ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Եկեք վստահենք փաստահավաք խմբին»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը խոսելով մարտի մեկի դեպքերի փաստահավաք խմբի մասին, ասաց, որ նման խումբ ձեւավորելու նախագահի կարգադրությունը Սահմանադրությանը համապատասխանության տեսակետից շատ խնդրահարույց է, կարգադրությունը կարելի էր ավելի պատշաճ մակարդակով մշակել, բայց լավ կլինի, եթե վստահենք խմբին:

ՀՀ Սահմանադրությունը, որի մշակողներից մեկն էլ Արմեն Հարությունյանն է ունի թերություն։ ՀՀ օրենքները, կառավարության որոշումները, նախագահի հրամանագրերը, սահմանադրական վերահսկողության տակ են օրենքները, նախագահի կարգադրությունները՝ ոչ: Արմեն Հարությունյանը կարծում է, սակայն որ իշխանությունը չի կարող չարաշահել այս թերությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը որոշակիորեն դրական է համարում, որ փաստահավաք խումբը ձեւավորվել է նախագահի կարգադրությամբ եւ ոչ՝ ԱԺ որոշմամբ։ Հարցերը կարգավորվում են օրենքներով եւ քաղաքական ավանդույթներով: Մեր երկրում քաղաքական ավանդույթ է. նախագահի ինստիտուտը ավելի ազդեցիկ է, պաշտոնյաները կդժվարանան չհամագործակցել նախագահի որոշմամբ ձեւավորված մարմնի հետ: Դժվար կլինի նաեւ խեղաթյուրել եզրակացությունները, քանի որ իշխանության ներկայացուցչի նման փորձին դեմ կլինեն ընդդիմության եւ ՄԻՊ ներկայացուցիչները, իսկ ընդդիմության նման փորձը կկանխեն իշխանության եւ ՄԻՊ ներկայացուցիչները:
Մարտի մեկի փաստահավաք խումբը աշխատելու է ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով: Արմեն Հարությունյանը կարծում է, որ ԶԼՄ-ները լավ կանեն, որ փաստահավաք խմբի անդամներին սեւացնելու փորձեր չանեն. «Հայաստանը լուրջ կարիք ունի կոնսոլիդացիայի, ինձ համար մարտի մեկի հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի հիմնական նպատակը հասարակության կոնսոլիդացիան է: Եթե մարտի մեկի սինդրոմը չհաղթահարենք, եթե մարդիկ մնան իրավունքների իրականացման տեսակետից չբավարված այդ էներգետիկան որեւէ տեղ չի գնա եւ մեծ ու փոքր մարտի մեկեր հնարավոր են նման հասարակությունում», հայտարարեց Արմեն Հարությունյանը:
Արմեն Հարությունյանը հանդիպել է «յոթի գործով» փաստաբաններին եւ տեղեկացրեց, որ գործում նոր իրավական ձեւակերպումներ կան, որոնք զավեշտալի են եւ որոնք չկան օրենքներում: Օրինակ գրված է` փաստացի սեփականատեր: Արմեն Հարությունյանը կոչ արեց դատարաններին եւ իրավապահներին զերծ մնալ նման անհեթեթություններից, որովհետեւ դրանք կարող են ազդել Հայաստանի հեղինակության վրա, եթե հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ միջազգային այլ կառույցներ: Արմեն Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հատուկ զեկույցներ է պատրաստում երեխայի իրավունքների, սեփականության իրավունքի, խոսքի ազատության եւ արդար դատաքննության վերաբերյալ:
