Բաց նամակ ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը
բաց նամակ է ուղղել
 ՀՀ Պաշտպանության Նախարար
Սեյրան Օհանյանին զորակոչիկ Արմեն Ներսիսյանի իրավունքների
պաշտպանության վերաբերյալ

Հարգելի պարոն նախարար,

2008 թ-ի դեկտեմբերի 16-ին մեր կազմակերպությունը դիմել էր Ձեզ՝ հայտնելով, որ
զորակոչիկ Արմեն Ներսիսյանը տառապում է սուր գլխացավով, ունենում է քթի հաճախակի
արյունահոսություն, ոտքերի շուտ հոգնելու հետևանքով չի կարողանում երկար քայլել,
ունի նաև մեջքի և պարանոցի շրջանում ցավեր: Նա ստացել է □Դիսկոգեն ռադիկալապատիա,
մշտական ցավային սինդրոմով□ ախտորոշումը թաղային բժշկի կողմից, որը հետագայում
հաստատվել է հանրապետական բուժզննության ժամանակ: Արմեն Ներսիսյանն ունի սուր
ողնաշարային ցավեր, որոնք նշված չեն ախտորոշման մեջ, հաշվի չեն առնվել տեղական
բուժզննման ժամանակ, սակայն հաստատվել է անկախ բժիշկ-փորձագետի կողմից, և
զորակոչիկը կարիք ունի բուժման:

2008 թ.-ի դեկտեմբերի 19-ին զորակոչիկ Արմեն Ներսիսյանը ներկայացել է բուժզննության,
որտեղ որոշվել է, որ զորակոչիկը պիտանի է ծառայության, և նրա բողոքները իր
առողջության վերաբերյալ հաշվի չէին առնվել: Նրան նույնիսկ չի տրամադրվել
բուժզննության արդյունքները:

2008 թ.-ի դեկտեմբերի 22-ին մենք վերստին դիմել էինք Ձեզ՝ խնդրելով աջակցել Արմեն
Ներսիսյանի իրավունքների պաշտպանության հարցում և տրամադրել տարկետում՝ բուժման
նպատակով:

2009 թ-ի հունվարի 8-ին քաղաքացի Թամարա Մարտիրոսյանը կրկին մեզ է դիմել, որի որդին՝
Արմեն Ներսիսյանը, այժմ ծառայում է Սիսիանի 60913 զորամասում:

Նա զորակոչվել է ՀՀ զինված ուժերում զինծառայության 2008 թ-ի դեկտեմբերի 22-ին՝
չնայած նրա բազմաթիվ առողջական խնդիրների:

Նույնիսկ զորակոչի օրը՝ դեկտեմբերի 22-ին, Արմեն Ներսիսյանը ողնաշարային սուր ցավեր
և ջերմություն է ունեցել: Հասնելով Սիսիանի 60913 զորամաս՝ նրա առողջական խնդիրներն
ավելի են վատթարացել /ոտքերի նյարդերը ձգվել են, քայլել չի կարողացել, իսկ
ջերմությունը բարձրացել է մինչև 39o և ավելին/: Նա դիմել է բուժկետ և այնտեղ պառկել
2 օր: Նույն վիճակով դուրս է գրվել այն պատճառաբանությամբ, որ ավելին իրավունք չեն
ունեցել պահել:

Մինչ օրս Արմեն Ներսիսյանը գտնվում է նույն վիճակում, չի կարողանում քայլել, սակայն
ամեն օր ստիպված է մասնակցել շարային վարժություններին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կրկին դիմում եմ Ձեզ հրապարակավ՝ աջակցելու Արմեն
Ներսիսյանի իրավունքների պաշտպանության հարցում, այլապես նրա վիճակի հետագա
վատթարացման ողջ պատասխանատվությունը կընկնի ՀՀ Պաշտպանության Նախարարության վրա:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ կազմակերպության նախագահ


Արթուր Սաքունց