ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինչքանով են պաշտպանված անձի աշխատանքային իրավունքները մեր օրերում
Հասմիկ Օհնիկյան, իրավաբան,
«Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ
Ցանկացած իրավական և ժողովրդավարական պետություն որպես բարձրագույն արժեք դիտում է
մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Մարդու իրավունքների
պաշտպանության հարցը գրեթե ամեն օր բարձրաձայնվում է զանգվածային լրատվական
միջոցներով, ստեղծվում են դրանց պաշտպանությունը երաշխավորող զանազան պետական և ոչ
պետական կառույցներ, կատարվում մի շարք օրենսդրական բարեփոխումներ, մշակվում մարդու
իրավունքների պաշտպանության կամ արդեն խախտված իրավունքների վերականգնման առավել
գործուն ուղիներ: Այսքանով հանդերձ հարց է առաջանում` ինչքանով է այսօր մարդն
ապահովագրված իր իրավունքներն այլոց կողմից խատվելուց կամ ոտնահարվելուց: Այս և
մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք այլ հարցերի պատասխաններն է
փորձել պարզել «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը`
ուսումնասիրելով իր և հանրապետությունում առկա այլ իրավապաշտպան
կազմակերպությունների աշխատանքի արդյունքում ձևավորված տվյալները` ստեղծելով
հանրապետությունում առավել հաճախ խախտվող իրավունքների մասին մոտավոր
վիճակագրություն:
Տվյալների արդյունքում պարզ է դառնում, որ մեր օրերում հաճախ են խախտվում
աշխատողների իրավունքները: Որո՞նք են դրանց պատճառները. աշխատողների` օրենքների
մասին անտեղյակությունը, աշխատանքային օրենսդրության անկատար լինելը, թե՞ այլ
գործոններ:
Իրավախախտում ծնող պատճառները: Իրավախախտումներ և իրավունքների ոտնահարումներ ծնող
հիմնական պատճառը մարդկանց իրավագիտակցության ցածր մակարդակն է (գործող օրենքների
մասին տեղեկացված չլինելը): Ինչի՞ կարող է հանգեցնել օրենքների չիմացությունը: Նախ,
այն թույլ չի տալիս աշխատողին իրականացնելու օրենսդրությամբ իրեն վերապահված
իրավունքները ողջ ծավալով: Սեփական իրավունքների չիմացությունը բերում է գործատուի
կողմից չարաշահումների, մասնավորոպես խախտվում են անձի` օրենքով նախատեսված
հանգստի, պատշաճ վարձատրության և այլ կարևորագույն աշխատանքային իրավունքներ:
Օրենքներից անտեղյակությունը կարող է հանգեցնել նաև աշխատողի կողմից իր
պարտականությունները հստակ չիմանալուն, ինչը բնականաբար աշխատողի համար կառաջացնի
անբարենպաստ հետևանքներ: Մինչդեռ օրենքի չիմացությունը չի ազատում անձին
պատասխանատվությունից:
Ցածր իրավագիտակցությունը նաև թույլ չի տալիս գիտակցել իր իրավունքների խախտված
լինելու փաստը, արգելք է հանդիսանում դրանց վերականգնման ուղղությամբ միջոցներ
ձեռնարկելուն: Մինչդեռ, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 30-ը սահմանում է
հայցային վաղեմություն, որը ընդհանուր կանոնի համաձայն մեկ ամիս է: Սա նշանակում է,
որ այն դեպքում, երբ օրենքի չիմացության պատճառով անձը չի զբաղվում իր խախտված
իրավունքների վերականգնման հարցով, և բաց է թողնում օրենքով նախատեսված հայցային
վաղեմության ժամկետը, զրկվում է այն դատական կարգով պաշտպանելու իրավունքից:
Շատ աշխատողներ էլ, որոնց իրավունքները խախտված են, խուսափում են դիմել դատական
պաշտպանության` թերահավատության, ավելորդ քաշքշուկից խուսապելու, կամ այլ անձնական
պատճառներով: Քաղքացիներից մեկը, որի իրավունքը կոպիտ ձևով խախտվել էր գործատուի
կողմից և կային բոլոր հիմքերը խախտված իրավունքները դատական կարգով վերականգնելու
համար, խուսափում էր բարձրաձայնել դրա մասին, քանի որ իր դուստրը ևս աշխատում էր
այդ նույն կազմակերպությունում և մտահոգություն կար, որ իր իրավունքների
վերականգնումը կարող էր հանգեցնել իր դստերն աշխատանքից անհիմն հեռացնելուն: Իսկ
արդյո՞ք աշխատողը պաշտպանված է նման կամայականություններից: Վերջին ժամանակներում
հատկապես նկատելի է մայրաքաղաքում և մարզերում տեղի ունեցող աշխատողների
զանգվածային ազատումների դեպքերի թվի աճ:
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքի 113 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը թույլ է տալիս
գործատուին արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի
կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ
պայմանավորված` աշխատանքից հեռացնել աշխատողներին: Սակայն հարց է առաջանում, թե ինչ
հիմքերով պետք է կատարվի հեռացվող աշխատողների ընտրությունը: Արդյո՞ք գործատուն
պարտավոր է հիմնավորել իր ընտրությունը կամ արդյո՞ք փորձառու աշխատողը չի կարող մի
օր հայտնվել աշխատանքից հեռացվող անձանց ցուցակում գործատուի սուբյեկտիվ
վերաբերմունքի կամ անձնական գործոնների պատճառով: Ոչ մի աշխատող ապահովագրված չէ
կամայականորեն մի օր աշխատանքից ազատվելու վտանգից, հատկապես, եթե հաշվի առնենք ՀՀ
Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի առկայությունը, որը
իրավունք է վերապահում գործատուին սեփական նախաձեռնությամբ լուծելու աշխատողի հետ
ժամկետային կամ անորոշ ժամկետով կնքած պայմանագիրը` աշխատողի նկատմամբ
վստահությունը կորցնելու պատճառով: Իսկ այդ պարագայում ինչպե՞ս վարվի սուբյեկտիվ
կամ անձնական նկատառումներով աշխատանքից հեռացված աշխատողը, եթե գործատուն որպես
հիմք վկայակոչում է աշխ. օր-ի նշված հոդվածի նշված կետը: Աշխատողն, իհարկե, կարող է
դիմել դատարան` իր խախտված իրավունքները վերականգնելու հայցով: Իսկ արդյո՞ք կարող է
ապացուցել դատարանին, որ գործատուի` իր նկատմամբ «վստահության կորուստը» անհիմն է:
Ուրեմն` աշխ. օր-ի նշված նորմը հղի է կամայականություններ ստեղծելու և հետևաբար
ինչ-ինչ պատճառներով գործատուի համակրանքը չշահած բարեխիղճ աշխատողներին աշխատանքից
անհիմն ազատելու վտանգով:
Ինչպես տեսնում ենք, օրենսդրական բացերը նույնպես հանգեցնում են աշխատողների
իրավունքների ոտնահարմանը և միաժամանակ խոչընդոտում քաղաքացիների խախտված
իրավունքների վերականգնմանը: Սակայն ինչքան էլ որ կատարյալ լինեն օրենքները,
աշխատողի իրավունքները չեն կարող բացառապես պաշտպանված լինել, եթե աշխատողն ինքը
դրան չձգտի: Մեր օրերում մարդիկ հաճախ կարևորություն չեն տալիս իրենց
հարաբերություններին իրավական կարգավորում տալու հարցին և դա հաճախ կատարվում է նաև
աշխատանքային հարաբերություններում, երբ գործատուները, խուսափելով լրացուցիչ
հարկային պարտավորությունից, աշխատողին առաջարկում են կատարել փաստացի աշխատանք և
վճարվել դրա համար` առանց համապատասխան աշխատանքային պայմանագիր կնքելու և
աշխատանքային գրքույկ վարելու: Աշխատողները, ինչպես վկայում են մեր կողմից կատարված
հարցումները և այս կապակցությամբ արված ուսումնասիրությունները, բացասական
վերաբերմունք չունեն նշված պայմաններով աշխատելու հարցին: Իսկ ի՞նչ անբարենպաստ
հետևանքներ է այն առաջացնում աշխատողի համար: Նախ, աշխատողը զրկվում է իր խախտված
իրավունքները դատական կարգով վերականգնելու հնարավորությունից: Երրկրորդ,
աշխատանքային գրքույկ չվարելը և համապատասխան սոցիալական վճարումներ չկատարելը
անցանկալի հետևանքներ է առաջացնելու տվյալ անձի համար հետագայում` կենսաթոշակ
ստանալու ժամանակ: Երրորդ, նման «անօրինական գործարքները» գործատուի մոտ առաջացնում
է ոչ միայն տվյալ աշխատողի, այլև առհասարակ «աշխատող» կատեգորիայի նկատմամբ անլուրջ
և ոչ հարգալից վերաբերմունք:
Կանխե’նք մեր իրավունքները այլոց կողմից ոտնահարվելուց: Մեր օրերում իրավական
տեղեկատվական նյութերը հանրամատչելի են և հասանելի ցանկացած քաղաքացու: Ազգային
ժողովի, Կառավարության պաշտոնական կայքերում քաղաքացինեը կարող են գտնել իրենց
հետաքրքրող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, դրանց մեկնաբանման հարցում
դժվարանալու դեպքում դիմել համապատասխան պետական կամ ոչ պետական իրավապաշտպան
կազմակերպություններին` ստանալով իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները:
Օրենքներին ծանոթանալուն որոշակի ժամանակ տրամադրելը մեզ հետագայում կազատի մեր
ոտնահարված իրավունքները պաշտպանելու հետ կապված ավելորդ գլխացավանքներից և ամիսներ
տևող քաշքշուկներից: Չմոռանանք, որ պատշաճ ձևով կնքված աշխատանքային պայմանագրի
առկայությունը մեր խախտված իրավունքների վերականգնման ամենակարևոր երաշխիքն է:
