ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը 2008-ին կրկնակի ավելացել է»
2008 թվականի ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 դեպք, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների ճնշման 16, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 14 դեպք: Այս տվյալները ներկայացրեց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը` ներկայացնելով կոմիտեի կազմած 2008 թվականի տարեկան զեկույցը:
«2008 թվականը ծանր փորձությունների ժամանակաշրջան էր Հայաստանի ԶԼՄ-ների համար: Տեղեկատվական ոլորտում վերջին վեց տարիների նկատմամբ հետընթացի միտումները հատկապես ուժեղացան նախագահական ընտրությունների ժամանակ»,- ասաց նա ու հավելեց, որ 2008 թվականը Հայաստանի անկախության 17 տարիների ընթացքում ամենածանրն էր:
Ըստ նրա, 2003 թվականի նախագահական ընտրությունների համեմատ` 2008-ին բռնությունների թիվը կրկնակի ավելացել է` 25-ը 48-ի դիմաց: Նրա խոսքով, մեծ չափերի է հասել գրաքննությունը, սակայն համեմատություն չեն արել, քանի որ այն ժամանակ (2003-ին) գրաքննություն չի եղել:
Զեկույցում բավականին մանրամասն ներկայացնելով 2008-ի փետրվար 19-ից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ կատարված բռնությունները, ինչպես նաև դեպքեր («Ազատություն» ռադիկոյանի հայկական ծառայության երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի, «Հետք» ինտերնետային կայքի խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանի հետ կապված բռնությունները), որոնք պետական մասշտաբի անդրադարձ են ունեցել` դատապարտվել են նախագահի, վարչապետի կողմից ու հանձնարարվել է անհապաղ բացահայտել հանցագործությունները, սակայն ոչ մեկը չի բացահայտվել, ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, չնայած, ըստ բանախոսի շատ դեպքերում իմացել են` ով է եղել հանցագործը:
Իսկ թե ինչով է պայմանավորված լրագրողների նկատմամբ բռնությունների աճը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց. «Մենք մեր բոլոր հետազոտություններում նշում ենք, որ քաղաքական իրավիճակի սրման պարագայում ավելանում են նաև ճնշումները լրատվամիջոցների վրա։ Ինձ թվում է, որ անհանդուրժողականությունը քաղաքական ոլորտից մտնում է հասարակության մեջ։ Այդ անհանդուրժողականությունն է աճել»:
