ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ղարաբաղյան կարգավորման պարտվողական քաղաքականությունը վիժեցնելու» կոչ
Շուշիի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ տարվող պարտվողական գործելակերպը վիժեցնելու կոչով: Կազմակերպությունում համոզված են, որ այն սկսվել է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում ստորագրած Մայենդորֆյան Հռչակագրով և ավարտվելու է Եվրոպայում։ Կոչում ասվում է.
«Ժողովրդի վստահության քվեն չստացած, բռնությամբ և արյունով իշխանության եկած, հայության հետ ոչ հոգևոր և ոչ էլ բարոյական առումով որևէ կապ չունեցող հանցագործ վարչախմբի պարագլուխ Սերժիկ Սարգսյանը Մոսկվայում վավերացրեց մի փաստաթուղթ, որի իրավունքը նա չուներ։
Շուրջ ինը տարի Հայաստանի հանրապետության նախագահի աթոռը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանը, այնուհետև Սերժիկ Սարգսյանը Արցախի, Հայաստանի հանրապետության ազգային և պետական շահերը ստորադասելով իրենց անձնական շահերին, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատրաստ ազատագրված տարածքները զիջելու, քայլ առ քայլ մոտեցնում են մարտի դաշտում ձեռք բերած հաղթանակը դիվանագիտական պարտության։
Արցախի ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը սահմանում կանգնած Հայ զինվորն է։ Որևէ այլ երաշխիք, տրված միջազգային հանրության, կազմակերպությունների, տարածաշրջանում շահեր ունեցող տերությունների կողմից խաղաղապահ ուժերի միջոցով հակամարտության գոտում հաստատել խաղաղություն, դատապարտված են ձախողման։ Վկան` Հարավային Օսեթիայի ազգաբնակչության նկատմամբ Վրաստանի կողմից ցեղասպանության իրականացման փորձը։ Ազատագրված տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումը հղի է նման սցենարի կրկնությամբ։
Խաղաղապահ զինված ուժերը ապահովում են տվյալ երկրի զինական ներկայությունը հակամարտության գոտում և պաշտպանում իր երկրի շահերը և ոչ ավելին։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կազմակերպությունները, միջազգային հանրությունը պարտավորված են գիտակցելու, որ իրենք բանակցում են մի մարդու հետ, որը չի ներկայացնում ոչ հայությունը և ոչ էլ Հայաստանը։
Այսօր կրկին անգամ հիշեցնում և զգուշացնում ենք Ձեզ։
Վաղ թե ուշ չընտրված Նախագահը լքելու է Հայաստանի հանրապետությունը և փորձելու է ծվարել իր տերերից մեկի տանիքի ներքո և Դուք ստիպված կլինեք հակամարտության կարգավորումը սկսել սկզբից։
Հայ ժողովուրդը և իր ընտրած իշխանությունները Ադրբեջանի հետ տարածքների խնդրով բանակցելու են միայն առ այսօր Ադրբեջանի զինված ուժերի և ժողովրդի կողմից բռնազավթած և հայաթափված Հյուսիսային Արցախի (Շահումյանի շրջան, Գետաշեն, Մարտունաշեն...), Գանձակի և Նախիջևանի շուրջ։
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի հանրապետության այսօրվա ռեժիմի պարտվողական քաղաքականության գործնական քայլերի սկիզբը դրվեց Մոսկվայում, այն շարունակվում է եվրոպաներում և վերջակետը դրվելու է Վաշինգտոնում։
Իրականացվել է հանցագործ վարչախմբի պարտվողական քաղաքականության` կապիտուլյացիայի առաջին փուլը։
Կանխարգելենք և վիժեցնենք այն այսօր, որ վաղը ուշ չլինի։
Այս հանցագործները իրենց իշխանությունը պահպանելու, կատարած ապօրինություններն ու թալանը թաքցնելու, հայ ժողովրդի վրա կրակելու հրամանից հրաժարվելու համար փորձում են աճուրդի հանել ամենասրբազանը` լավագույն զավակների թափված արյունը և հող Հայրենին։
Թույլ չենք տա։
Ստրկամտությունը, վախն ու նենգությունը, ծախվածությունն ու դաժանությունը, որոնք հանցավոր ռեժիմի զենքերն են եղել իշխանությանը տիրանալու և այն պահելու համար անզոր են մեր` համաժողովրդական ընդվզման, մեր զոհված ընկերների հիշատակի, մեր կամքի, ոգու և վճռականության հանդեպ։
Հաղթանակը մերն է»։
