ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օպեր լիազորը գլխավոր դերում
Մինչ ընդդիմության երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ծայրահեղ միջոցների է դիմում (հացադուլ) իր անմեղությունն ապացուցելու և արդար դատաքննության պահանջ է ներկայացնում իրավապահ մարմիններին, նրա քրեական գործով տուժող ճանաչված Կենտրոնի ոստիկանության օպեր-լիազոր Էրիկ Պողոսյանն "ասպատակում է" Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղը։
Իհարկե, սույն «տուժողը» միայնակ չի գործում։ Նրա մեջքին սարի պես կանգնած են Ոստիկանության Կենտրոնի բաժինն ու Աշտարակի քրեականի տղերքը, Քննչական գլխավոր վարչությունն ու գլխավոր դատախազությունը, իսկ դատարանն առայժմ հետաձգում է դատական նիստերը՝ չլուծելով տուժող կողմի անվտանգության խնդիրն անգամ դատարանի շենքի ներսում։
Անցյալ շաբաթ իրավապահ համակարգը ներկայացնող վերը նշված մարմինները համատեղ առևանգման «օպերացիա» էին իրականացնում Աշտարակի ընդհանուր իրավասության դատարանի շենքում և դրանից դուրս, իսկ գլխավոր դերում հանդես էր գալիս նաև մարտի 1-ի մի քանի գործերով տուժող անցնող Էրիկ Պողոսյանը։
Սեպտեմբերի 1-ին Աշտարակի դատարանում սկսվել է քրեական գործի մի քննություն, որտեղ գործով անցնող տուժողը՝ 18-ամյա Շ.Դ.–ն պատրաստվում է ցուցմունքներ տալ ոստիկանության անօրինական գործողությունների, ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառված բռնությունների ու անմարդկային վերաբերմունքի մասին։ Նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է իրենց հատուկ մեթոդներով ցուցմունքներ կորզել 17 ամյա անչափահաս աղջկանից, սակայն հետագայում վերջինս հրաժարվել է նախկին ցուցմունքներից և բողոքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով դեպքի իրական հանգամանքները։ Այս գործին առավել մանրամասնորեն մենք կանդրադառնանք առաջիկայում։
Ոստիկանների կողմից վկաների առևանգման դեպքերի մենք տեղյակ ենք մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ աղմուկ հանած գործերից։ Այնպես որ, այս գործելաոճն արդեն ավանդույթ դառնալու միտում ունի։ Եթե Երևանում հնարավոր չէր լինում կասեցնել ոստիկանության նման գործելաոճը, ապա պատկերացրեք, թե ինչ է կատարվել Թալինի շրջանի այս փոքրիկ գյուղում։ Գյուղի բնակիչներն ահաբեկված պատմում էին, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները գլխավոր քննչական վարչության քննիչ Ռուբեն Վարդանյանի հետ ռեյդեր անցկացնում ու դարանակալում տուժած աղջկա տան մոտակայքում՝ փորձելով որսալ նրան։ Նույնը կատարվել է սեպտեմբերի 1-ի դատական նիստում։ Գործին մասնակցող փաստաբանի վկայությամբ մոտ մեկ տասնյակ ոստիկաններ են լցվել դատարանի դահլիճ, իսկ բուն գործողությունները՝ ոստիկանների սաձարձակ պահվածքը, արտահայտվել է դահլիճից դուրս, բայց դատարանի միջանցքում։
«Ամենաակտիվը Էրիկ Պողոսյանն էր։ Նա քաշում էր աղջկա ձեռքից՝ փորձելով դուրս տանել, սակայն մեզ մի կերպ հաջողվեց պաշտպանել աղջկան։ Այս աղմուկն ու սկսված հրմշտոցը ավարտվեց միայն դատարանի նախագահի միջամտությամբ», պատմում է փաստաբանը, ում խոսքով, դրսում արդեն ավելացել են ոստիկանների քանակը, և հետապնդումները շարունակվել են մինչև երեկո։
Ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվում է դատարանի շենքից Աշտարակի ոստիկանության բաժին տանել տուժողի քրոջը՝ 21 ամյա Ստելլա Դավթյանին, ում շուրջ 40 րոպե պահում են այնտեղ՝ փորձելով նրանից ստանալ ցանկալի ցուցմունքները։ Բաժին է գալիս նաև նախաքննությունը վարող քննիչ Ռուբեն Վարդանյանը, սակայն նրանց սպառնալիքներն արդյունք չեն տալիս, և աղջկան ազատ են արձակում։
Սեպտեմբերի 4-ի դատական նիստը դատավոր Ռուզաննա Բարսեղյանը հերթական անգամ հետաձգեց մեղադրող կողմի՝ գլխավոր դատախազության ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ Դատավորը անտեսեց տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Աշոտ Աբգարյանի արդեն երրորդ անգամ ներկայացրած միջնորդությունը, այն է՝ ապահովել իր պաշտպանյալների անվտանգությունը։
Նույն օրը, չկայացած դատական նիստից հետո պաշտպանական կողմը իր պաշտպանյալների հետ միասին ստիպված էր գալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Արմեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նրանք խնդրում էին ժամանակավոր կացարան տրամադրել տուժող կողմին՝ ոստիկանների հետապնդումներից պատսպարվելու համար։ Ի վերջո, Արմեն Հարությունյանի բանակցությունները Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և այլ պատասխանատու անձանց հետ իրենց արդյունքը տվեցին, և անցած շաբաթ-կիրակին Կաթնաղբյուր գյուղում հարաբերական հանգիստ է եղել։
Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 10-ին, ժամը 10-ին։
Ժաննա Ալեքսանյան
Աշտարակ - Երևան
