Արդար դատավարության իրավունքի իրականացումը Հայաստանում

Նախնական եզրակացություններ 2008թ. մարտի գործերով դատավարությունների դիտորդության և օրենսդրական վերջին փոփոխությունների հիման վրա

Փարիզ-Երևան, հունիս 2009թ.

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հետևել են 2008թ. մարտի 1-ի ոստիկանության և ընդդիմության բախումների  գործերով ձերբակալված անձանց դատավարությունները։ Մեր կազմակերպություններն արտահայտում են իրենց մտահոգությունը ակնհայտորեն  քաղաքական բնույթ կրող դատավարությունների ժամանակ վկաների նկատմամբ բռնությունների բազմաթիվ հաղորդումների վերաբերյալ։ Դատարանի կողմից անօրինական ճանապարհով ստացված վկայությունների  ընդունումը խախտում է արդար դատավարության սկզբունքը։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մտահոգված են ՀՀ-ում որոշ օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ։

Դատական, Քրեական դատավարության, Վարչական դատավարության և Քրեական օրենսգրքերում փոփոխությունները ուժի մեջ են մտել 2009թ. մարտի 1-ին։ Մեր կազմակերպությունները խիստ քննադատություն են արտահայտում որոշ փոփոխված դրույթների վերաբերյալ, որոնք վտանգի տակ են դնում մեղադրյալի՝ իր ներկայությամբ դատավարության անցկացման, իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանելու իրավունքը։ 

2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունները[1]

2008 թ-ի մարտի 1-ին, 2008 թ-ի փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո բախումներ տեղի ունեցան ոստիկանության և ընդդիմության միջև։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով և Ազգային ժողովի հավանությամբ  Երևանում հայտարարվեց արտակարգ իրավիճակ 20 օրով։ Բոլոր հավաքները արգելվեցին, մամուլը անցավ պետության խիստ վերահսկողության տակ և կասեցվեց որոշ միջազգային կայքերի աշխատանքը։ Ավելի քան 100 մարդ ձերբակալվեցին  և կանգնեցին դատարանի առաջ։ Ձերբակալվածների մեծամասնությունը ընդդիմության ակտիվիստներ էին, այդ թվում Ազգային ժողովի երեք պատգամավոր, որոնք աջակցում էին ընդդիմությանը։ Մարտի 1-ի գործերով դատավարությունները սկսեցին 2008 թ-ի մարտի վերջին։ Հիմնական մեղադրանքները հիմնված էին ՀՀ Քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգություններ) և 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):  

2008թ. դեկտեմբերին սկսվեց «Յոթի գործը» 7 ընդդիմադիր առաջնորդների՝ Ալեքսանդր Արզումանյանի (նախկին Արտաքին գործերի նախարար), Մյասնիկ Մալխասյանի (ԱԺ պատգամավոր), Սասուն Միքայելյանի (ԱԺ պատգամավոր), Հակոբ Հակոբյանի (ԱԺ պատգամավոր), Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի նկատմամբ։ Նրանց մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի հոդվածներով։[2]

2009թ. մայիսի 13-ին Շանթ Հարությունյանը ազատ արձակվեց, նրա դեմ գործը դադարեցվեց, քանի որ նա ճանաչվեց անմեղսունակ հանցագործության կատարման պահին։ Քրեական օրենսգրքում փոփոխություններն ընդունելուց հետո «Յոթի գործը» բաժանվեց վեց մասի,  և 2009թ. ապրիլին սկսվեցին 6 ընդդիմադիր առաջնորդների առանձին և միաժամանակ ընթացող դատավարությունները։ 2009թ. հունիսի 22-ին դատարանը վճիռ կայացրեց Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի և Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի գործերով։ Նրանք մեղավոր ճանաչվեցին և ազատազրկման տարբեր ժամկետներ ստացան։ Սակայն, բացառությամբ Սասուն Միքայելյանի, նրանք բոլորը ազատ արձակվեցին Համաներման մասին որոշման հիման վրա, որն առաջադրել էր ՀՀ նախագահը և հաստատել Ազգային Ժողովը։  

1. Զեկույց վկաներից ցուցմունք ստանալու անօրինական մեթոդների վերաբերյալ

Ընդդիմադիր վեց առաջնորդների դատաքննությունների ընթացքում մի շարք վկաներ հայտնել են դատարանին թե ինչպես են իրենցից ցուցմունքներ կորզել հետաքննության ժամանակ 2008-ի մարտից։  Նրանք հայտնել են դատարանին, որ իրենց նախաքննական ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը։ Վկաներից շատերը հայտարարել են, որ Հայաստանի տարբեր ոստիկանական բաժիններում իրավապահ մարմինների ներկայացուցիչները լուրջ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների են ենթարկել նրանց ՝ մեղադրվող ընդդմիադիրների դեմ կեղծ ցուցմունքներ կորզելու նպատակով։  Որոշ վկաներ նաև հայտնել են, որ նրանց կանչել են ոստիկանական բաժիններ և պահանջել, որ նրանք դատարանում պնդեն իրենց նախաքննական ցուցմունքները։

Օրինակ Սասուն Միքայելյանի գործով վկա Յաշա Մելքոնյանը հայտարարեց. «ես նախաքննության ընթացքում սուտ եմ գրել: Ներողություն եմ խնդրում դրա համար: Ես շատ վատ վիճակում էի, ասում էին գրի, գրում էի, մենակ թողնեն գնամ մի տեղ պառկեմ: Մեռնում էի ցավից: Շատ բան քննիչներն են թելադրել»: Այս վկան հայտարարել է, որ իրեն ծեծել են Հրազդան քաղաքի ոստիկանությունում դիմակավոր անձինք, քրեական բաժնի պետ Սերգեյ Մարկոսյանի գլխավորությամբ:

Նախաքննության ընթացքում իրենց նկատմամբ կիրառված խոշտագումների մասին դատարանում ցուցմունքներ տվեցին նաև վկաներ Գագիկ Ավդալյանը, Էդիկ Խաչատրյանը, Արսեն Մկրտչյանը, Խաչիկ Դավթյանը, 18-ամյա Գևորգ Մուրադյանը: Մուրադյանը բացի իրեն ծեծի ենթարկելու մասին հայտարարությունից, դատարանում հայտարարեց, որ նա համոզված է, որ ոստիկանությունում այլ մարդիկ նույնպես ենթարկվել են  ծեծի, քանի որ հարևան սենյակից լսել է «մամա ջան, էս ինչ եք անում, մի խփեք» և նման գոռոցներ: Գևորգ Մուրադյանը սրտի արատ ունի և երբ այս մասին ասել է ոստիկաններին, նրանցից մեկը ասել է. «զգույշ ծեծեք, հանկարծ չմահանա»: Տեղի ունեցածի մասին դատարանում հայտարարելուց հետո Գևորգ Մուրադյանը նկատեց. «հաստատ գիտեմ, որ լավ չի լինելու, ինձ նորից տանելու են բաժին»:

Իրենց նկատմամբ անօրինական գործողությունների մասին Սասուն Միքայելյանի գործով  վկաներ Արսեն Մկրտչյանի, Յաշա Մելքոնյանի և Էդիկ  Խաչատրյանի  դատարանում արված հայտարարություններից հետո ՀՀ Գլխավոր դատախազի ցուցումով քրեական գործեր հարուցվեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 341 հոդվածի հիման վրա  (Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը)։ Գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական և ՀՀ ազգային անվտանգության ծառայություններին: 

Ըստ որոշ վկաների, իրավապահ մարմինների ներկայացուցիչները այցելել են գործերով անցած ու խոշտանգված վկաների տներն ու սպառնացել և ճնշել նրանց, որպեսզի դատարանում տան այն ցուցմունքները, որոնք նրանց անունից տրվել և ստորագրվել են նախաքննության ընթացքում: 2009թ. մայիսի 20-ին Մյասնիկ Մալխասյանի գործով անցնող վկա Հմայակ Գալստյանը հրաժարվելով իր նախաքննական ցուցմունքներից, հայտարարել է, որ դրանք կորզվել են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների գործադրմամբ: Դրանից հետո նա հրավիրվել է Ապարանի ոստիկանություն, որտեղ նրանից պահանջել են դատարանում պնդել այն ցուցմունքները, որոնք նա տվել է նախաքննության ընթացքում: Վկաներ Սերոբ Սերոբյանը (Հակոբ Հակոբյանի գործ), Թաթուլ Կարապետյանը (Սասուն Միքայելյանի գործ) նույնպես հաղորդել են, որ ոստիկանները սպառնացել են իրենց, պահանջելով հաստատել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները:

Աշտարակ քաղաքի բնակիչ Մյասնիկ Մալխասյանի գործով վկա Հենրիկ Հարթինյանը, մայիսի 19-ի դատական նիստին հայտնեց, որ 2008 թ-ի մարտի 2-ին երբ նա ընկերոջ հետ մեքենայով Երևան էր եկել, նրանց մեքենան կանգնեցրել են, դիմակներով մարդիկ, Հենրիկ Հարթինյանի գլխին ատրճանակ են դրել և հանել մեքենայից, որից հետո ենթարկել են նրան դաժան ծեծի, որի արդյունքում Արթինյանը կողի կոտրվածք է ստացել։ Դրանից հետո նրան տարել են ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժին, որտեղ նրան ստիպել են ցուցմունք տալ՝ թելադրելով ցուցմունքի բովանդակությունը և սպառնալով։ Որից հետո նրան դուրս են շպրտել շենքից, նա մի քանի ժամ գրեթե անգիտակից վիճակում է եղել, հետո ուշքի է եկել և գնացել տուն։ 2008 թ-ի մարտի 3 -ին Հենրիկ Արթինյանը դիմել է բժշկի, սակայն բժիշկը հրաժարվել է ռենտգեն հետազոտություն անցկացնել և համաձայնել է միայն այն բանից հետո, երբ Հենրիկ Արթինյանը ասել է, թե իբր ծառից է ընկել։ Ըստ բժշկական եզրակացության, նա ստացել է կողի կոտրվածք։ Դատարանում վկայություն տալու ժամանակ Հարթինյանը հայտնեց, որ հրաժարվում է նախաքննական ցուցմունքից: Դատավորը դիմեց դատախազին, պահանջելով, որ տվյալ տեղեկութոյւնը ընդունվի որպես հանցագործության հաղորդում և համապատասխան քայլեր ձեռնարկվի։

Նմանօրինակ հայտարարություն արեց Մ. Մալխասյանի գործով վկա Ապարանի Արագած գյուղի բնակիչ Հմայակ Գալստյանը, որը մայիսի 20-ին դատարանում հայտնեց, որ մարտի մեկի գիշերը նրան բերման են ենթարկել, երբ նա Մյանսիկ Մալխասյանի հետ Երկրապահի գրասենյակից տուն էր գնում։ Նրան դաժան ծեծի են ենթարկել, ֆիզիկական և հոգեբանակն տարբեր տեսակի ճնշումներից հետո ստիպել են որոշակի ցուցմունքներ գրել։ Հարցաքննության նաև ներկա են եղել դիմակներով անձիք։ Դատարանում Հմայակ Գալստյանը հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից, հերքելով, որ Մյասնիկ Մալխասյանի ձեռքին մետաղյա ձող է եղել, որ ցուցարարները թմրանյութի և ալկոհոլի ազդեցության տակ էին, որ Մալխասյանը զինվելու և իշխանություն տապալելու կոչեր է արել։ Հմայակ Գալստյանը նաև դիմել էր դատախազություն իր նկատմամբ բռնությունների մասին հայտնելով, նրան հարցաքննության էին ենթարկել այդ կապակցությամբ, սակայն մեղավորներ չեն հայտնաբերվել և չեն պատժվել։

Մյանսիկ Մալխասյանի գործով մեկ այլ վկա Գագիկ Ավդալյանին մայիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի շենքից բռնի ուժով տարել են Մաշտոցի ոստիկանության բաժին։ Նրան առաջարկել են դատարանում պնդել նախաքննական ցուցմունքները, ասել, որ նրա նկատմամբ ուժ չի կիրառվել և փոխարենը առաջարկել են ազատ արզձակել ազատազրկման դատապարտված եղբորը։

2009թ. մայիսի 25-ին քաղաքացիական հագուստով ոստիկանները փորձել են Հակոբ Հակոբյանի գործով վկա Մուշեղ Անտոնյանին առևանգել։ Հակոբ Հակոբյանի գործով իրավաբան Մելանյա Առուստամյանը ասել է, որ վկաների նկատմամբ ճնշումներ են եղել, և ոստիկանները պահանջել են իրենից չհանդիպել «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի հետ, ով եկել էր դատարան։

Մեր կազմակերպությունները լուրջ մտահոգություն են հայտնում  նախաքննության և դատաքննության փուլերում վկաների նկատմամբ շարունակական հոգեբանական և ֆիզիկական ճնշումների մասին ստացված բազմաթիվ և մանրամասն զեկույցների առնչությամբ։ Նման ապացույցների վրա հիմնվելով, Հայաստանի դատարանները ոտնհարում են Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները և նպաստում են նման ապօրինի մեթոդների կիրառմանը։

Մեր կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին պահպանել իր վրա վերցված միջազգային պարտավորությունները և՝

  • Քրեական վարույթի ընթացքում չօգտագործել այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել դաժան վերաբերմունքի արդյունքում՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 15-րդ հոդվածի  
  • Այն դեպքերում, երբ կասկածյալի դեմ ցուցմունքները ձեռք են բերվել խորթ մեթոդների միջոցով, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել  այդ մեթոդների կիրառողներին արդարադատության առաջ կագնեցնելու համար, ինչպես դա պահանջում են 1990 թ-ի ՄԱԿ-ի Ուղենիշները դատախազների դերի վերաբերյալ
  • Մշակել այնպիսի մեխանիզմեր, որոնք թույլ կտան ձեռք բերել անկողմնակալ ապացույցներ և աստիճանաբար նվազեցնել կախումը վկաների ցուցմունքներից և ինքնախոստովանական ցուցմունքներից քրեական արդարադատություն իրականացնելիս

II - Վերջերս կատարված բարեփոխումներ՝ մեղադրյալի բացակայությամբ դատական նիստի անցկացում և իր ընտրությամբ իրավաբանական պաշտպանության իրավունք

2009թ. մարտի 1-ին  Դատական, Քրեական դատավարության, Վարչական դատավարության և Քրեական օրենսգրքերում փոփոխությունները ուժի մեջ մտան։ Այդ փոփոխությունների մի մասը վերաբերում է արդարադատության իրավունքին։

Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի հոդ. 314.1-ի դատավորը կարող է մեղադրյալին դուրս հրավիրել դատարանից և դատաքննությունն իրականացնել նրա բացակայությամբ, եթե մեղադրյալը անհարգալից վերաբերմունք ցուցաբերի դատարանի նկատմամբ։ «Անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ» հասկացությունը հստակ սահմանում չունի, ինչը կարող է ցանկացած մեկնաբանությունների տեղիք տալ։

2009թ. փետրվարի 5-ին չորս իրավապաշտպան կազմակերպություններ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամը հանդես եկան  հայտարարությամբ, որում կոչ էին անում Ազգային Ժողովին զերծ մնալ  քրեական օրենսգրքում այս փոփոխություների ընդունումից։[3]

2009թ. մարտի 9-ին, անմիջապես երբ հոդված 314.1 ուժի մեջ մտավ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը կիրառեց այս հոդվածը «Յութի գործով» դատավարության ժամանակ, և մեղադրյալներից 5 հոգի (Ալեքսանդր Արզումանյան, Սուրեն Սիրունյան, Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան) դատարանից հեռացվեցին 10 օր ժամկետով։ նա նրանց հեռացրեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու պատճառով, առանց հիմնավորելու, թե ինչու է կիրառում առավելագույն սահմանված ժամկետը՝ 10 օր։ 2009թ. մարտի 13-ին մեղադրյալ Գրիգոր Ոսկեչյանը հեռացվեց դատարանից միևնույն պատճառով։

Մեկ այլ փոփոխություն վտանգում է անձի՝ իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանելու իրավունքը։  Քրեական դատավարության օրենսգրքի հոդ. 69-ի մեջ փոփոխություններ են կատարվել, ավելացվել է 5-րդ մասը. «Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները»։

Մարտի 16-ին «Յոթի գործի» դատավարության ժամանակ, պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ պաշտպանյալ Սասուն Միքայելյանը հրաժարվել է իր ծառայություններից։ Դատավորը մերժեց ընդունել այդ հրաժարումը և որոշեց, որ Հովիկ Արսենյանը կշարունակի իրականացնել Սասուն Միքայելյանի պաշտպանի լիազորությունները։

Մեր կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին իրականացնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և

  • Ապահովել մեղադրյալի՝ իր դատաքննության ժամանակ ներկա գտնվելու իրավունքը, ինչպես նաև իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպավնելու իրավունքը համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի։

[1] Մանրամասների համար տես «2008-ի փետրվարի 7-ի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կոչը արտակարգ իրավիճակի անհապաղ դադարեցման վերաբերյալ http://www.fidh.org/FIDH-calls-for-an-immediate-end-to»

[2] «Յոթը» -ի նկատմամբ սկզբում մեղադրանք էր առաջադրվել հոդ. 225, 3 մասով (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք զուգորդվել են սպանությամբ), հոդ. 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), հոդ. 300 (պետական իշխանությունը յուրացնելը), հոդ. 316 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ 2009թ. ապրիլի 1-ի դատավարության ժամանակ դատախազները որոշեցին հանել հոդ, 300-ով առաջադրված մեղադրանքները, փոփոխել հոդ. 225, 3-րդ մասով հարուցված մեղադրանքները և նոր մեղադրանք առաջադրել։ Նրանք հիմնավորեցին իրենց որոշումը  2009թ. մարտի 18-ի դատավարության ժամանակ ՀՀ Ազգային ժողովի կողմից 225 և 300 հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին որոշմամբ («ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»)։

[3]    տես "Human Rights Defenders Against the Conduction of Trial in Absence of the Defendant", at http://new.csi.am/en/point-of-view/2009/02/05/human_rights_defenders_aga...