ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանն ընտրել է «Օմբուդսմեն+» ճանապարհը
Նոյեմբերի 25-ին եւ 26-ին Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը ԵԱՀԿ անդամ երկրներում. Ինչպես աշխատեցնել» թեմայով միջազգային սեմինար, որին մոտ 20 երկրների եւ 5 միջազգային կազմակերպությունների շարքում մասնակցել է նաեւ Հայաստանի հանրապետությունը:
Հավաքը նախաձեռնել էին ԵԱՀԿ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը եւ Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի իրավաբական ֆակուլտետը: Քննարկմանը մասնակցել են խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի եւ խոշտանգումերի կանխարգելման կոմիտեի ղեկավարներ, տարբեր երկրների կառավարության անդամներ, օմբուդսմեններ: Մեր ներկայացուցիչներն են եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի քրեակատարողական բաժնի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը, ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների վարչության պետ Արթուր Հովհաննիսյանը, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակից` Սիլվիա Պոգոլշան, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդական խմբի անդամ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը:
Մեզ հետ զրույցում Արման Դանիելյանը տեղեկացրեց, որ քննարկումների համար մասնակիցները բաժանվել են երկու աշխատանքային խմբի` օմբուդսմենը որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ եւ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքի մեթոդիկան: Հայաստանը մասնակցել է առաջին խմբին աշխատանքներին: Հայաստանում այս տարվա գարնանից ԱԺ որոշմամբ օմբուդսմենն է խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմը:
Սակայն Օմբուդսմենը եւ մի շարք իրավապաշտպան ՀԿ–ներ քննարկել եւ համաձայնության են եկել, որ արդյունավետ կլինի օգտագործել «Օմբուդսմեն+» տարբերակը, որը ենթադրում է Օմբուդսմենի եւ հասարակական կազմեկերպությունների համատեղ գործունեությունը որպես կանխարգելման մեխանիզմ։ Պրահայում Արման Դանիելյանը ներկայացրել է Հայաստանի փորձը: Իրենց փորձով կիսվել են Մոլդովան, Վրաստանը, Սլովենիան:
«Ես ավելի մանրամասն խոսել եմ մեր` հասարակական դիտորդական խմբի մասին, դիտելով այն խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի փոքրիկ մոդել: Եթե սրան միացնենք օմբուդսմենին` կունենանք «Օբուդսմեն+» տարբերակը: Սրանց միացման արդյունքում կչեզոքացնենք երկուսի թույլ կողմերը», հայտարարեց Արման Դանիելյանը: Նրա խոսքով, հասարակական դիտորդական խմբերի մարդկային ռեսուրսներով`կամավորներով կարելի է լրացնել օմբուդսմենի գրասենյակի կադրային պակասը: Մյուս կողմից օմբուդսմենի գրասենյակի վարչակազմը կարող է համակարգել ՀԿ-ների աշխատանքները: Արման Դանիելյանը ասաց, որ Հայաստանը առաջարկում է խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի ձեւավորման հետեւյալ սկզբունքները. մարդու իրավունքների պաշտպանին կից ձեւավորել խոշտանգումների կանխարգելման խորհուրդ, որի կազմում են օմբուդսմենը եւ իրավապաշտպան ՀԿ-ները, խորհուրդը կաշխատի հասարակական հիմունքներով, առանց խոչընդոտների կայցելի կալանավայրեր եւ քրեակատարողական հիմնարկներ, կհրապարակի զեկույցներ:
Հավաքը ավելի շատ գիտական էր, յուրաքանչյուր մասնակից առաջարկում էր խնդիրների լուծման սեփական դեղատոմսը: Կարեւոր էր եւ ուսանելի տեղեկանալ այլոց փորձին: Մասնակիցները կարող են խոշտանգումների կանխարգելման առաջարկված մեխանիզմներից ընտրել իրենց երկրին ամենահարմար եւ ամենահարիր փորձը։
Իսկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Սիլվիա Պոգոլշան նշեց, որ թեեւ Խոշտանգումների կանխարգելման կոնվեցիան եւ կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով են ընդունվել, սակայն այս խնդիրները առաջնահերթություն են հանդիսանում նաև ԵԱՀԿ-ի համար: ԵԱՀԿ շրջանակներում ընդունված ավելի քան 25 փաստաթղթերից հինգում անմիջականորեն նշվում է խոշտանգումների կանխարգերման խնդիրը։
«Հանդիպումը առաջինը չէր եւ հուսով ենք վերջինը չի լինի։ Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայի կամընտրի արձանագրությամբ նախատեսված ազգային կանխարգելիչ մեխանիզմի ստեղծման հարցի լուծման ուղղությամբ մի շարք երկրներ դեռ փնտրտուքի մեջ են և կան երկրներ, ինչպես օրինակ Ադրբեջանը կամ Ուկրաինան, որոնք դեռ չեն վավերացրել այս Կամընտիր արձանագրությունը։ Իսկ Հայաստանում ինչպես արձանագրության վավերացմանը նախորդած, այնպես էլ վավերացումից հետո գործընթացը ճիշտ է զարգանում։ Գործընթացին ներգրավված էին եւ են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պետական կառույցներ եւ միջազգային կազմակերպություններ։ Հայաստանը կարող է օրինակ լինել այլ երկրների համար», ընդգծեց տիկին Պոգոլշան։
Միակ մտահոգիչ խնդիրը, ըստ ԵԱՀԿ ներկայացուցչի այն է, որ այս ազգային կանխարգելիչ մեխանիզմի գործունեությանն ուղղված աշխատանքները մի քիչ դանդաղել են։ Իսկ վերջնական նպատակը գործուն մեխանիզմի առկայությունն է, որն երկրի բոլոր քաղաքացիներին վստահություն կներշնչի, որ նրանք խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի չեն ենթարկվի։
