ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Լռությունը պատվաբեր չէ»
Amnesty International՝ Միջազգային համաներում, միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ 2007 եւ 2008 թվականներին Հայաստանում՝ Երեւան, Գյումրի եւ Մարտունի քաղաքներում, ուսումնասիրվել է ընտանեկան բռնությունը, դրա դեմ պայքարը եւ այսօր Երեւանում հրապարակվեց ուսումնասիրության արդյունքը՝ «Լռությունը պատվաբեր չէ. Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքար» զեկույցը։ Հարցվել են ինչպես կանայք, այնպես էլ ոստիկաններ, սոցիալական աշխատողներ։ Զեկույցի հեղինակների խոսքով, այս ուսումնասիրությունը դեռեւս 2004 թվականից աշխարհով մեկ անցկացվող «Վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավի շրջանակներում է։

Amnesty International կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի տնօրեն Նիկոլա Դաքվոթը եւ Հայաստանի հարցերով փորձագետ Լորենս Բրոերսը հայտարարեցին, որ իրենց տվյալներով միայն 2007 թվականին Հայաստանում ընտանեկան բռնության է ենթարկվել 1000 կին, ընդհանրապես Հայաստանում յուրաքանչյուր չորս կանանցից մեկը ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում ամուսնում կամ ընտանիքի այլ անդամի կողմից։ Սակայն շատ քչերն են դրա մասին բարձրաձայն խոսում, քանի որ մեզանում կանայք վախենում կամ ամաչում են, իսկ հասարակությունն ինքը խրախուսում է այդ հարցերում լռությունը, ընտանեկան բռնության մասին խոսելը համարվում է ընտանիք քայքայելու փորձ, լռելը՝ ընտանեկան բարեկեցությանն ուղղված քայլ։ «Հայաստանում ընտանեկան բռնությունը արգելված թեմա է, բայց այդ բռնությունների ողջ ցավը տանում են կանայք, լռության արդյունքում պետությունը ավելի մեծ ծախսեր է անում, կանանց առողջության պահպանման, կամ աշխատունակությունը կորցրած կանանց համար։ Ընտանեկան բռնությունը ընդունելի չէ, այն հնարավոր է դադարեցնել», հայտարարեցին բանախոսները։

Amnesty International միջազգային կազմակերպության ներկայացուցիչները նկատեցին, որ շատ օրենքներում կան կանանց նկատմամբ խտրական մոտեցումներ, ինչի արդյունքում մեծացել է տղամարդու իշխանությունը ոչ միայն կնոջ կյանքի, այլ նաեւ՝ մարմնի վրա։ Այս ամենը նկատի ունենալով էլ Amnesty International–ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում կատարել եվրոպական կառույցների առաջ ստանձնած պարտավորությունները՝ հարգել եւ պաշտպանել կանանց եւ աղջիկների իրավունքները։ Amnesty International–ը պարզել է, որ կանայք բռնության են ենթարկվում ինչպես հարուստ եւ զարգացած, ասենք ԱՄՆ, Իսպանիա, Ֆրանսիա եւ այլն, այլպես էլ աղքատ եւ զարգացող երկրներում՝ Թուրքիա, Հայաստանմ, Բելոռուս եւ այլն։
