր հետո գործով տուժող են ճանաչվել, ծանուցագիր են բերել Հակոբյանին, որպեսզի վերջինս ներկայանա ցուցմունք տալու։ Ըստ տուժող ոստիկանների, ծանուցագիրը հանձնելու ժամանակ Հակոբյանը սթափ վիճակում չի եղել, առանց որեւէ պատճառի սկսել է հայհոյել, քաշքշել ու վառված ծխախոտը նետել է իրենց կողմը։ Այս գործում 2 տուժողները եւ 3 վկաներից 2-ը ոստիկաններ են։ Թե ինչ որոշում կկայացնի դատարանը հայտնի կդառնա նոյեմբերի 20-ին ժամը 10-ին։

Հավելենք նաև, որ Արշալույս Հակոբյանի գործը գտնվում է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, ովքեր նրա ձերբակալությունից հետո հանդես էին եկել հայտարարություններով։

Ժաննա Ալեքսանյան