ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինվորական ծառայություն հենակներով

Գյումրիից բանակ զորակոչված շարքային զինծառայող Աշոտ Ոսկանյանը արդեն 12 ամիս է զինվորական ծառայությունն անցկացնում է հենակներով։ Նրան բանակ են զորակոչել 2008-ի գարնան զորակոչին, ի ծնե հիվանդությամբ՝ աջ ծնկահոդի գերշարժունակություն-ոսկորների ոլորում ախտորոշմամբ։ Զորակոչի ընթացքում մասնագետը ախտորոշել է նրա հիվանդությունը, սակայն զինկոմիսարիատում հաշվի չեն առել։
Զինծառայության արդեն 4-րդ օրը զինվորը հենակների կարիք է զգացել տեղաշարժվելու անհնարինության պատճառով։ Չնայած սրան զինվորական վերնախավը ամեն գնով նրան զորամասում է պահում։ Ծնողները, որոնք արդեն մեկ տարուց ավել իրենց որդու հետ միասին անցնում են նրա տառապանքների ու ցավերի միջով, ամեն անգամ բուժման նպատակով զինվորական ղեկավարությանը դիմելիս հանդիպում են միայն բիրտ ուժի։
Հունիսի երկրորդ կեսին Աշոտ Ոսկանյանը 8 օրյա արձակուրդ է ստացել և Քելբաջարի զորամասից վերադարձել տուն։ Ծնողներն այս ընթացքում կրկին փորձել են տղային անհապաղ բուժօգնությամբ ապահովել։ Մի քանի օր շարունակ նրանք կամ նախարարության դռներն էին ընկած կամ էլ ռազմաբժշկական հանձնաժողովի ետևից , որպեսզի նրանց միջամտությամբ որդին բուժում ստանա մասնագիտացված հիվանդանոցում, սակայն ապարդյուն։ Աշոտին անգամ զինվորական հոսպիտալում բուժվելու հնարավորություն չտրվեց։
Արձակուրդի 8-րդ օրը, երբ ծնողները վաղ առավոտվանից Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի մուտքի մոտ ներս մտնելու ակնկալիքով սպասում էին, զինվորի հայրը՝ Վարդան Ոսկանյանը հեռախոսով սպառնալիքներ էր ստանում զորամասի հրամանատարական կազմից.
«Եթե տղեդ մինչև ժամը երկուսը զորամասում չլինի՝ կգանք քաշ տալով կտանենք», սպառնացել են երկրորդ կարգի հաշմանդամ հորը,։-«Ասում եմ, եթե ինձ հետ եք էդպես խոսում, բա հիվանդ տղայիս հետ ոնց կխոսեք...» , բորբոքվում է հայրը։
Զինվորական վերնախավը ներկայացնող և ռազմաբժշկական հանձնաժողովը վերահսկող գեներալ մայոր Արշալույս Փայտյանից փորձեցինք պարզել, թե այդ ինչպես է, որ հենակներով զինվորը ծառայում է բանակում, ինչո՞ւ են արգելում բուժում ստանալ և ի վերջո ինչու են զորամասից սպառնում նրա ծնողներին։ Պարոն Փայտյանին ակնհայտորեն տհաճություն պատճառեց փաստը, որ իրենց ներքին կյանքին ինչ որ մեկը տեղյակ է և սկսեց բանակային կյանքի կարգուկանոնից խոսել՝ ի վերջո խոստանալով միջամտել հարցին դրական լուծում տալու համար։ Եվ միջամտեց։ Նրա միջամտությունից 1-2 ժամ հետո ռազմաբժշկական հանձնաժողովը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ նոր եզրահանգման է գալիս։ Այն է, թե այս պահին նրա առողջական վիճակն ավելի բարվոք է, քան երբևէ և Աշոտին հրամայվում է անմիջապես զորամաս վերադառնալ։
«Ինձ ասում են, թե տղեդ սիմուլյանտ է ու սիմուլյանտություն է անում։ Տղայիս էլ ասեցին էդ ձեռքիդ կաստիլը կշպրտես մի կողմ ու կգնաս զորամաս նորմալ կծառայես»։ Հանձնաժողովի անդամները կոպիտ ու անհարգալից արտահայտություններով ճանապարհ են դրել խեղճ ու կրակ այս ծնողներին։
Աշոտը զորամաս է վերադարձել հենակով, բայց հենակը շատ արագ անհայտացել է։ Դժվար չէ կռահել, թե ինչ կարող էր տեղի ունենալ զորամասում «սիմուլյանտի» պիտակով վերադարձած զինվորի հետ։ Նկատենք նաև, որ զորամասից ճաշարան ճանապարհը 1,5 կմ է և եթե օրը 3 անգամ զինվորը գնար ճաշարան, նշանակում է, որ նա առանց հենակի քայլելու էր մոտ 9 կմ և բնական է, որ, որ նրա ոտքն այդ ծանրաբեռնվածությամբ շատ արագ շարքից դուրս էր գալու։ Այդպես էլ եղավ։
Ուղիղ մեկ շաբաթ հետո՝ հուլիսի 1-ին ահավոր ցավերով, ուռած ու կապտած ոտքով զինվորը հայտնվում է Վարդենիսի զինվորական հոսպիտալում, որտեղ նրան վիրահատության են ենթարկում։ Այս պահին նրա վիճակը բարվոք լինելուց շատ հեռու է։ Նշենք նաև, որ վիրահատությունից մեկ օր առաջ զիվորի ծնողները գեներալ Արշալույս Փայտյանի ստորոգրությամբ գրություն են ստանում, որտեղ նշված է, որ ռազմաբժշկական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն «Աշոտ Ոսկանյանը պիտանի է ոչ շարային ծառայության և ներկա պահին կարիք չունի ոչ վիրահատական և ոչ էլ կոնսերվատիվ բուժման»։ Զարմանալի հետևողականություն է դրսևորել կարգուկանոն սիրող գեներալը գրությունն ուղարկելիս, սակայն իրականության մեջ զինվորը վիրահատական սեղանին է հայտնվել գրությունը տեղ հասնելու հենց հաջորդ օրը։ Ովքեր են ռազմաբժշկական հանձնաժողովի առաջատար մասնագետները, որոնք թյուրիմացության մեջ են գցում օրինապահ գեներալին։ Հայտնի են նաև նրանց անունները՝ դոկտոր-պրոֆեսորի կոչումներով՝ Էրեբունի հիվանդանոցի տնօրեն Չարչյանն է եզրահանգման հեղինակներից մեկը։
Եվս մեկ վիրահատություն Աշոտը տարել էր այս տարվա մարտ ամսին և այն ինչ այսօր կատարվում է նրա հետ հնարավոր է նաև վատ վիրահատության հետևանք է, սակայն միևնույնն է նրան չեն տեղափոխում մասնագիտացված հիվանդանոց։ Զինվորի ծնողները անելանելի վիճակում են. «Ի՞նչ է արել մեր երեխան, որ նրա հետ այդպես են վարվում։ Հո իրենց թշնամին չէ»։
Աշոտ Ոսկանյանը իր ծառայության 12 ամիսների ընթացքում լիարժեք ծառայել է ընդամենը 4 օր։ 4-րդ օրը վազելու հրամանը կատարելիս հրամանատարական կազմի ներկայությամբ նա տապալվել է գետնին և ուշագնաց եղել։ Ծնկի մասում, այսպես կոչված ոտքի խաղերը իրենց տեղից դուրս են ընկել և ահավոր ցավերից 18 ամյա երիտասարդը գիտակցությունը կորցրել է։
«Հունիսի 14-ին՝ իր ծառայության 14-րդ օրը, մենք գնացել ենք Քելբաջար, Աշոտը հողաթափերով էր, ոտքը անշարժացած, ծռված, դժվարությամբ ման էր գալիս...», պատմում են ծնողները։
Բողոք են գրում պաշտպանության նախարարին և միայն 26 օր հետո՝ հուլիսի 2-ին Աշոտին տեղափոխում են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ապա Երևանի կենտրոնական հոսպիտալ, որտեղ վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Եսայանը ախտորոշում է «Զույգ ծնկնահոդերի աննշան արտահայտված գերշարժունակություն»։ Հոսպիտալից հոսպիտալ նրան տեղափոխելը, որը շարունակվում է մինչև օրս, հիվանդության մեջ որևէ դրական տեղաշարժ չի արձանագրել, ընդհակառակը նրա վիճակը օրեցօր վատթարանում է։
«Իրենց մեղքով է տղայիս վիճակը բարդացել», ասում են ծնողները, որոնք չեն կարողանում հասկանալ, թե զինված ուժերում ինչպես կարող է հենակներով զինվորը պաշտպանություն իրականացնել։ «Երևի ինքը քանակ է լրացնում՝ ինչ որ մեկի փոխարեն ծառայելով»։
Ժաննա Ալեքսանյան
Հ.Գ. Ամեն զորակոչից առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնվում է հայկական հեռուստաեթերում՝ իր հեղինակավոր խոսքն ասելու բանակ զորակոչվող նորակոչիկներին։ Նախարարն ասում է, որ ինքն ու իր գերատեսչությունը առաջնորդվում են մի կարգախոսով.«Ոչ մի հիվանդ զինվոր բանակում»։ Նախարարը մի քիչ էլ պատմում է այս ուղղությամբ կատարված իրենց ջանքերի մասին։ Սակայն սրանք հերթապահ խոսքեր են,, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։
