ՏԻՄ ընտրություններ 2008. Ստացվել է 31 հաղորդում

ՀՀ դատախազությունը հրապարակել է տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրությունների ժամանակ ստացված հանցագործության կատարման
վերաբերյալ հաղորդումների ստուգման ուղղությամբ ոստիկանության
մարմինների իրականացրած աշխատանքների արդյունքները 2008 թվականի նոյեմբերի 1-ի
դրությամբ.

2008թ.-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրությունների կապակցությամբ ստացվել է հանցագործության կատարման
վերաբերյալ 31 հաղորդում, որոնցից 2-ով ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ
մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ստացված հաղորդումներից 11-ով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի կամ
հանցակազմի բացակայության հիմքով, իսկ 18-ով` նյութերի նախապատրաստումը
շարունակվում է:

Ներկայացնում ենք ստացված հաղորդումների ստուգման ուղղությամբ ոստիկանության
մարմինների իրականացրած աշխատանքների արդյունքները 2008 թվականի նոյեմբերի 1-ի
դրությամբ.

Կոտայքի մարզ.

1. 2008թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 12-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի համայնքի
ավագանու ընտրությունների ժամանակ, ավագանու թեկնածու` Արարատ Պալյանը մուտք է
գործել թիվ 26/10 ընտրական տեղամաս և ընտրական հանձնաժողովի աշխատանքները
խոչընդոտելու դիտավորությամբ վիճաբանության մեջ է մտել վերոհիշյալ տեղամասային
ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հակոբ Գալստյանի հետ, որի ընթացքում
բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական
գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է
քրեական գործ: Նախաքննությունն իրականացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության
վարույթում: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Պալյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական գործը 2008
թվականի նոյեմբերի 1-ին ուղարկվել է դատարան:

Տավուշի մարզ.



2. 19.10.2008թ. Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ Խաչիկ Մկրտումյանը
ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հայտարարություն է տվել, որ նույն օրը
Հարություն Մկրտումյանն իրեն տվել է 20 000 դրամ ընտրակաշառք` իր և իրենց ընտանիքի
մյուս անդամների կողմից ՏԻՄ ընտրությունների ժամանակ Արճիսի գյուղապետի թեկնածու
Լևոն Ալավերդյանի օգտին քվեարկելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում չի հիմնավորվել ընտրակաշառքի փաստը, պարզվել է,
որ Խ. Մկրտումյանը վերադարձրել է Արարատ Մկրտումյանի պարտքը: Խաչիկ Արարատի
Մկրտումյանը հոգեկան հիվանդ է և հաշվառված է հոգեբույժի մոտ:

23.10.2008թ. նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

3. 19.10.2008թ. Տավուշի մարզի Հաղարծին գյուղում անցկացվող ՏԻՄ ընտրությունների
ընթացքում Շահեն Մանուչարյանը, չենթարկվելով թիվ 41/02 ընտրական տեղամասի
հանձնաժողովի նախագահ Գոհար Թամանյանի օրինական պահանջներին, բռնություն է
գործադրել նրա նկատմամբ՝ ձեռքով դիտավորյալ հարվածելով դեմքին եւ խոչընդոտել
ընտրական հանձնաժողովի աշխատանքին: Նշված քաշքշուկի ընթացքում Շ.Մանուչարյանի հայրը`
Ռոբերտ Մանուչարյանը բռունցքով դիտավորյալ հարվածել է նույն գյուղի բնակիչ Աշոտ
Պողոսյանի գլխին:

Դեպքի առթիվ 19.10.2008թ. ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ
կետով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ
քննչական ծառայությունը:

4. 20.10.2008թ. Տավուշի մարզի դատախազությունում ստացվել է Բերդ քաղաքի համայնքի
ղեկավարի թեկնածու Հմայակ Ադամյանի դիմումը՝ 19.10.2008թ. տեղի ունեցած ՏԻՄ
ընտրությունների ընթացքում Վահագն Ծատուրյանի, Գոռ Աթոյանի և Արմեն Գրիգորյանի
կողմից Բերդ քաղաքի թիվ 41/2 և 41/4 ընտրական տեղամասեր մուտք գործելու և ընտրական
հանձնաժողովի անդամների աշխատանքներին խոչընդոտելու վերաբերյալ:

Դիմումի կապակցությամբ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում
նախապատրաստվում են նյութեր:

Սյունիքի մարզ.

5. 2008թ. հոկտեմբերի 22-ին, գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի թիվ 38/40-08
գրությամբ, Սյունիքի մարզի դատախազություն է ուղարկել թիվ 37 ընտրատարածքային
ընտրական հանձնաժողովում հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած Սիսիանի քաղաքապետի
ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ արձանագրված
խախտումների վերաբերյալ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հեռարձակած
հեռուստառեպորտաժի տեսասկավառակը:

Տեսասկավառակն ուղարկվել է Սիսիանի քննչական բաժանմունք` քվեարկության արդյունքների
վերահաշվարկի ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու
հանձնարարությամբ:

6. 2008թ. հոկտեմբերի 24-ին Սյունիքի մարզի դատախազությունից Գորիսի քննչական
բաժանմունք է ուղարկվել Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի բնակիչ Արայիկ Աղաբեկյանի
դիմումը, որ 2008թ. հոկտեմբերի 12-ին թիվ 37/1 ընտրատարածքի Վաղատուրի ընտրական
տեղամասում տեղի ունեցած ավագանու անդամների ընտրությունների ժամանակ տեղի են
ունեցել ընտրախախտումներ:

Դեպքի առթիվ Գորիսի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր`
բացատրություններ են վերցվել Արայիկ Աղաբեկյանից, ընտրական հանձնաժողովի նախագահ
Տիգրան Ասրյանից, տեղակալ Վարազդատ Խաչատրյանից, անդամներ Սարմեն Ներսեսյանից և
Սոկրատ Փիրոսյանից: Դիմումում մատնանշված հանգամանքները ստուգվում են:

Գեղարքունիքի մարզ.

7. 24.10.08թ.` ժամը 18.15-ին, Գեղարքունիքի մարզպետարանից ոստիկանության Սևանի
բաժնում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում ընտրակաշառք
է բաժանվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Գեղամավանի գործող գյուղապետ, միաժամանակ
գյուղապետի թեկնածու Մնացական Վարդանյանը բացատրություն է տվել, որ 24.10.08թ.`
ժամը 16-ի սահմաններում, տեղեկություն է ստացել, որ գյուղապետի մյուս թեկնածու,
Սևան քաղաքում ռադիոէլեկտրոնիկայի խանութի սեփականատեր Արամ Գրիգորյանը գյուղի
բնակիչ Սերժիկ Խաչատրյանին որպես ընտրակաշառք տվել է լվացքի մեքենա` ընտանիքի
անդամներով իրեն ընտրելու համար:

Մնացական Վարդանյանը հայտնել է նաև, որ կատարվածը ճշտելու համար իր մոտ է հրավիրել
Սերժիկ Խաչատրյանին, որը պարզաբանել է, թե լվացքի մեքենան իրականում գնել է 75.000
դրամով` Սևան քաղաքում: Գյուղապետը պահանջել է ներկայացնել վճարման անդորրագիրը,
սակայն Սերժիկ Խաչատրյանը պատասխանել է, որ գումարը դեռ չի վճարել:

Երբ Մնացական Վարդանյանը փորձել է ճշտել, թե նշվածն արդյոք ընտրակաշառք չի եղել,
Սերժիկ Խաչատրյանն առանց բացատրություն տալու հեռացել է: Դեպքի առթիվ
նախապատրաստվում են նյութեր:

8. 26.10.08թ.` ժամը 10.00-ին, ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում անհայտ անձից
ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի 23/01
ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել ընտրական հանձնաժողովի անդամների
միջև:

Ահազանգն ստանալուց հետո դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին ընտրական
հանձնաժողովի անդամները չեն թույլատրել մուտք գործել ընտրատեղամաս:

Նախնական տվյալներով՝ ըստ ընտրական հանձնաժողովի նախագահ Արգիշտի Վարդանյանի
բացատրության, 26.10.08թ.` ժամը 10.00-ի սահմաններում, ավագանու թեկնածուներից մեկը
(անձը ճշտվում է) ներս է մտել ընտրատեղամաս, որի կապակցությամբ ընտրական
հանձնաժողովի անդամներից մեկը (անձը ճշտվում է) վերջինիս դիտողություն է արել և
դուրս հրավիրել: Այդ կապակցությամբ ընտրատեղամասում մոտ 10-15 րոպե վիճաբանություն
է առաջացել, մարմնական վնասվածքներ ստացած անձինք չկան:

9. 26.10.08թ.` ժամը 23.30-ին, ոստիկանության Սևանի բաժնում անհայտ անձից ահազանգ է
ստացվել, որ Գեղամավան համայնքի նույն ընտրատեղամասում կրկին վիճաբանություն է տեղի
ունեցել ընտրական հանձնաժողովի անդամների միջև:

Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին ընտրական
հանձնաժողովի անդամները չեն թույլատրել մուտք գործել ընտրատեղամաս: Նախնական
տվյալներով պարզվել է, որ քվեաթերթիկների հաշվելու ժամանակ հայտնաբերվել է 25
քվեաթերթիկի պակասորդ, որի կապակցությամբ գյուղապետի թեկնածուներ Մնացական
Վարդանյանի և Արամ Գրիգորյանի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է առաջացել,
մարմնական վնասվածքներ ստացած անձինք չկան: Ընտրական հանձնաժողովի նախագահ Արգիշտի
Վարդանյանը հայտնել է նաև, որ կատարվածը նույն օրը ժամը 10.00-ի սահմաններում
ընտրատեղամասում տեղի ունեցած դեպքերով է պայմանավորված, այդ ընթացքում Արամ
Գրիգորյանի ներկայացուցիչները հափշտակել են 25 քվեաթերթիկ:

Հիշյալ 2 ահազանգերի վերաբերյալ նախապատրաստվող նյութերը միացվել են մեկ վարույթում,
նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների
արդյունքները ճանաչվել են անվավեր:

Լոռու մարզ

10. Հոկտեմբերի 19-ին՝ ժ. 15.45-ին, թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից
ստացվել է թիվ Ե-86 գրությունը, որ Չուխաջյան փողոցի 12Ա հասցեում տեղակայված թիվ
30/05 ընտրական տեղամասում, անձը չպարզված քաղաքացին, ներկայացնելով անձնագիր և
տեղեկանք, օգտվել է ընտրողների ցուցակում նշում կատարող հանձնաժողովի անդամի
անուշադրությունից, գրանցվել է ընտրողների ցուցակում և ստացել քվեաթերթիկներ:
Հանձնաժողովի անդամների կողմից պարզվել է, որ նշված քաղաքացու կողմից ներկայացված
հասցեն իրենց տեղամասի տարածքում գոյություն չունի, որից հետո ընտրողի մոտից
վերցվել են քվեաթերթիկները և մարվել, իսկ ընտրողը, օգտվելով ստեղծված խառը
իրավիճակից, լքել է ընտրատեղամասը: Ձեռնարկվում են միջոցառումներ քվեարկության փորձ
կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

11. Հոկտեմբերի 19-ին՝ ժ. 22.45-ին, թիվ 30 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովից
ստացվել է թիվ Ե-87 գրությունը, որ նույն օրը` ժամը 17.45-ի սահմաններում, Նարեկացի
փողոցի թիվ 43 հասցեում տեղակայված թիվ 30/47 ընտրական տեղամասում մի քաղաքացի,
ներկայացնելով անձնագիր, գրանցվել է ընտրացուցակում, ստացել քվեաթերթիկներ և
ընտրություն կատարելուց հետո մոտեցել հանձնաժողովի անդամին ու խնդրել օգնել թերթիկը
քվեատուփի մեջ գցել, որից հետո քաղաքապետի թեկնածու Էդվարդ Խլղաթյանի վստահված անձ
Աղուն Կարապետյանի պահանջով, քվեարկողից պահանջել են ցույց տալ անձնագիրը, սակայն
նա անձնագիրը չի ներկայացրել` պատճառաբանելով, որ քվեարկելուց հետո այն տվել է
ընկերոջը: Ձեռնարկվում են միջոցառումներ քվեարկող քաղաքացու անձը պարզելու և նրան
հայտնաբերելու ուղղությամբ:

Կենտրոն համայնք

2008թ. սեպտեմբերի 28-ին Ա1+ ինտերնետային կայքում տեղադրվել են հետևյալ
հաղորդումները` Կենտրոն համայքնի ղեկավարի ընտրությունների ընթացքում թույլ տրված
իրավախախտումների վերաբերյալ:

12. Հաղորդում է ստացվել, որ թիվ 10/06, 10/07 և 10/52 ընտրատեղամասերում վստահված
անձանց հեռացնում են ընտրատեղամասերից: 28.09.2008թ. հաղորդումն ուղարկվել է
ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ
հոդվածների պահանջներով ընթացքը լուծելու համար: Նյութերի նախապատրաստման ընթացքում
հաղորդման մեջ նշված փաստարկները չեն հիմնավորվել և 13.10.2008թ. նյութերով քրեական
գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով:

13. Հաղորդում է ստացվել, որ թիվ 10/03 ընտրատեղամասում ահաբեկում են զինված
խմբավորումներով: 28.09.2008թ. հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Կենտրոնի
բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ հոդվածների պահանջներով
ընթացքը լուծելու համար: Նյութերի նախապատրաստման ընթացքում հաղորդման մեջ նշված
փաստարկները չեն հիմնավորվել և 13.10.2008թ. նյութերով քրեական գործի հարուցումը
մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով:

14. Հաղորդում է ստացվել, որ թիվ 10/46, 10/13 և 10/14 ընտրատեղամասերում կան կեղծ
փաստաթղթերով վստահված անձինք: 28.09.2008թ. հաղորդումն ուղարկվել է ոստիկանության
Կենտրոնի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ հոդվածների
պահանջներով ընթացքը լուծելու համար: Նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի
մեջ:

15. Հաղորդում է ստացվել, որ թիվ 10/52 ընտրատեղամասում 100 քվեաթերթիկ լցվել է
քվեատուփը՝ ԿԸՀ-ի անդամի ներկայությամբ: 28.09.2008թ. հաղորդումն ուղարկվել է
ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ
հոդվածների պահանջներով ընթացքը լուծելու համար: 06.10.2008թ. նախապատրաստված
նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մալաթիայի
բաժին` նկատի ունենալով, որ թիվ 10/52 ընտրատեղամասը գտնվում է Նորագյուղում, որը
սպասարկվում է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից:

16. Հաղորդում է ստացվել, որ թիվ 10/03 ընտրատեղամասում քվեաթերթիկները լցնում են
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի ներկայությամբ:
28.09.2008թ. հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ հոդվածների պահանջներով ընթացքը լուծելու
համար: Նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:

17. Հաղորդում է ստացվել, որ թիվ 10/33 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել վստահված
անձին: 28.09.2008թ. հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին՝
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ հոդվածների պահանջներով ընթացքը
լուծելու համար: Նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:

18. Հաղորդում է ստացվել այն մասին, որ թիվ 10/29 ընտրատեղամասում «լրագրողին
խոստացել են մորթել»: 28.09.2008թ. հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Կենտրոնի
քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ հոդվածների
պահանջներով ընթացքը լուծելու համար: Նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի
մեջ:

19. Հաղորդում է ստացվել այն մասին, որ թիվ 10/05 ընտրատեղամասում «լիազորը տեռորի
է ենթարկում թոշակառուներին»: 28.09.2008թ. հաղորդումն ուղարկվել է ոստիկանության
Կենտրոնի քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ
հոդվածների պահանջներով ընթացքը լուծելու համար: Նյութերի նախապատրաստումը գտնվում
է ընթացքի մեջ:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյքուն համայնքներ

20. 2008թ. սեպտեմբերի 16-ին, համայնքների դատախազությունից ոստիկանության բաժին է
ուղարկվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 3/01 ընտրական տեղամասի հանձնաժողովի
անդամ՝ Տիգրան Ռշտունու դիմումը ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որ ս/թ-ի սեպտեմբերի
7-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, թիվ 3/01
տեղամասում անհայտ անձը գրպանից հանելով քվեաթերթիկների տրցակ, փորձել է լցնել
քվեատուփի մեջ։ Դիմումում նշված է նաև, որ քվեարկության ավարտից հետո, նշված
տեղամասում, քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ պարզվել է, որ տեղամասում
ընտրություններին մասնակցած անձանց ընդհանուր թվից 5 հատ ավելի քվեաթերթիկներ են
եղել քվեատուփում։

Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ 2008թ-ի սեպտեմբերի 7-ին Տիգրան Ռշտունին,
Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 3/01 ընտրական տեղամասում, որպես հանձնաժողովի անդամ
մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը։ Ժամը 19:30-ի
սահմաններում ընտրատեղամաս են մտել, քվեարկություն կատարելու համար Զ.Սարկավագի
փող. 151/4շ. 30բն. բնակիչ՝ Արմեն Անդրեասյանը և նրա մայրը՝ Անահիտ Մղդեսյանը։
Քվեատուփին մոտենալիս Արմեն Անդրեասյանը ձեռքը մտցրել է գրպանը։ Տիգրան Ռշտունին
կարծել է թե Ա.Անդրիասյանի գրպանում քվեաթերթիկների տրցակ կա, աղմուկ է բարձրացրել
և պահանջել Ա.Անդրեասյանին ցույց տալ գրպանների պարունակությունը։ Արմեն
Անդրեասյանը, մոտենալով հանձնաժողովի անդաներին ցույց է տվել իր դատարկ գրպանները,
և բացատրել, որ իր ձեռքում եղած մեքենայի բանալիներն է ցանկացել դնել գրպանը։
Այնուհետև հանձնաժողովի անդամները համոզվելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել,
ստուգելով Ա.Անդրեասյանի անձնագրային տվյալները և նշված տեղամասում քվեարկելու
իրավունք ունենալու հանգամաքը, վերջինիս թույլատրել են կատարել քվեարկություն, որից
հետո նա, կատարելով քվեարկությունը հեռացել է ընտրատեղամասից։

Այսպիսով, կատարված հետաքննությամբ հիմնավորվել է, որ Արմեն Անդրեասյանը
մտադրություն չի ունեցել մեկից ավելի անգամ քվեարկելու ուստի նրա արարքում
հանցագործության հատկանիշներ չկան։

Ինչ վերաբերում է տվյալ տեղամասում թաղապետի թեկնածուների քվեատուփում
ընտրություններին մասնակցած անձանց ընդհանուր թվից 5 հատ ավելի քվեաթերթիկներ
հայտնաբերելու հանգամանքին, ապա պարզվել է, որ բոլոր ընտրատեղամասերում նշված օրը
միաժամանակ անցկացվել են թաղապետի և ավագանիների ընտրությունները։ Տվյալ տեղամասում
քվեարկությանը մասնակցած անձանցից հինգը՝ ավագանու ընտրության համար ստացած
քվեաթերթիկները սխալմամբ գցել են թաղապետի թեկնածուների արկղի մեջ։ Այսինքն
քվեարկությանը մասնակցած անձանց և քվեատուփերում առկա քվեաթերթիկների թվաքանակի
տարբերություն չի եղել։

21. 16.09.2008թ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունից
ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ուղարկվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի
ղեկավարի թեկնածու Մանուել Գասպարյանի դիմումը, որ 07.09.2008թ. Քանաքեռ-Զեյթուն
համայնքի ղեկավարի ընտրությունների ավարտից հետո՝ քվեաթերթիկների հաշվարկման
ժամանակ, թիվ 3/01, 3/08 և 3/28 ընտրատեղամասերում հայտնաբերվել են քվեաթերթիկներ,
որոնք իրենց գունային երանգով տարբերվել են մյուս քվեաթերթիկներից։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ընտրությունների նախորդ օրը թիվ
3/01 ընտրատեղամասում քվեաթերթիկների ստորագրման ժամանակ հայտնաբերվել են միմյանցից
երանգներով տարբերվող քվեաթերթիկներ, որի մասին կազմվել է համապատասխան
արձանագրություն։ Հանձնաժողովի անդամների կողմից հարց չի բարձրացվել դրանք վավեր
կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ, ուստի որոշվել է դրանք ընտրությունների ժամանակ
օգտագործել։ Սակայն ընտրությունների ավարտից հետո վիճարկվել է դրանց օրինական
լինելու հանգամանքը։

22. 16.09.2008թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունից
ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ուղարկվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի
ղեկավարի թեկնածու Մանուել Գասպարյանի և թիվ 3/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ
Կարինե Հաբեթյանի նույնաբովանդակ դիմումները, որ 07.09.2008թ. Քանաքեռ-Զեյթուն
համայնքի ղեկավարի ընտրությունների ավարտից հետո՝ քվեաթերթիկների հաշվարկման
ժամանակ, թիվ 3/08 ընտրատեղամասում իր վստահված անձ՝ Նարինե Գալստյանի կողմից
հայտնաբերվել են թվով 107 հատ քվեաթերթիկներ որոնց վրա բացակայում է հանձնաժողովի
երրորդ անդամի ստորագրությունը, սակայն նշված քվեաթերթիկները համարվել են վավեր։
Երբ նշված տեղամասի հանձնաժողովի անդամ՝ Կարինե Հաբեթյանը այդ հարցով դիմել է թիվ 3
ԸԸՀ-ի նախագահ Վանուշ Զեյնալյանին, վերջինս նրա ձեռքից կոպիտ ձևով խլել է
ընտրաթերթիկները և դրանք արհամարհական ձևով նետել է սեղանին։

Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ ընտրությունների նախորդ օրը՝ սեպտեմբերի
6-ին, տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նոռա Ղուկասյանը հանձնաժողովի
մյուս երկու անդամների հետ միասին ընտրաթերթիկները ստորագրելիս միաժամանակ զբաղվել
է այլ կազմակերպչական հարցերով, որի արդյունքում թյուրիմացաբար չի ստորագրել թվով
85 հատ քվեաթերթիկների ետևի մասում։ Ընտրությունները ավարտվելուց հետո, երբ
հանձնաժողովը սկսել է հաշվել քվեաթերթիկները, հայտնաբերվել են նշված քվեաթերթիկները
և որոնց վավերության հարցի շուրջ բանավեճ է առաջացել։ Հարցի պարզաբանման համար
ընտրատեղամաս է հրավիրվել թիվ 3 ԸԸՀ-ի նախագահ Վանուշ Զեյնալյանը։ Վերջինս հարցը
դրել է հանձնաժողովի քվեարկությանը և որոշվել է քվեաթերթիկները համարել վավեր։ Ընդ
որում՝ հաշվարկի ժամանակ պարզվել է, որ նշված երկու ստորագրություններով
քվեաթերթիկներից 39-ով քվեարկված է եղել ի օգուտ թաղապետի թեկնածու Մանուել
Գասպարյանի, 39-ով՝ ի օգուտ թաղապետի թեկնածու Արայիկ Քոթանջյանի և 7-ով թաղապետի
թեկնածու Վարուժան Մկրտչյանի օգտին։

Ինչ վերաբերվում է թիվ 3 ԸԸՀ-ի նախագահ Վանուշ Զեյնալյանի կողմից հանձնաժողովի
անդամ՝ Կարինե Հաբեթյանի ձեռքից կոպիտ ձևով ընտրաթերթիկները խլելու և դրանք սեղանին
նետելուն, ապա կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Կ.Հաբեթյանը նշված
ընտրաթերթիկները ձեռքին Վ.Զեյնալյանի ետևից դուրս է եկել քվեարկության սենյակից։ Վ.
Զեյնալյանը, բացատրելով, որ չի կարելի քվեաթերթիկները դուրս հանել քվեարկության
սենյակից, նրա ձեռքից վերցրել է քվեաթերթիկները և վերադարձրել հանձնաժողովի
նախագահին:

23. 19.09.2008թ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունից
ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ուղարկվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի
ղեկավարի թեկնածու Մանուել Գասպարյանի վստահված անձ Լիդա Ղամբարյանի դիմումը, որ
07.09.2008թ. Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի ընտրությունների ավարտից հետո՝
ժամը 22-ի սահմաններում, թիվ 3/21 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկման
ժամանակ, Երևանի թիվ 3 ԸԸՀ-ի նախագահ՝ Վանուշ Զեյնալյանը իր հասցեին հայհոյանք է
տվել, որով անպարկեշտ ձևով ստորացրել է իր պատիվն ու արժանապատվությունը։

20.09.2008թ. Լիդա Ղամբարյանից ընդունվել է հաղորդում։ Վանուշ Զեյնալյանը
բացատրություն է տվել որ նման դեպք տեղի չի ունեցել ինքը որևէ մեկին չի վիրավորել։

24. Գուրգեն Միքայելյանը հանդիսանալով Ժողովրդական ուղի կուսակցության անդամ,
2008թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, թաղապետի թեկնածու Մանուել
Գասպարյանի նախընտրական շտաբի անունից ստորագրահավաք է կատարել Մ.Ավետիսյան 2 փող.
11Ա շենքում՝ պարզելու համար բնակիչների վերաբերմունքը տեղի ունեցած
ընտրությունների արդյունքներին։

Նշված շենքի բակում Գուրգեն Միքայելյանին են մոտեցել Էդուարդ Առաքելյանը, Պետրոս
Սարգսյանը և հետաքրքրվել նրա կողմից շենքի մուտքերում շրջելու նպատակը։ Կողմերի
միջև խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում Էդուարդ Առաքելյանը և
Պետրոս Սարգսյանը ձեռքերով հարվածներ են հասցրել Գուրգեն Միքայելյանի դեմքին և
հեռացել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ կողմերի միջև
վիճաբանությունը տևել է 1-2րոպե, որի ընթացքում հասարակական կարգը չի խանգարվել։

Նյութերով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Համաձայն փորձագետի թիվ 1967
եզրակացության՝ Գ.Միքայելյանի անձնական զննությամբ մարմնական վնասվածքներին բնորոշ
օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել։

25. 16.09.2008թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունից
ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ուղարկվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի
ղեկավարի թեկնածու Մանուել Գասպարյանի և թիվ 3/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ
Կարինե Հաբեթյանի նույնաբովանդակ դիմումները, որ 07.09.2008թ. Քանաքեռ-Զեյթուն
համայնքի ղեկավարի ընտրությունների ավարտից հետո՝ քվեաթերթիկների հաշվարկման
ժամանակ, թիվ 3/08 ընտրատեղամասում հայտնաբերվել են ընտրական քվեարկության ծրարներ,
որոնց վրա առկա զինանշանի գույները էականորեն տարբերվել են սահմանված նմուշի
ծրարների նմուշից։

Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ քվեաթերթիկների ծրարները ստացվել են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ծրարները տպված են տարբեր ժամանակներում և
կարող են, կախված տպագրության ժամանակից, գույներով տարբերվել այլ
ժամանակահատվածում տպագրված ծրարներից։ Պարզվել է նաև, որ ծրարները համարակալված
չեն և դրանք չհաշվառվող են։ Ընտրությունները ավարտվելուց հետո չօգտագործված
ծրարները մարված չեն համարվում այլ դրանք կրկին վերադարձվում են կենտրոնական
ընտրական հանձնաժողով։

Մալաթիա-Սեբաստիա

26. 2008թ. հոկտեմբերի 6-ին «Ա1+» ինտերնետային կայքում զետեղվել են հաղորդումներ
«Վստահված անձանց հեռացնում են ընտրատեղամասից», «Զինված հարձակում տեղամասում»,
«Ահաբեկում են զինված խմբավորումներով» վերտառություններով:

«Վստահված անձանց հեռացնում են ընտրատեղամասից» հաղորդման մեջ նշվել է, որ
28.09.2008թ. Կիլիկիա թաղամասում գտնվող թիվ 22 գրադարանում տեղակայված 10/52
ընտրատեղամասում Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ ձայների
հաշվարկը սկսելուց հետո անհետացել է ընտրողների ցուցակը, տեղի են ունեցել վստահված
անձանց ծեծելու փաստեր:

«Զինված հարձակում տեղամասում» վերտառությամբ հաղորդման մեջ նշվել է, որ նույն օրը՝
ժամը 15-ի սահմաններում, Նորագյուղ թաղամասում տեղակայված 10/53 և 10/54
ընտրատեղամասերում մի խումբ զինված անձանց կողմից հարձակման են ենթարկվել թաղապետի
թեկնածու Արարատ Զուրաբյանի և ավագանու թեկնածուների վստահված անձինք, ինչպես նաև
ընտրական հանձնաժողովի «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ
Խուրշուդյանը, նրանց դուրս են հանել տեղամասից և արգելել մուտք գործել տեղամաս:

«Ահաբեկում են զինված խմբավորումներով» վերտառությամբ հաղորդման մեջ նշվել է, որ
28.09.2008թ. Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերում ընտրությունների ժամանակ թանկարժեք
արտասահմանյան մակնիշի մեքենաներով ընտրատեղամասերին հարող տարածքները շրջել են մի
քանի տասնյակ զինված երիտասարդներ, որոնք ընտրողներին և վստահված անձանց սպառնացել
են Գագիկ Բեգլարյանին չընտրելու դեպքում «վատ կլինի» արտահայտությամբ:

Նշված երեք հաղորդումներով ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվում են
նյութեր, բացատրություններ են վերցվել ընտրական հանձնաժողովների նախագահներից,
քարտուղարներից և հանձնաժողովների անդամներից, որոնք ժխտել են հիշյալ
հաղորդումներում նշված դեպքերը, հայտնելով, որ ընտրություններն ընթացել են առանց
միջադեպերի, գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ:

Արարատ Զուրաբյանի վստահված անձինք և կողմնակիցները, խուսափում են և հրաժարվում
բացատրություն տալու համար ներկայանալ ոստիկանության բաժին:

Շենգավիթ համայնք.

27. 08.10.2008թ. ստացվել է Սամվել Շառոյանի դիմումն այն մասին, որ 28.09.2008թ.
Շենգավիթ համայնքում կայացած ավագանու ընտրություններից հետո ավագանու թեկնածու
Գառնիկ Շիրինյանի դիմումի հիման վրա 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը
բացել է 12/48 և 12/49 ընտրատեղամասերի ընտրապարկերը և իր օգտին քվեարկված
քվեաթերթիկները կեղծվել են և ճանաչվել անվավեր: 12.10.08թ. Ս. Շառոյանը
բացատրություն է տվել այն մասին, որ 12/48 և 12/49 ընտրատեղամասերում
ընտրություններն անցել են օրենքին համապատասխան և ինքը 12/48 ընտրատեղամասում
հավաքել է 343 ձայն, իսկ 12/49 ընտրատեղամասում` 252 ձայն, սակայն 12
ընտրատարածքում դրանք հաշվելիս պարզվել է, որ 12/48 ընտրատեղամասում իր ձայներից
104-ը, իսկ 12/49 ընտրատեղամասում` 89-ը, ճանաչվել են անվավեր: Ընդ որում՝ ձայները
հաշվել են առանց դիմումատու Գառնիկ Շիրինյանի մասնակցության: Ս.Շառոյանը հայտնել է
նաև, որ 12/49 ընտրատեղամասի ընտրական պարկը վերահաշվարկի սենյակ բերելուց հետո
12/49 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Խաչատրյանի կողմից
հայտնաբերվել է, որ այն իրենց կողմից տեղամասում սահմանված կարգով փակվելուց հետո
բացվել և փակվել է: 12/49 ընտրատեղամասի ընտրական պարկը բացվելուց հետո պարկից
հանվել է իր օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարը և պարզվել, որ այն բացված է:
Ս.Շառոյանը քննության է ներակայացրել 12 ընտրատարածքի գործավարության մատյանի այն
էջերի պատճեները, որոնց վրա գրված է, որ 12/49 ընտրատեղամասի պարկը 12 ընտրատարածքի
ընտրական հանձնաժողովի կողմից բացվելուց և ծրարները հանվելուց հետո պարզվել է, որ
Ս.Շառոյանի ծրարը բաց է:

15.10.08թ. Գառնիկ Շիրինյանը բացատրություն է տվել այն մասին, որ 28.09.08թ.
Շենգավիթ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին ինքը մասնակցել է
որպես ավագանու թեկնածու և մի քանի ընտրատեղամասերի` այդ թվում նաև 12/48 և 12/49
ընտրատեղամասերի, արդյունքների հետ համաձայն չլինելու պատճառով դրանց արդյունքները
վերահաշվարկելու խնդրանքով դիմում է ներակայացրել թիվ 12 ընտրատարածքային ընտրական
հանձնաժողով, սակայն վերահաշվարկին մասնակցելու մասին պաշտոնական ծանուցում չի
ստացել և անձամբ չի մասնակցել վերահաշվարկին:

16.10.08թ. թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վահրամ Ասատրյանը
բացատարություն է տվել, որ բոլոր ընտրատեղամասերի պարկերը 12 ընտրատարածք են բերվել
անվնաս և սահմանված կարգով փակված վիճակում: Ավագանու թեկնածու Գառնիկ Շիրինյանի
կողմից մի քանի ընտրատեղամասերի, այդ թվում նաև 12/48 և 12/49 ընտրատեղամասերի
արդյունքների հետ համաձայն չլինելու և դրանց արդյունքները վերահաշվարկելու մասին
դիմում է ստացվել, որի հիման վրա էլ իրենք կատարել են վերահաշվարկ, որի արդյունքում
Ս.Շառոյանի օգտին քվեարկված քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել 12/48
ընտրատեղամասում` 104-ը, իսկ 12/49-ում` 89-ը: