ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Միացում» ազգային նախաձեռնության ծանուցումը
Այսօր «Միացում» ազգային նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փոխանցել մի փաստաթուղթ-ծանուցում` «Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների քաղաքական եւ իրավական հետեւանքների վերաբերյալ»: Դրանում ասվում է.
Գիտակցելով Հայաստանի ազատագրված տարածքի ռազմաքաղաքական, տնտեսական և պատմաիրավական բացառիկ կենսական նշանակությունը Հայոց պետականության գոյատևման և ամրապնդման համար,
Հաշվի առնելով, որ 1991-1994 թթ. արցախյան ազատամարտի արդյունքում ստեղծված Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) համապետական անվտանգության ողջ համակարգը խարսխված է ռազմաքաղաքական և տարածքային այժմյա իրողությունների հիման վրա,
Քաջ գիտակցելով, որ տարածքային նվազագույն զիջումն իսկ հանգեցնելու է հրադադարի բուն և միակ երաշխիքը հանդիսացող ներկայիս ռազմաքաղաքական անվտանգության համակարգի ամբողջական փլուզմանը և Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) պաշտպանունակության վերացմանը,
Ակներևաբար համոզված լինելով, որ Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջականության խախտումը հանգեցնելու է համընդհանուր բարոյալքմանը, տնտեսական ինքնաբավության և անվտանգության վերացմանը և, որպես հետևանք` Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) զգալի հատվածի շուտափույթ և անդառնալի հայաթափությանը,
Արձանագրելով, որ հայրենի տարածքների զիջման դիմաց Հայաստանին (ՀՀ, ԼՂՀ) խոստացված միջազգային ցանկացած մակարդակի և կարգի երաշխիքներն ի զորու չեն լինի կանխել Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման անխուսափելիությունը,
Փաստելով, որ Հայաստանի ազատագրված տարածքի նվազագույն իսկ հատվածի զիջման և, որպես հետևանք` երկրի անվտանգության համակարգի քայքայման և պաշտպանունակության կորստյան պարագայում Հայաստանն ընդմիշտ կորցնելու է տարածաշրջանային ինքնուրույն գործոն և ռազմավարական գործընկեր դառնալու բոլոր հնարավորությունները,
Գիտակցելով, որ Հայաստանի ազատագրված տարածքի որևէ հատվածի հանձնումից բխող վերáնշյալ հետևանքների կործանարար համապարփակ բնույթը հանգեցնելու է պետության գոյատևման հիմնասյուների ամբողջական խարխլմանը և Հայոց պետականության հեռանկարային վախճանին,
Ի նկատի ունենալով, որ արցախյան գոյամարտի տարիներին ազատագրված ողջ տարածքը սահմանադրորեն ամրագրված է որպես ԼՂՀ տարածքային ամբողջականության բաղկացուցիչ,
«Միացում» ազգային նախաձեռնությունը զգուշացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին, որ Հայաստանի ազատագրված տարածքի որևէ հատվածի ենթադրվող հանձնումը` Հայոց պետականության հիմքերը քայքայելուն միտված ծանրագույն պետական հանցագործությունն է և` Հայաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ անհանդուրժելի ոտնձգություն: Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ցանկացած նկրտում հարուցում է որոշում ընդունողների և այն գործադրողների պատմական, բարոյական և քրեաիրավական համընդհանուր պատասխանատվություն`որպես հայության բոլոր հատվածների նկատմամբ գործած ծանրագույն հանցանք և քստմնելի դավաճանություն:
«Միացում» ազգային նախաձեռնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Հայաստանի ազատագրված տարածքի նկատմամբ պետականակործան զիջումներին ընդառաջ գնալու բանակցային քաղաքականությունը, արագ և վճռական քայլեր ձեռնարկել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը միջազգային իրավունքով վերապահված ԼՂՀ սահմանադրական ողջ տարածքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ:
«ՄԻԱՑՈՒՄ» ազգային նախաձեռնություն
