ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարտի 1-ի սինդրոմը
Հայաստանում ժողովրդավարության դեմ արշավն ընթանում է ամբողջ ճակատով: Ընդդիմադիր
կուսակցությունները կրկին ահազանգ են հնչեցնում. հեռուստաընկերությունները կամ
միահամուռ անտեսում են իրենց մամլո ասուլիսները, կամ լուսաբանում են ծայրահեղ
կողմնակալ: Երեւանյան հյուրանոցներն ավելի ու ավելի հաճախ են մերժում կոնֆերանսներ
եւ «կլոր սեղաններ» անցկացնելու համար տարածքներ տրամադրելու՝ տարբեր (այդ թվում՝
միջազգային) կազմակերպությունների դիմումները: Մոտեցումն այստեղ խիստ ընտրովի է.
եթե քննարկումները վերաբերում են, ասենք, բնապահպանությանը կամ գենդերային
խնդիրներին՝ վարձակալելու ոչ մի խոչընդոտ, իսկ եթե թեմաները ներքաղաքական են ու
մարդու իրավունքներին առնչվող, ապա հետեւում է մերժումը: Ընդ որում,
կազմակերպիչներից նախապես պահանջում են միջոցառումների ծրագրերը, որպեսզի որոշեն՝
տրամադրե՞լ դահլիճ, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ապա
վերջին շրջանում դժվար է հիշել գեթ մեկ նախաձեռնություն, որը հնարավոր լինի համարել
առաջադեմ, այսինքն՝ երկրի ժողովրդավարական զարգացմանը նպաստող:
Այս իմաստով բնորոշ է հեռարձակման բնագավառը կարգավորող օրենսդրության մեջ
փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագծերի վերջին փաթեթը, որն արդեն
առաջին ընթերցմամբ ընդունվել է: Չնայած լրագրողական կազմակերպությունների
փաստարկված քննադատությանն ու խիստ բացասական գնահատականներին, խորհրադարանական
մեծամասնությունն, ըստ ամենայնի, չի հրաժարվել այդ փաթեթն անցկացնելու իր
մտադրությունից. համենայն դեպս այն մտցված է ԱԺ օրակարգ՝ երկրորդ ընթերցմամբ
քննարկելու համար: Այնինչ նախատեսվող օրենսդրական փոփոխություններով չի լուծվում
հեռարձակման ոլորտի բազմաթիվ լուրջ խնդիրներից եւ ոչ մեկը. օրինակ՝
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի իրական անկախության ապահովումը,
հեռարձակման լիցենզավորման մրցույթների անցկացումը երկու տարով կասեցնելու
օրենսդրական փոփոխության չեղյալ հայտարարումը, Հանրային հեռուստառադիոընկերության
բարեփոխումը եւ այլն: Այսինքն՝ նախատեսվող փոփոխությունները միայն օրենսդրության
կատարելագործման պատրանք են ստեղծում, իսկ իրականում միտված են իշխանությունների
կողմից վերահսկվող հեռարձակման ոլորտում ստատուս-քվոյի պահպանմանը:
Մեկ այլ օրինակ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու՝ աղմուկ հանած նախաձեռնությունը: Ըստ դրա հեղինակների՝ անհրաժեշտ է մեծ
տուգանքներ սահմանել զրպարտության եւ վիրավորանքի համար: Այս անգամ
նախաձեռնությունը, այսպես ասած՝ «ներքեւից է»: Չնայած, այս դեպքում էլ հազիվ թե
կասկածներ լինեն, որ ամեն ինչ նախապատրաստվել է իշխանության կուլուարներում:
Սկզբում մի իշխանամետ երիտասարդական կազմակերպություն բուհերի դասախոսներին, այդ
թվում՝ նաեւ անբասիր վարքի տեր անձնաց վարկաբեկող ակցիա է իրականացնում:
Այնուհետեւ, բողոքի ալիք է բարձրացվում՝ ուսանող երիտասարդների ներգրավմամբ, պարարտ
հող է նախապատրաստվում, եւ իբրեւ «հասունացած խնդրի լուծում» առաջարկվում է
օրինագիծ: Սովորական սեւ քաղտեխնոլոգիա, որի իրականցման համար գտնվեցին եւ
համապատասխան կազմակերպություններ, եւ համապատասխան պատվեր կատարող իրավաբան:
Իհարկե, այդ օրինագիծը ներկայացվում է իբրեւ քաղաքացիների պատվի, արժանապատվության
եւ գործարար համբավի պաշտպանությունն ուժեղացնող միջոց: Հաշվարկը բավականին պարզ է.
ոչ մի խելամիտ մարդ չի բողոքի նման բարի մտադրության դեմ: Իրականում՝ խոսքի
ազատության սահմանափակման, լրագրողների եւ ԶԼՄ-ների վրա իրավական մեխանիզմներով
ճնշում գործադրելու հերթական փորձն է ձեռնարկվում: Ընդսմին, նպատակ է հետապնդվում
իշխող վերնախավին, բարձրաստիճան պաշտոնյաներին եւ քաղաքական գործիչներին,
գործարարներին, մի խոսքով՝ հայտնի անձանց պաշտպանել առաջին հերթին տպագիր
լրատվամիջոցների քննադատությունից, անցանկալի հրապարակումներից: Գաղտնիք չէ, որ մեզ
մոտ համարյա ամեն մի քննադատություն ընկալվում է իբրեւ վիրավորանք, զրպարտություն,
գործարար համբավի վարկաբեկում: Էլ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ
հրապարակումներում օգտագործվում են այդ մարդկանց՝ հասարակությանը քաջ հայտնի
մականունները: Իսկ այս աշխարհի հզորների համար դժվար չէ դատարաններում հաշվեհարդար
տեսնել տհաճ հրապարակումների հեղինակների նկատմամբ: Այսինքն՝ ինչպես հետեւում է
«նախաձեռնության» հեղինակների տրամաբանությունից, լրագրողներին պետք է սանձել
տուգանքների օգնությամբ:
Եթե այս վտանգավոր օրինագիծը «կանաչ ճանապարհ» ստանա (իսկ այսօր արդեն կան
պատգամավորներ, որ պատրաստ են այն ստորագրել ու դնել շրջանառության մեջ) եւ եթե
ընդունվի, ապա, հնարավոր է, կիրականանա այն մարդկանց «վարդագույն» երազանքը, ովքեր
կցանկանային տեսնել հայկական մամուլ՝ միայն պաշտոնական տեղեկատվությամբ եւ դրան
համապատասխանող շողոքորթող նյութերով: Եվ ոչ մի այլակարծություն: Ինչպես 2008
թվականի մարտի 1-ին եւ հաջորդած 19 օրերին: Իշխանական միջանցքներում, հավանաբար,
այդ ժամանակների գրաքննության կարոտաբաղձությունն է թեւածում...
