Համաներումն այդուհանդերձ քաղաքական էր

«Ինչ համաներում, քաղաքական խաղ էր, մենակ քաղաքականների մասին են խոսում, բա մյուսները մարդ չե՞ն, նրանք չկա՞ն, բա եղա՞վ», այսպես սրտնեղեց ծանոթներիցս մեկը տեսնելով ու լսելով համաներման հայտարարումից հետո իշխանության հայտարարությունները:

Ինչքան էլ պետական կառույցներն ու նրանց հանդեպ լոյալ տրամադրված, հիմնականում ու շատ հաճախ նրանց գովքով ու քարոզչությամբ զբաղված լրատվամիջոցները հայտարարեն, որ համաներումը քաղաքական դրդապատճառներ չուներ, Եվրոպայի աչքերին թոզ փչելու նպատակ չուներ, թե իշխանության և թե նշված ԶԼՄ-ների պահվածքը հակառակն է ապացուցում: Ըստ նախնական ենթադրության-հաշվարկի, այս համաներման արդյունքում ազատազրկման վայրերից ազատության մեջ կհայտնվեն շուրջ 500 մարդ: Հինգ հարյուր: Իսկ ահա իշխանություններն ու հիշյալ ԶԼՄ-ները խոսում են միայն մարտի մեկի դեպքերից հետո կամ փետրվարի 19-ի ընտրություններին առնչվող այլ դեպքերով կալանավորված կամ դատապարտված անձանց մասին: Միայն այն անձանց մասին, ում մենք քաղաքական բանտարկյալ, իսկ Եվրոպան՝ քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածներ է անվանում: Իսկ այն մարդիկ, ովքեր որեւէ կապ չունեին քաղաքականության հետ եւ ում վրա տարածվում է համաներումը մի տեսակ անտեսված-մոռացված են։ Եթե սա չի ապացուցում, որ նախագահն ու Ազգային ժողովը համաներումը հայտարարել են քաղաքական դրդապատճառներով եւ Եվրոպային հերթական անգամ «ապացուցելու», որ Հայաստանը «անշեղորեն ընթանում է դեպի ժողովրդավարություն», ապա նշանակում է, որ ՀՀ նախագահն ու Ազգային ժողովը խտրական վերաբերմունք ունեն հասարակության մի մասին նկատմամբ, ինչը հաստատ ժողովրդավարության հայտանիշ ու բաղկացուցիչ չէ:

Եվ ի դեպ, համաներման քաղաքական բնույթի մասին է վկայում նաեւ դրա հայտարարման ընթացքը: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը ներում է շնորհում դատապարտյալներին, իսկ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն ՀՀ Ազգային ժողովը ՀՀ նախագահի առաջարկությամբ համաներում է հայտարարում: Ուրեմն, ըստ ՀՀ Սահմանադրության, համաներում հայտարարելու նախաձեռնությունը ՀՀ նախագահինն է, սակայն նախագահն առաջարկեց իրեն դիմել, որ ինքը նախաձեռնի, «Ազգովի խնդրելու» ակցիա նախաձեռնեց ու ակցիայի հաջող ավարտին միայն դիմեց խորհրդարանին: Իսկ այս մեղավոր հողագնդի խելոքներից մեկը ասել է՝ բարեգործությունն անում են լռությամբ, հակառակ դեպքում՝ դա բարեգործություն չէ:

Ու հիմա երբ համաներումը արդեն հայտարարված է եւ Եվրոպան ողջունում է Հայաստանի ներքաղաքական լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլը, իշխանությունները հայտարարում են, թե իրենց խոսքը գործից չի տարբերվում, իսկ ընդդիմությունը հայտարարում է որ շարունակելու է պայքարն այնպես, որ իշխանությունը զջղա համաներում հայտարարելու մասին: Ուրեմն ստացվում է, որ քաղաքական լիցքաթափում չի լինելու: Կամ էլ համաներումը իր քաղաքական նպատակին չծառայեց, եթե հաշվի չառնենք Եվրոպայի ոգեւորությունը:

Համաներման արդյունքում այսօր ազատության մեջ է ընդդիմության առանցքային դեմքերի մի մասը միայն՝ Ալեքսանդր Արզումանյան, Մյասնիկ Մալխասյան, Պետրոս Մակեյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլք: Շատերը դեռ բանտում են՝ Սասուն Միքայելյան, Սափեյան եղբայրներ, Արամ Բարեղամյան եւ այլք: Հենց սա նկատի ունենալով են ընդդիմադիրները պնդում, որ համաներման իրական նպատակը Եվոպային խաբելն էր: Բայց Եվրոպան այնքան էլ շուտ չի խաբվում: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ «Հայաստանում համաներում հայտարարելուց հետո ձերբակալվածների ազատ արձակմամբ «Մարտի 1»-ի էջը չի փակվել: Մարտյան բռնությունները վկայում են քաղաքական մշակույթի պակասի մասին: Ես դեռ շատ մտահոգված եմ այն իրողությամբ, որ որեւէ մեկը չի ձերբակալվել եւ չի պատժվել մահվան դեպքերի համար: Ասում են, թե մեկ ոստիկան է սպանվել, բայց սպանվել են նաեւ շատ այլ մարդիկ, ովքեր ոստիկաններ չէին եւ սպանվել են մեկ տարի առաջ: Դա սպանություն է: Ահավոր է, որ ոստիկանությունը Հայաստանում չի կարողացել գտնել նրանց, ովքեր պատասխանատու են այս սպանությունների համար, որպեսզի դատական գործ հարուցեն: Ես ասացի' մտահոգված եմ, որ մարդիկ ձերբակալվել են, բայց ավելի մտահոգված եմ, որ մարդիկ են սպանվել»,-հայտարարել է Թերի Դեւիսը:

Համաներման հայտարարման մեջ մի հետաքրքիր զուգադիպությունն էլ կա.

ընդդիմությունը հայտարարել է, որ սեպտեմբերից վերսկսում է հանրահավաքները, իսկ համաներման արդյունքում ազատություն ստացող վերջին քաղաքացին ազատ կլինի սեպտեմբերի 30-ին:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ