ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստան. 2008 թ. բախումների կողմնակալ հետապնդում
Անաչառ հետաքննության և արդարության ապահովում ցուցարարների դեմ
ուժի գործադրման կապակցությամբ
(Նյու Յորք, փետրվարի 25, 2009) – «Հայաստանը դեռ պետք է
պատասխանատվության կանչի ոստիկանությանը ոչ համաչափ ուժի
կիրառման համար ցուցարարների հետ բախումներից մեկ տարի անց, որի
արդյունքում առնվազն 10 մարդ զոհվեց», - նշվում է «Human Rights Watch»-ի
փետրվարի 25-ին հրապարակված համապարփակ զեկույցում:
«Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին. Հայաստանի 2008
թ–ի վիճարկված նախագահական ընտրությունները, հետընտրական
բռնությունները և միակողմանի պատասխանատվության կանչելու
քաղաքականությունը» վերնագրով 64 էջանոց զեկույցը մանրամասնում է 2008
թ. փետրվարյան վիճարկված նախագահական ընրություններից հետո
Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած
բախումները ոստիկանության և ցուցարարների միջև: Զեկույցում նաև
փաստվում է բռնությունների առնչությամբ կալանավորվածների նկատմամբ
վատ վերաբերմունքը, մարտի 1-ին և դրանից հետո անհամափաչ ուժի
կիրառման համապարփակ հետաքննության և պատասխանատվության
պակասը: Զեկույցը պատրաստված է Հայաստանում 2008 և 2009 թվականներին
հետազոտական երեք առաքելության ընթացքում իրականացրած ավելի քան 80
հարցազրույցի հիման վրա:
«Երևանում գրեթե մեկ տարի առաջ տեղի ունեցածի ամբողջական
պատկերը դեռ պետք է ի հայտ գա», - ասում է Գիորգի Գոգիան` «Human Rights
Watch»-ի հետազոտողը և զեկույցի հեղինակը: «Մի բան պարզ է. մարտի 1-ին
օրվա տարբեր ժամանակահատվածներում անվտանգության ուժերը
ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ ուժ են կիրառել»:
2008 թ. մարտի 1–ին Երևանի կենտրոնում ոստիկանությունը
ընդհարվեց ցուցարարների հետ, որոնք բողոքում էին նախագահական
ընտրությունների վիճարկված արդյունքների դեմ: Քաղաքի կենտրոնական տարբեր
հատվածներում և մի քանի միջադեպերի ընթացքում
ոստիկանությունը առանց նախազգուշացնելու կամ առանց դիմադրության
հանդիպելու հարձակվեց ցուցարարների վրա, բանակցեց, հետ քաշվեց,
վերադարձավ հարձակման, և ի վերջո թեժ մարտի մեջ մտավ ցուցարարների
մի փոքր խմբի հետ։ Զոհվեց առնվազն տաս մարդ` ութ ցուցարար և
ոստիկակության երկու ծառայող, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին։
Այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները հետաքննել,
դատապարտել և երբեմն թերացումներով ընթացող ու քաղաքական
դրդապատճառներով պայմանավորված դատավարություններում մեղավոր են
ճանաչել ընդդիմության տասնյակ անդամների ցույցը կազմակերպելու և բռնի
անկարգություններին մասնակցելու համար, նրանք իրավապահ մարմինների
ներկայացուցիչներից և ոչ մեկին մեղադրանք չեն ներկայացրել ոչ համաչափ
ուժի կիրառման համար։
Վարչապետ Սերժ Սարգսյանը 2008թ. փետրվարի 19-ի նախագահական
ընտրություններում հաղթող հայտարարվեց ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-
Պետրոսյանի նկատմամբ: Մի խումբ ցուցարարներ, պնդելով, որ Սարգսյանի
հաղթանակը ընտրակեղծիքների արդյունք է, ընտրություններից անմիջապես
հետո նախաձեռնեցին շարունակական բողոքի ցույց Երևանի Ազատության
հրապարակում` կազմակերպելով ամենօրյա հանրահավաքներ. ոմանք
գիշերում էին հրապարակում տեղադրված վրաններում:
«Human Rights Watch»-ի հետազոտությամբ պարզվում է, որ
ոստիկանությունը ոչ համաչափ ուժ է կիրառել մարտի 1-ի վաղ լուսաբացին
իրականացրած խուզարկության ժամանակ, որը հիմնավորվում էր
ցուցարարների մոտ զենքի առկայությունը ստուգելու անհրաժեշտությամբ:
Սրա արդյունքում Երևանի կենտրոնում` Ֆրանսիայի դեսպանատան առջև,
ավելի մեծ ցույց առաջացավ: Արդեն մինչև երեկո, երբ մայրաքաղաքի
փողոցներում ավելի մեծ և բռնություններով զուգորդված հակամարտություն
էր ծավալվում, պաշտոնից հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը 20-օրյա
արտակարգ դրություն հայտարարեց, որի ընթացքում արգելվում էին
հանրային հավաքներն ու գործադուլները, իսկ լրատվամիջոցների
ազատությունները` զգալիորեն սահմանափակվում։
«Հայաստանի իշխանությունների արձագանքը մարտիմեկյան
իրադարձություններին միակողմանի էր», - ասում է Գոգիան: «Այն փաստը, որ
ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ նույնպես ենթարկվել է հարձակման ոչ մի կերպ չի
արդարացնում նրանց կողմից ոչ համաչափ ուժի
կիրառումը»:
Զեկույցում փաստվում են նաև մարտի 1-ի դեպքերից հետո
կալանավորվածների հետ վատ վերաբերմունքը և պատշաճ դատավարության
այլ խախտումներ: «Human Rights Watch»-ը զրուցել է մարդկանց հետ, որոնց
ձերբակալության ընթացքում ծեծի էին ենթարկել, իսկ ոստիկանությունում
կալանքի ժամանակ հարվածել, անպատվել ու սպառնացել էին: Ոտնահարվել
էր մեր զրուցակից կալանավորների՝ իրենց գտնվելու մասին հարազատներին
տեղեկացնելու իրավունքը, ինչպես նաև մերժվել էր իրենց ընտրությամբ
իրավաբանի օգնություն ստանալու իրավունքը։
«Human Rights Watch»- ը հորդորում է կառավարությանը հետաքննել
մարտի 1-ի ընդհարումներում ոստիկանության ուժի կիրառումը`շեշտելով, որ
այդ օրվա յուրաքանչյուր ոստիկանական գործողություն պետք է առանձին
գնահատվի: Այնտեղ, որտեղ ապացույցներ կան, որ ուժի կիրառումը դուրս է
եկել օրինականության շրջանակներից, բոլոր օրինախախտները (այդ թվում և
նրանք, ովքեր հրամաններ են արձակել) պետք է հետապնդվեն դատական
կարգով: «Human Rights Watch»-ը պնդում է նաև, որ անհրաժեշտ է
հետաքննություն իրականացնել մարտիմեկյան իրադարձությունների
կապակցությամբ կալանավորվածների նկատմամբ վատ վերաբերմունքի
մասին բոլոր պնդումների վերաբերյալ` հանգեցնելով նաև բոլոր
պատասխանատուների հայտնաբերմանն ու հետապնդմանը:
«Human Rights Watch»-ի «Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին.
Հայաստանի 2008 թ–ի վիճարկված նախագահական ընտրությունները,
hետընտրական բռնությունները և միակողմանի պատասխանատվության
կանչելու քաղաքականությունը» վերնագրով զեկույցին ծանոթանալու համար
այցելեք` http://hrw.org/en/node/80935/
