Բյուրավոր կուսակցականների առասպելը

Դուք կարող եք մշտապես հիմարացնել ժողովրդի մի հատվածին,

կարող եք նաև որոշ ժամանակ հիմարացնել ողջ ժողովրդին,

սակայն չեք կարող մշտապես հիմարացնել ողջ ժողովրդին:

Աբրահամ Լինքոլն

Անցյալ դարավերջին ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ վերացավ նաև «հպարտ միայնության» մեջ
բացարձակ իշխող միակուսակցական համակարգը, ինչի անխուսափելի հետևանքներից մեկն էլ
կայսրության տարածքում հարյուրավոր կուսակցությունների ծնունդն էր: Այս իրողության
ականատեսը դարձած նախկին խորհուրդների տարածքի երկրների ժողովուրդները դեռևս մի
երկարատև կայուն ժամանակաշրջան էլ «կօգտվեն» այդ բազմերանգ կուսակցությունների
գուրծունեության «պտուղներից»: Համենայն դեպս` այնքան ժամանակ, քանի դեռ այդ
ժողովուրդները չեն ձևավորել անկախացած սեփական պետությունների զարգացման` իրենց
նախընտրած մոդելին առավելագույնս օժանդակող կենսունակ քաղաքական համակարգ:

Կուսակցական «ծնելիության բումը» Հայաստանում սկիզբ առավ հատկապես իննսունականների
երկրորդ կեսից: Չնայած «պրոցեսը» մեր նորանկախ պետականության օրենքներով դե-յուրե
կանոնակարգված էր, սակայն դե-ֆակտո` գրեթե ոչ մի դեպքում օրենքով սահմանված կարգով
չսահմանափակվեց: Եվ ժողովուրդը ստիպված չեղավ երկար սպասել արդյունքին. մեր փոքր
պետությունում ներկայումս իրավաբանորեն գործում են… շուրջ յոթանասուն
կուսակցություն:

Դրանց մի մասի ղեկավարները իրենց կողմից կուսակցություն ստեղծելը բացատրեցին այն
հանգամանքով, որ քաղաքական դաշտում իրենց տեղը բաց էր (?), մի մասն «արդարանում» էր,
որովհետև նոր գաղափարներ ունեին (?), երրորդների «համոզմունքով»` հասարակությունը
կարոտ էր կենտրոնամետ, կենտրոնից «քիչ» աջ կամ «քիչ» ձախ գրաված դիրքերից ածանցվող
քաղաքական թարմ մտքերի (?): Եվ, հավանաբար, սույն «օբյեկտիվ» պատճառաբանությունների շնորհիվ էր, որ «պատմական
անհրաժեշտության ծնունդ» այդ կուսակցությունների անդամների թվաքանակը կարճ
ժամանակաընթացքում «հասնում» էր մի քանի հազարի, իսկ հաճախ էլ` «անցնում» մեկ
բյուրից (տասը հազար):

Ասվածն «ամրագրենք» փաստերով: Օրինակ, կուսակցականների քանակի վերաբերյալ, ըստ
իրենց իսկ տվյալների` Մարքսիստական կուսակցությունն ունի շուրջ 7000 անդամ,
Հայաստանի երիտասարդական կուսակցությունը` 12000, «Հզոր հայրենիքը»` 11000, «Ազգային
համաձայնությունը»` 5000, «Ազգային ինքնորոշում միավորումը»` 12000, և այլն: Այս
հարցում մնացած կուսակցությունների մեծ մասը կարող է հաջողությամբ «մրցակցել»
նշյալների հետ, սակայն թերևս չարժե թվարկել առնվազն ևս 5 տասնյակի:

Ըստ իս, յուրաքանչյուր չափահաս անձ իրավունք ունի անելու այն ամենը, ինչը չի
արգելվում օրենքներով. տվյալ դեպքում` կուսակցություն ստեղծելը: Սակայն,
այնուամենայնիվ, կուզենայի բազմահազար անդամներ «ունեցող» նման կուսակցապետերին
հորդորել, որ այլևս բավական է խաբեն մարդկանց և իրենք իրենց: Մեր հասարակությունը
վաղուց արդեն քաղաքականապես բավական գրագետ ու տեղեկացված է դարձել և հասկանում է,
որ եթե այդ կուսակցություններն իրոք էլ ունենային այդքան մեծաթիվ անդամներ, ապա դեռ
2003-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարած կլինեին 5%-ի սահմանը:
Որովհետև ամենահասարակ հաշվարկ-քննությունն իսկ պարզորոշ ցույց է տալիս, թե այդքան
կուսակցականների, նրանց բոլորի ընտանիքների անդամների, ամենամերձավոր բարեկամների
ու մտերիմ ընկերների ձայների հանրագումարն իսկ բավական կլիներ ընտրություններում
հաղթանակ տանելու, իսկ վստահված անձանց միջոցով էլ` արդյունքների կեղծումներ թույլ
չտալու համար: Ու եթե հաշվի առնենք, որ կամայական քաղաքական ուժի իրական վարկանիշը
որոշվում է նախ և առաջ համապետական ԱԺ ընտրություններում հավաքած ձայների քանակով,
ապա հայաստանյան շուրջ 5 տասնյակի չափ կուսակցապետերին նաև կառաջարկեի լրջորեն
կշռադատել ու ծանրութեթև անել իրենց կուսակցությունների հետագա գործունեության
նպատակահարմարության մասին հարցը: Դրա առնչությամբ` կա երկու քաղաքակիրթ տարբերակ.
առաջինը` ինքնալուծարում, երկրորդը` միաձուլում այլ, գաղափարապես մերձ
կուսակցությունների հետ, այն է` խոշորացում: Հակառակ պարագայում` քաղաքական
գործընթացներում ստեպ-ստեպ երևալու կամ կուսակցական կնիքը այս կամ այն նպատակով «վաճառելուց»
շահույթ ստանալու ձգտումը ժողովրդի աչքում ուղղակի զրոյի կհավասարեցնի այդ
կուսակցությունների ղեկավարների ինչ-ինչ արժանիքներն ու անձամբ իրենց:

Այժմ առավել հայտնի կուսակցություններից երեքի` «Բարգավաճ Հայաստանի», Հայաստանի
կոմունիստական կուսակցության և «Ժառանգության»` դիտարկման արժանի տվյալների մասին:

Նախ և առաջ` «Բարգավաճ Հայաստանի» վերաբերյալ, որի ստեղծումը, ինչպես հայտնի է,
զուտ քաղաքական կոնյուկտուրայի արդյունք էր, իսկ կուսակցության գործունեությունն
ըստ ամենայնի կապվում է հանրապետության խոշոր գործարարներից մեկի անվան հետ:
Հայաստանի անկախացումից հետո այս կուսակցությունը հանրապետությունում ամենաշատ թվով
անդամներ արձանագրած ուժն է` ավելի քան 300000: Եվ ահա 2007թ. ԱԺ ընտրություններում
ԲՀԿ-ն հավաքեց 200000-ից մի փոքր ավելի ձայն (և դա այն դեպքում, երբ իշխանության
կամոք քվեները բոլորից շատ կեղծվել են հենց «Բարգավաճ Հայաստանի» և Հանրապետական
կուսակցությունների օգտին` որպես իր գլխավոր և ամենահավատարիմ հենարանների):
Փաստորեն, հարյուր հազարի չափ բհկ-ական ձայն չի տվել հարազատ կուսակցությանը…

Հայաստանի կոմունիստական կուսակցության համանման անփառունակ օրինակը ևս արժանի է
հիշատակման: Հայկոմկուսը, ըստ իր ղեկավարների, ունի 50000-ից ավելի անդամ, և այս
բազմահազարանոց կուսակցությունը դեռ 2003-ի ԱԺ ընտրություններում հավաքեց 25000-ից
էլ պակաս ձայն, իսկ 2007-ին` հազիվ 9000: Երկու դեպքում էլ իշխանությունը դժվար թե
տասնյակ հազարներով ձայներ խլեր Հայկոմկուսից, քանի որ հազարավոր կոմունիստներ
վստահված անձերի և դիտորդների կարգավիճակով հանրապետության բոլոր տեղամասերում
լիովին կարող էին վերահսկել իրենց քվեների արդարացի հրապարակումը: Հետևաբար` ՀԿԿ
անդամների թիվը, մեղմ ասած, նույնպես բավականաչափ ուռճացված է:

Երրորդ օրինակը դրական «նոտայով» է: «Ժառանգության» ղեկավարների տվյալներով`
կուսակցությունն ունի շուրջ 5000 անդամ: Եվ ահա 2007թ. առաջին անգամ մասնակցելով
խորհրդարանական ընտրություններին` «Ժառանգությունը» հավաքեց 80000 հազարից ավելի
ձայն, և հիմա 7 պատգամավորով ներկայացված է խորհրդարանում (ի դեպ` կուսակցությունն
Ազգային ժողովում ամենափոքրաթիվ և միակ ընդդիմադիր խմբակցությունն է): Հետևություն`
կուսակցականների քանակի վերաբերյալ հասարակությանը մատուցած «Ժառանգության»
տվյալները իրատեսական են:

Եվս մի ուշագրավ փաստի անդրադառնամ, որը բավական զավեշտալի է` ողբերգություն
որակելու համար: Եթե հավատալու լինենք կուսակցականների քանակի վերաբերյալ
կուսակցապետերի հնչեցրած թվերին, ապա դրանց հանրագումարն անցնում է … 900000-ից.
այսինքն` գրեթե մեկ միլիոն: Փաստորեն` 2 միլիոնից քիչ ավելի չափահաս բնակչություն
ունեցող Հայաստանի քաղաքացիներից գրեթե 1 միլիոնը (շուրջ 50%-ը), ըստ կուսակցական «բոսերի»,
իրենց կուսակցականներն են…

Ամփոփելով` ընդգծեմ, որ վաղուց է հասունացել ժամանակը, երբ մեզանից յուրաքանչյուրն
այլևս չպետք է թույլ տա իրեն խաբեն կամ մոլորեցնեն 1-2 կամ մի խմբակ մարդկանցից
բաղկացած կուսակցությունների ղեկավարները` բազմահազար անդամներ ունենալու
վերաբերյալ իրենց անհիմն արտահայտություններով: Այս հարցում մեր լռությունն ու
հանդուրժողականությունը կարող է խաթարել քաղաքացիական հասարակության մասին կրտսեր
սերնդի պատկերացումները: Չէ՞ որ նրանք նույնպես կարող են ընդօրինակել նման
ինքնագովեստի վատ օրինակը` տեսնելով, որ իրենց ավագ սերունդը (այսինքն` մենք)
լուռումունջ համակերպվում է «տասնյակ հազարներին», ընդսմին` նաև որևէ կերպ
չհակազդելով այդ թվերին և չպայքարելով այդպիսի մարդ-կուսակցությունների անտեղի
հավակնությունների դեմ:

Այս համատեքստում անհրաժեշտ է հետևողականորեն ուսուցանել մեր աճող սերնդին, թե
ժողովրդավարություն և ազատ խոսք արժեքների շահերից բոլորովին էլ չի բխում, որ
չծուլացող յուրաքանչյուր ոք կարող է կուսակցություն ստեղծել, հետն էլ, կարծես
հասարակությանը հեգնելով, բարձրաձայնել, թե իր կուսակցությանն անդամագրվեցին մի
քանի հազար մարդ: Եվ հարկ չէ սպասել խորհրդարանական ընտրությունների պես դասական
փորձությանը` Հայաստանի ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ապացուցելու համար, որ տվյալ
կուսակցապետի վերամբարձ խոսքերը սին են` միայն միտված մեր քվեները կորզելու:
Հասարակությունը պարտավոր է վճռականորեն ընդվզել կուսակցապետերի թվային
աճպարարությունների դեմ թե նրանց դեմ հանդիպումների ու հեռախոսազանգերի և թե
մարզային կառույցների անդամների ու գործունեության վերաբերյալ հրապարակային հստակ
տեղեկատվություն պահանջելով:

Ժամանակը մեզ չի սպասում, սերունդներն էլ կդատապարտեն մեր այսօրվա
կրավորականությունը: