ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՏԻՄ ընտրություններին արձանագրվել են Հայաստանում անցկացվող ընտրություններում մշտապես արձանագրվող խախտումներ
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը այսօր լրագրողներին հայտարարել է, որ իրենք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության աջակցությամբ այս տարվա մայիս–սեպտեմբեր հատվածում դիտորդական առաքելություն են իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ տարբեր համայնքներում անցկացվող ընտրություններում արձանագրվում են նույնանման խախտումներ:

Ամենացավալին, ըստ Ավետիք Իշխանյանի քվեախցիկների հարցն է. Ինչպես հայտնի է, Հայաստանում քվեախցիկի փոխարեն օգտագործվում է պատին ամրացված տախտակը, որը պետք է ամրացված լինի այնպես, որ ընտրողը քվեարկելիս մեջքով դեպի հանձնաժողովը լինի։ Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդները արձանագրել են, որ շատ տեղամասերում կար տախտակները լավ դասավորելու հնարավորություն, սակայն քվեախցիկը այնպես էր տեղադրված, որ հնարավորություն էր տալիս վերահսկելու ընտրությունների ընթացքը: Ուստի Ավետիք Իշխանյանը առաջարկում է վերադառնալ վարագույրով քվեախցիկներին։
Հելսինկյան կոմիտեի դիտորդները արձանագրել են Հայաստանում անցկացվող ընտրություններում մշտապես արձանագրվող խախտումներ. կուտակումներ, մեքենաներով մարդկանց բերելը, ուրիշի փոխարեն, կամ ուրիշի անձնագրով քվերակելը, տարեց մարդիկ ընտրությունը կատարել են քվեախցիկից դուրս եւ բացահայտ հայտարարել, թե ում են ձայն տալիս, Նորքի տեղամասերում, օրինակ 10/01 ծերանոցի աշխատողը քվեարկել է ծերանոցի բոլոր բնակիչների փոխարեն, ընտրողների ուղղորդում, քվեախցիկում երկու ընտրողի միաժամանակյա ներկայություն, ոստիկանների ներկայություն ինչպես տեղամասում, այնպես էլ ձայները հաշվելիս, լցոնումներ, ծեծ-բռնություն:
Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ լցոնումներ, ծեծ եւ բռնություն արձանագրվել են հատկապես Կենտրոնի ղեկավարի ընտրության ժամանակ: Հատկապես Նորագյուղ թաղամասում վիճակը այնքան անվերահսկելի է եղել, ընդդիմադիր թեկնածուի վստահված անձնանց, ընտրական հանձնաժողովի ընդդիմադիր անդամին եւ դիտորդներին բռնի ուժով հեռացրել են տեղամասից:
Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ ընտրախախտումներ են արձանագրվել անգամ այն պարագայում, երբ ընտրության մասնակցել է մեկ` իշխանության թեկնածուն: «Ուղղակի ամեն մի թեկնածու տարբեր ձեւերով ուզում է ցույց տալ, թե ինչքան շատ մարդ է իրեն աջակցում: Տվյալ թեկնածուի համար տվյալ տեղամասում աշխատողները ուզում են ցույց տալ, թե ինչքան լավ են աշխատել` ունենալով հետագա ակնկալիքներ»,կարծում է Ավետիք Իշխանյանը:
