Մեղադրող եվ դատապարտող հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



2008 թ. նոյեմբերի 17-ի երեկոյան Երեւանում հարձակման եւ ծեծի է ենթարկվել
Հետաքննող լրագրողներ ՀԿ նախագահ եւ Հետք էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ
Բաղդասարյանը: Լրագրողը ստացել է ուղեղի ցնցում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական
կենտրոնում նրա գլխին մի քանի կար են դրել:



Էդիկ Բաղդասարյանին նախկինում էլ սպառնացել են, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ
այս հարձակումն անմիջական կապ ունի նրա մասնագիտական գործունեության հետ:



Արդեն որերորդ դեպքն է, որ լրագրողները ենթարկվում են ստոր հաշվեհարդարի,
իշխանությունները հավաստիացնում են, թե ամեն ինչ անելու են չարագործներին
հայտնաբերելու համար, սակայն հանցագործությունները մնում են չբացահայտված,
կատարողներն ու կազմակերպիչները` անպատիժ: Եվ այդ անպատժելիությունը արձակում է
նրանց ձեռքերը, ովքեր կցանկանային լռեցնել ազատ խոսքը:



Մենք դատապարտում ենք այս բռնարարքը եւ կոչ ենք անում իշխանություններին` հերթական
անգամ սին խոստումներ տալու փոխարեն բացահայտել հանցագործությունն ու պատժել
մեղավորներին:



Երեւանի մամուլի ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Մամուլի աջակցության Ինտերնյուս ՀԿ

Հայաստանի ժուռնալիստների միություն

ԹԻՄ հետազոտությունների կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան ՀԿ

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Հետաքննական լրագրության Scoop դանիական կազմակերպության հայաստանյան
ներկայացուցչություն

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա։


 

«Արցախյան «Դեմո» հանրային թերթի խմբագրակազմի անունից դատապարտում ենք Հետք
էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ ղեկավար Էդիկ
Բաղդասարյանի վրա հարձակումը եւ զորակցում լրագրողին:

Միեւնույն ժամանակ առանձնակի ընդգծում ենք անաչառ ու օպերատիվ հետաքննության
անցկացման անհրաժեշտությունը, այլապես լրագրողների նկատմամբ ապօրինի պատժամիջոցների
կիրառումը սպառնում է ավանդույթ դառնալ»:



Գեղամ Բաղդասարյան

«Դեմո» թերթի գլխավոր խմբագիր





Հայաստանի կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը դատապարտում է «Հետք»
ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հանդեպ կատարված բռնարարքը:
Էդիկ Բաղդասարյանը հայտնի է իր մեր իրականության տարբեր բնագավառների` հատկապես
բնապահպանության ոլորտում կատարվող անօրինականությունների անկաշառ և հետևողական
մրկացումներով:



Հերթական այս բռնարարքը լրագրողի և քաղաքացու նկատմամբ ցույց է տալիս, որ ազատ
խոսքի հետապնդումը Հայաստանում կրում է համակարգային բնույթ:



Կարծում ենք, որ նրա նկատմամբ իրականացված բռնարարքը կապված է նրա մասնագիտական
գործունեության և քաղաքացիական անկախ դիրքորոշման հետ:



Հույս ենք հայտնում, որ քրեական հանցագործ տարրերը հերթական անգամ չեն մնա անպատիժ։





ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը



Երեկ` նոյեմբերի 17- ին ժամը 20-ի սահմանում, 3 անհայտ անձանց կողմից հարձակման է
ենթարկվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ եւ «Հետք» ինտերնետային թերթի
խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Տարիներ շարունակ ականատես ենք լինում լրագրողների նկատմամբ բռնությունների,
ինչի կապակցությամբ բազմիցս կոչ եմ արել իրավապահ մարմիններին առավել հետևողական
լինել մեղավորներին բացահայտելու գործում, սակայն նրանք մինչ օրս չեն բացահայտվել:
Այս երևույթները իրենց մեջ պարունակում են ծայրահեղ վտանգավոր միտում և լուրջ
սպառնալիք են հանդիսանում երկրում խոսքի ազատության կայացման համար:

Եվս մեկ անգամ կոչ եմ անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ
միջոցառումները մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու
ուղղությամբ: Հակառակ դեպքում, կարծում եմ, ճիշտ կլինի, որպեսզի ոստիկանության
վերադասության կողմից քննարկվի օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնող
մարմիններում զբաղեցրած պաշտոնյաների կոմպետենտության հարցը:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը


Բռնությունը չի հաղթի

2008թ. նոյեմբերի 17-ին հերթական ավազակային և նենգ հարձակումը տեղի ունեցավ լրագրողի նկատմամբ:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ բռնությունը շարունակությունն է նմանատիպ բռնությունների շարքի, որը հետևողականորեն և նոր թափով իրականացվում է Հայաստանում 2008թ. օգոստոս ամսից: Է. Բաղդասարյանը հայտնի է իշխանության ամենատարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունները բացահայտող հետաքննական հրապարակումներով:

«Հետքի» գլխավոր խմբագիր Է. Բաղդասարյանի նկատմամբ հարձակումը վերստին ապացուցում է, որ Հայաստանում ընտրվել է սկզբունքային և հետևողական լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ թիրախային հարձակման տակտիկան:

Այն, որ բոլոր նման հարձակումները մնացել են չբացահայտված, ուղղակիորեն հանդիսանում է իշխանությունների կողմից գիտակցված անգործություն և մեկ նպատակ է հետապնդում՝ անպատժելիության և վախի մթնոլորտի ձևավորմամբ ոչնչացնել ազատ խոսքի և մարդու իրավունքների պաշտպանության վերջին կղզյակները:

Դատապարտելով իշխանությունների կանխամտածված անգործությունը՝ միաժամանակ հայտնում ենք. ազատ խոսքի իրավունքը, մարդու արժանապատվությունը հարգելու և պաշտպանելու մեր իրավունքը անսասան է, և բռնությունը չի հաղթի:

Հույս չունենաք: