ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի դպրոցներում ծեծում են աշակերտներին
Հայաստանի հելսիկյան կոմիտեն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի եւ Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացրել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնասիրել է երեխայի բռնությունից պաշտպանված լինելու իրավունքը: Երեկ հրապարակվեց «Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը հանրակրթական դպրոցներում» զեկույցը:
Ուսումնասիրությունը կատարվել է 2007 դեկտեմբեր-2008 փետրվար ժամանակահատվածում յոթ մարզի (Արագածոտն, Կոտայք, Լոռի, Շիրակ, Վայոց ձոր, Տավուշ, Սյունիք) եւ մայրաքաղաքի 35 դպրոցում, հարցվել են ավելի քան 720 աշակերտ, 250 ուսուցիչ, 300 ծնող: Չնայած ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը չի առարկել, Վանաձորի թիվ 25, Ալավերդու թիվ 12, Թալինի թիվ 1 եւ Մաստարայի դպրոցներում տնօրենը կամ փոխտնօրենը ուսումնասիրության հեղինակներին խոչընդոտել են: Ուսումնասիրությունը տխուր պատկեր է բացահայտել: Բոլոր դպրոցներում էլ ուսուցիչները ֆիզիկական պատիժներ են կիրառում` ծեծ, ապտակ, ականջ քաշել: Արագածոնտի մարզում եղել են դեպքեր, երբ ուսուցիչը աշակերտին գցել է գետնին եւ ոտքերով հարվածել, Սյունիքի մարզում ուսուցիչը քանոնով խփել է երեխային □այնպես, որ աչքի տակը բացվեց□, Լոռվա մարզում ուսուցիչը փորձել է աթոռով խփել աշակերտին, Արագածոտնի մարզում մի ուսուցիչ կարճ հագած աղջիկներին ողջ դասի ընթացքում պահում է գրատախտակի մոտ, հրապուրիչ արտաքինով աղջիկներին հրավիրում տուն լրացուցիչ պարապելու: Մեկ այլ ուսուցիչ գրկել եւ փաղաքշել է 6-րդ դասարանցի մի աղջկա: Ուսուցչին ազատել են աշխատանքից:
Հարցված ծնողներն ու ուսուցիչները, որպես կանոն դեմ են ֆիզիկական ուժին, բայց երբեմն դա համարում են անհրաժեշտ եւ անխուսափելի միջոց, դժվար երեխաների հետ հարաբերվելիս: Որոշ աշակերտներ, հատկապես տղաներ, հայտարարել են, թե ուսուցչի կիրառած բռնության մասին տանը չեն խոսում` «որովհետեւ ղզիկ չեմ»:
Ուսումնասիրությունը մեկ այլ ցավոտ իրողություն է բացահայտել: Նույն արարքի համար մեկին պատժելու, մյուսին չպատժելու պատճառը, ըստ հարցվածների 34 տոկոսի` չպատժվողը ուսուցչի սիրելին է կամ լրացուցիչ պարապում է, 29 տոկոսի կարծիքով` ուսուցչի երեխա է, 22 տոկոսի կարծիքով` հարուստի երեխա է: Հարցման համաձայն, աշակերտներ միայն 54 տոկոսն է ծանոթ իր իրավունքներին, ոչ բոլոր դպրոցներում կան աշակերտի իրավունքները եւ պարտականությունները ներկայացնող պաստառներ:
Զեկույցն ամբողջությամբ՝ [url=http://www.armhels.org target=_blank]www.armhels.org[/url] կայքում:
