ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հասարակական Դիտորդների Խումբը հրատապ հաշվետվություն ներկայացրեց խոշտանգման դեպքերի վերաբերյալ
Դեկտեմբերի 25–ին «Նուբարաշեն» և «Հիվանդանոց դատապարտյալների համար» ՔԿՀ–ներ այցելություն կատարելուց հետո՝ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական
հիմնարկներում Հասարակական դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար պարոն Գ. Դանիելյանին։
Ստորեւ ներկայացնում ենք Դիտորդական խմբի հաշվետվության
տեքստը ամբողջությամբ, ինչպես նաեւ Արդարադատության Նախարարության
պատասխանը.
Երևան
25.12.2008թ.
ՀՀ Արդարադատություն նախարար
պարոն Գ. Դանիելյանին
ՀՐԱՏԱՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի դեկտեմբերի 23 և 24–ին Հասարակական դիտորդների խմբի անդամներ
Ա.Դանիելյանը, Ա.Սաքունցը, Է.Մարուքյանը, Ա.Իշխանյանը, Լ.Հարությունյանը,
Մ.Բաղդասարյանը, Մ.Արամյանը այցելել են «Նուբարաշեն» և «Հիվանդանոց դատապարտյալների
համար» ՔԿՀ–ները։ Այցելության ընթացքում պարզվել է, որ ս.թ. դեկտեմբերի 23–ին «Նուբարաշեն»
ՔԿՀ–ում Քրեակատարողական Վարչության արագ արձագանքման խմբի կողմից իրականացվել է
միջոցառում՝ խուզարկություն։ Ուսումնասիրելով իրավիճակը պարզվել է, որ
խուզարկության ընթացքում տարբեր խցերում գրանցվել են միջադեպեր, որոնց գերակշիռ
մասը դատապարտյալների պնդմամբ կապված է եղել իրենց արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունքի հետ՝ ապտակներ, վիրավորանքներ, քաշքշուկ, մասնավորապես 06
մասնաշենքում խուզարկության ժամանակ, այն խցում, ուր պահվում է Գրիգոր Ոսկերչյանը,
խուզարկության ավարտից հետո, ըստ Գ.Ոսկերչյանի, խուզարկություն իրականացնողներից
մեկը նրան հարցրել է, թե ի՞նչ մեղադրանքով է նա կալանված։ Լսելով, որ նա դատվում է
ՀՀ քր.օրենսգրքի 300 հոդվածով և կալանված է մարտի 1–ի դեպքերով, ապտակել և հարվածել
է ոտքին։
Հիմնական միջադեպը տեղի է ունեցել 3 մասնաշենքի 36 խցում, ուր պահվում էին 13
դատապարտյալ։ Ըստ տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների, խուզարկության
ընթացքում տեղի է ունեցել ընդհարում, որի արդյունքում վնասվածք է ստացել
Քրեակատարողական Վարչության արագ արձագանքման խմբի ղեկավար Զորիկ Արզումանյանը։
Դրանից հետո խցի բոլոր դատապարտյալների նկատմամբ տևական ժամանակ կիրառվել է
բռնութուն։ Արդյունքում, ըստ մեր դիտարկումների, մարմնական տարբեր վնասվածքներ են
ստացել խցի բոլոր դատապարտյալները։ Խմբի անդամների կողմից արձանագրվել են՝ քթի
կոտրվածքի դեպքեր, սալջարդեր, կապտուկներ մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, գլխին,
մեջքին, ոտքերին, ձեռքերին, բռնության ենթարկվածները դժվարությանմբ էին
տեղաշարժվում։
Նշված դիտարկումները թույլ են տալիս խմբին եզրակացնել, որ տեղի է ունեցել ուժի
կիրառման համաչափության կոպիտ խախտում, պաշտոնական դիրքի չարաշահում։ Հաշվի առնելով
գործողության տևականությունը և մասսայականությունը գտնում ենք, որ կատարվածը կարելի
է բնութագրել որպես խոշտանգում, որը կրել է պատժիչ բնույթ։
ՀՀ ԱՆ ՔԿՀ Հասարակական
Դիտորդների Խմբի նախագահ՝ Ա.Դանիելյան
[url=http://www.hra.am/img/JusticeM-answer.jpg target=_blank]Արդարադատության Նախարարության պատասխանը ՀՀ ԱՆ ՔԿՀ Հասարակական Դիտորդների Խմբի Հրատապ հաշվետվության[/url]
