ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական կոռուպցիան խորացել է
Այսօր Երեւանում քննարկվում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքը: Նախաձեռնության հեղինակը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն էր:

Խոսելով հեռահաղորդակցության ոլորտում վերջին տարիների փոփոխությունների մասին
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատեց, որ օրինագծերը
ընդունվում են որպես կանոն արագացված ընթացակարգով՝ մեկ օրում երեք ընթերցում,
երբեմբ օրինագիծը ԱԺ է հասնում քննարկումից ընդամենը մեկ օր առաջ: Բորիս
Նավասարդյանը հակված է մտածել, որ իշխանությունները սա անում են, որ ոչ ոք չհասցնի
կարծիք հայտնել, քանի որ նույն իշխանությունները գիտեն, որ իրենց նախագծերը
ընդունելի չեն: Բանախոսը վստահ է, որ հեռահաղորդակցության ոլորտում վերջին 7-8
տարիների օրենսդրական փոփոխությունների արդյունքում հեռուստա եւ
ռադիոընկերությունների վրա տոտալ վերահսկողություն է ապահովված:
Վերջերս ընդունվեցին Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում նոր
փոփոխություններ եւ ըստ այդմ, մինչեւ 2011 թվականը իրականացվելու է հեռարձակման
թվայնացում, եւ հաճախականությունների մրցույթներ չեն լինի: Բորիս Նավասարդյանը
հիշեցրեց որ ՀՀ իշխանությունները թվայնացումը պետք է անեին մինչեւ 2008-ը, այնպես
որ ստացվում է, իշխանությունների թերացումների պատճառով տուժում է մյուսը՝ հատկապես
Ա1+ եւ Նոյյան Տախան հեռուստաընկերությունները: ԵՎ մի զարմանալի բան: ՀՀ տնտեսական
զարգացման նախարար Ներսես Երիցյանը Բորիս Նավասարդյանին ասել է, որ հեռարձակման
թվայնացման հիմքում ինտերնետի զարգացման հայեցակարգն է դրված:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասաց, որ ԱԺ-ն քաղաքական
բանավեճի հարթակ չէ, ՀՀ քաղաքացիների զգալի մասը ԱԺ-ում ներկայացված չեն: Հայաստանի
այսօրվա վիճակը ցույց է տալիս, որ ԱԺ-ն գործադիր իշխանության կցորդն է, սա էլ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանի
կարծիքն է: Ըստ նրա այսօր Հայաստանում պետությունը զավթված է՝ մի խումբ մարդկանց
ձեռքում են բոլոր որոշումները ընդունելու մեխանիզմները: Ու չնայած Հայաստանը
միանում է միջազգային տարատեսակ պայմանագրերի բայց կոռուպցիան վերջին 6 տարում չի
նվազել, նոր դրսեւորումներ է ունենում, իսկ քաղաքական կոռուպցիան խորացել է:
