ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Շաբաթվա ամփոփում Ապրիլ 6-12
Այս շաբաթվա ողջ ընթացքում հետաքրքիր եւ ուշագրավ իրադարձություններն ու զարգացումները հաջորդում էին իրար:
Շաբաթվա առաջին օրը` երկուշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայում խոսելով 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածի մասին, ասաց, այս հարցում իր կարծիքը չի փոխվել, իսկ նախընտրական շրջանում Օբաման օգտագործել էր ցեղասպանություն որակումը: Սրանով հանդերձ Օբաման ասաց, որ հարկ է կենտրոնակալ ոչ թե իր, այլ` հայերի եւ թուրքերի կարծիքների վրա:
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովը, որ մարտի մեկից հետո թույլատրել էր կալանավորել պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, կալանքի թույլտվությունը չեղյալ հայտարարելու որոշում չընդունեց: Իշխանական պատգամավորները եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեցին, թե դատական գործընթացներին միջամտել չի կարելի:
Նույն օրը երեկոյան Արտաշատում զինված բախում տեղի ունեցավ, որին, ըստ բազմաթիվ մարդկանց մասնակցել են Հովիկ Աբրահամյանի եւ նրա եղբոր երեխաները: Հովիկ Աբրահամյանը հերքեց այս լուրերը, սակայն անգամ հերքումից հետո, հրապարակվեցին հավաստի տեղեկություններ, որ նրա տղան եւ եղբոր տղան մասնակցել են զինված ընդհարմանը:
Շարունակվեցին լրագրողներ Գագիկ Շամշյանի եւ Գոհար Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի դատաքննությունները: Նրանք մեղադրվում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ:
Մարտի մեկի դեպքերից հետո սուտ մատնության մեղադրանքով կալանավորված, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը դատապարտվեց 3,5 տարի ազատազրկման:
Անցած ամիս տեղեկություններ էին տարածվել, թե ՙՊատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով՚ անկախ հանձնաժողովը քվեարկել է ՙժամանակ Երեւան՚ թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու օգտին, սակայն որոշման մեջ հակառակն է գրվել: ՙԺառանգություն՚ կուսակցությունը առաջարկեց վերացնել այս հանձնաժողովը եւ նման հարցերով միանգամից դիմել դատարան: ՀՀ արդարադատության նախարարությունը դեմ արտահայտվեց:
Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքի սովորական մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը երկու օր ուժ կիրառեց, ոմանց տարան բաժիններ, հետո` ազատ արձակեցին:
Իսպանիայի Վալենսիա քաղաքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի դռնփակ նիստում քննարկվեց Հայաստանի վերաբերյալ 1609, 1620, 1643 բանաձեւերի կատարման ընթացքը: Նիստին մասնակցելուց հետո ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանն ու ԵԽ-ն պահմտոցի են խաղում:
Շաբաթվա վերջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց տվեց Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գործիչների կենսագրությունների ուսումնասիրությամբ զբաղվող Թիլման Ալերթին:
