ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռեյչլ Դենբեր. «Մեկ տարին բավարար ժամանակ էր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար»

2009թ. փետրվարի 25-ին Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր «Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին» վերնագրով զեկույցը, որն իր մեջ ներառում է Հայաստանի 2008թ. նախագահական ընտրությունները, հետընտրական բռնությունները և միակողմանի պատասխանատվության կանչելու իշխանությունների մոտեցումը: Մարտի 19-ից 23-ը Երևանում էր գտնվում Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ռեյչլ Դենբերը, որի բացառիկ հարցազրույցը «Կապիտալ» օրաթերթին ներկայացնում ենք այստեղ:
- Տիկին Դենբեր, դուք շուրջ տասը տարի չեք եղել Հայաստանում, ինչո՞վ է պայմանավորված Ձեր այցն այժմ:
- Ես և իմ գործընկեր, Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի հետազոտող Գիորգի Գոգիան (ով զեկույցի հիմնական հեղինակն է) ժամանել ենք Երևան, որպեսզի իշխանություններին և լայն հանրությանը ներկայացնենք անցյալ տարի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված վերջերս հրապարակված մեր զեկույցը: Համարում ենք, որ իշխանությունների հետ կապն ու երկխոսությունը շատ կարևոր է: Մենք ուզում էինք ինքներս ներկայացնել մեր կատարած աշխատանքը, ինքներս խոսել պաշտոնատար անձանց հետ մեր կատարած հետևությունների և անհրաժեշտ հանձնարարականների մասին, որպեսզի նրանց տեսակետները լսենք, թե որքանով են նրանք պատրաստակամ կատարել այդ հանձնարարականները: Սա է Հայաստան այցի մեր գլխավոր նպատակը:
- Ձեզ հաջողվե՞ց հանդիպումներ ունենալ իշխանությունների հետ, և որքանո՞վ էին դրանք արդյունավետ:
- Այո, մենք գոհ ենք հանդիպումներից: Հանդիպումներ ունեցանք բոլոր նրանց հետ, ում հետ նախապես պայմանավորվածություններ էիք ձեռք բերել՝ բացառությամբ ոստիկանության: Մեզ ընդունեցին բարձր մակարդակով, և տեղի ունեցած հանդիպումներն ու զրույցները արդյունավետ էին: Հանդիպել ենք Հատուկ քննչական ծառայության խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ մարտմեկյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և ՀՀ նախագահի վարչակազմը ներկայացնող Վիգեն Սարգսյանի հետ:
- Զեկույցի հրապարակումից հետո քննադատություններ հնչեցին, մասնավորապես, իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաև խորհրդարանական հանձնաժողովը ղեկավարող Սամվել Նիկոյանի կողմից: Ասվում էր, թե բոլոր այս տեսակի կազմակերպությունները, ներառյալ՝ Human Rights Watch-ը, քաղաքականացված են և ինչ-ինչ նպատակներ են հետապնդում: Ինչպե՞ս եք վերաբերվում նման կարծիքներին:
- Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քննադատել մեր զեկույցը: Դա նրանց իրավունքն է և դա մեզ չի վիրավորում: Ես կուզենայի ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա. երբ հրապարակվեց զեկույցը, սկզբում ամբողջ թարգմանությունը պատրաստ չէր, և հայերեն ներկայացված էին միայն եզրակացությունն ու հանձնարարականները: Մարտիմեկյան քաոսային իրավիճակի ամփոփագրումը ներառված չէր, և շատ կարևոր մանրամասներ բացակայում էին: Մարդիկ, ովքեր կարդում են միայն ամփոփագիրը, չեն կարող ստանալ զեկույցի ամբողջական պատկերը: Սա մեկ, և երկրորդ՝ մեր հանդիպումների ժամանակ մեղադրանքներ չհնչեցին, թե մենք հատուկ շահագրգռություն ենք ունեցել կամ քաղաքական նպատակներ ենք հետապնդել զեկույցը պատրաստելիս: Ընդհակառակը, մեզ ասում էին, որ «մենք այն կարծիքին չենք, թե զեկույցը քաղաքականացված է, սակայն մտավախություն ունենք, որ Human Rights Watch-իը հեղինակությունը այս կամ այն ուժի կողմից կարող է քաղաքականացվել կամ օգտագործվել»: Կարծում եմ, որ շատ լավ է իշխանությունների համար, երբ կան ոչ շահագրգիռ կազմակերպություններ: Մենք անկախ ենք և արձանագրում ու օգտագործում ենք միայն անհերքելի փաստերը, ամեն դեպքում, ամեն ջանք գործադրում ենք այդ ուղղությամբ: Մենք զրուցում ենք ականատեսների կամ տուժվածների հետ ձանձրույթի հասնող մանրամասնությամբ: Հաճախ այնքան մանրամասնորեն ենք անցկացնում հարցազրույցները, որ մարդկանց պարզապես հոգնեցնում ենք: Շատ հաճախ է պատահում, որ չենք օգտագործում մեր ունեցած ամբողջ նյութը, քանի որ այն այդքան էլ արժանահավատ չի թվում: Այնպես որ, համոզված եմ, որ նրանք իրականում չեն համարում, թե մենք քաղաքականացված ենք: Հաճախ է պատահում, երբ այս կամ այն կողմը զեկույցը քաղաքականացնում է, բայց այն, ինչ տեղ է գտել զեկույցում, հիմնավորված է փաստերով:
- Սովորաբար Ձեր կազմակերպությունը տարբեր երկրներում գործում է միայն ճգնաժամայի՞ն իրավիճակներում, երբ զանգվածաբար խախտվում են մարդու իրավունքները:
- Human Rights Watch-ը գործում է ոչ միայն ճգնաժամերի ժամանակ: Մենք գործ ենք ունենում նաև մարդու իրավունքների այնպիսի խախտումների հետ, որոնք ծանր են ու երկարատև: Օրինակ՝ այնպիսի խախտումներ, ինչպիսիք են միգրանտների իրավունքների խախտումներն աշխարհի շատ երկրներում:
- Առաջին անգամ է, որ Հայաստանի մասին զեկույցը հրապարակվում է գրքի տեսքով, նաև անգլերեն ու հայերեն տարբերակներով: Ինչո՞վ է սա պայմանավորված:
- Մենք ունեցել ենք Հայաստանի մասին տարբեր հրապարակումներ: Այս անգամ պարզապես գեղեցիկ ձևավորումն է նման տպավորություն ստեղծում: Մենք հրապարակել ենք զեկույց և 2003թ-ին., երբ վարչական ձերբակալությունների հետ կապված չարաշահումներ կային, և 2004թ. ապրիլյան դեպքերից հետո: Այս զեկույցը մեր կողմից արված շատ կարևոր մի աշխատանք էր: Հուսով եմ, որ զեկույցը իմպուլս կհանդիսանա՝ պատասխանատվության ենթարկելու իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ովքեր իրենց ձեռքերով են բռնությունների ենթարկել իրենցից որևէ վտանգ չներկայացնող անձանց: Ես շատ ուրախ կլինեմ նման ընթացքի համար, նաև շատ ուրախ կլինեմ, եթե կատարվեն մեր հանձնարարականները՝ կապված բարեփոխումների հետ: Մեր կատարած աշխատանքը նրա համար չէ, որ մենք աղմկենք, թե տեսեք ինչ գործ ենք արել, այլ՝ գործ, որը փոփոխություններ կբերի:
- Ի՞նչ է ցույց տալիս Ձեր տարիների աշխատանքային փորձը, ի՞նչ ազդեցություն են ունենում հրապարակված զեկույցները երկրների վրա: Որքանով տեղյակ եմ, ձեր զեկույցները հավաստի և շատ կարևոր են նաև եվրոպական կառույցների համար: Դուք, այսպես ասենք, վայելո՞ւմ եք Ձեր աշխատանքի պտուղները:
- Մենք տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքները: Մեր աշխատանքը փոխկապակցված է նաև տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքի հետ: Այնպես որ, դա միայն մեր աշխատանքի արդյունքը չէ: Այո, մեր աշխատանքի դրական արդյունքները տեսնում ենք շատ եվրոպական երկրներում, նույնիսկ Ռուսաստանում, ինչը ոչ միայն մեր կազմակերպության, այլև, ընդհանրապես, տվյալ երկրում աշխատող իրավապաշտպան շարժման շնորհիվ տարիների կատարած աշխատանքի արդյունքն է:
- Զեկույցին Հայաստանում սպասում էին, և այն հրապարակվեց բավական ուշացումով՝ մոտ մեկ տարի անց: Մտավախություն չունեի՞ք, որ այն կարող էր ժամանակավրեպ լինել:
- Մենք հետևում էինք իրադարձությունների ընթացքին և ուզում էինք ունենալ դեպքերի ամբողջական պատկերը: Մեկ տարին պետք է բավարար լիներ, որ իշխանությունները պատասխանատվության ենթարկեին մեղավոր ոստիկաններին: Մենք սպասում էինք քննության արդյունքներին, և քանի որ դրանք դեռևս չէին երևում, որոշեցինք հիմա ներկայացնել զեկույցը, որ ասենք՝ լավ, քննությունը ընթանում է, բայց դրա արդյունքները չեն երևում: Տեղյակ ենք, որ քննությունը դեռ ընթանում է, հանձնաժողովը նույնպես աշխատում է, բայց պատասխանատվության ենթարկելու խնդիրը մնում է միակողմանի:
- Վերջին տարիներին Ձեր կազմակերպությունը Հայաստանում առավել մեծ ճանաչում է ստացել, և շատ է հնչում հարցը, թե ինչո՞ւ մշտապես չեք հետևում այստեղ տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին:
- Մարդկանց թվում է, որ եթե խոշոր միջազգային կազմակերպություն է, ուրեմն անսահման հնարավորություններ ունի: Իրոք, Human Rights Watch-ը խոշոր կազմակերպություն է, բայց մեր ռեսուրսները սահմանափակ են:
- Եվ վերջում, ի՞նչ մաղթանքով կդիմեիք ՀՀ իշխանություններին ու Հայաստանի ժողովրդին:
- Ես կցանկանայի Հայաստանում տեսնել այնպիսի պայմաններ, որ ժողովուրդը վստահեր իշխանություններին, և որ իշխանությունները պատասխանատու լինեին ժողովրդի համար:
Հարցազրույցը վարեց
Ժաննա Ալեքսանյանը
