ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անմեղ մարդու սպանություն եւ բազմաթիվ հարցականներ
Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծառայության ղեկավարը Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամի անունը կապում է այս ամիս ավելի վաղ իրեն եւ իր ընկերներին Երեւանում դաժան ծեծի ենթարկելու հետ, ինչի հետեւանքով իր ընկերներից մեկը մահացել է: «Ռադիոլուրի» ղեկավարը նաեւ պնդում է, թե «ոստիկանությունը նույնպես մասնակից է այդ հանցագործությանը»: Ներկայացնում ենք իրողությունները, ըստ պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկությունների;
Երկուշաբթի օրը Հայաստանի ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել շուրջ 10 օր առաջ տեղի ունեցած միջադեպի եւ դրա հետեւանքների մասին «Սեպտեմբերի 23-ին, ժ. 22.30-ին, Երեւանի բնակչուհի, 1983 թվականին ծնված Մ. Մ.-ն (ըստ մամուլի հրապարակումների` Մարինա Մադաթյանը) ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 20-ին իր ծանոթը` Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի ղեկավար, 1974 թվականին ծնված Արթուր Սահակյանը... փորձել է բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է, ապա հեռախոսով օգնություն կանչել իր ծանոթներին, իսկ Արթուր Սահակյանն ավտոմեքենայով դիմել է փախուստի»:
Իր ծանոթ Ա.ի հետ (ըստ մամուլի` Արմեն Սարգսյան) Մարինա Մադաթյանը Երեւանում` Սայաթ-Նովա եւ Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում, հայտնաբերել են Սահակյանի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է Անդրանիկ Բաբայանը: Վերջինիս ծեծի ենթարկելուց հետո նրանք գնացել են «Ադնակլասնիկ» սրճարան, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Արմեն Սարգսյանը ծեծի է ենթարկել Աբել Միքայելյանին եւ Արթուր Սահակյանին: Անդրանիկ Բաբայանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ սեպտեմբերի 29-ին մահացել է:
Ըստ ոստիկանության «Սեպտեմբերի 22-ին մեղայականով ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանն ու խոստովանել, որ նախորդ օրը նշված սրճարանում, վիճաբանության ժամանակ, ինքն է ծեծի ենթարկել վերոնշյալ անձանց: Հանգամանքները պարզվում են: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»։
«Առավոտ» օրաթերթին Արթուր Սահակյանը ասել է. «Ես առաջին օրը դիմեցի եւ հասկացա, որ ոստիկանությունը մասնակից է այդ հանցագործությանը: Դրա համար հայտնվեցի ընդհատակում: Հենց նրանք մտան «Ադնակլասնիկ» սրճարան եւ սկսեցին ջարդուփշուր անել, թե ո՞ւր է Արթուրը, խփելու ենք, սպանելու ենք, ես անմիջապես հետեւի մուտքով դուրս եկա եւ փորձեցի դիմել ոստիկանություն: Դիմեցի քաղաքային վարչությանը, բայց արձագանքեցին 1-1,5 ժամ հետո, երբ ոճրագործ խումբն արդեն հեռացել էր»:
Իսկ «Հրապարակ» թերթին էլ Արթուր Սահակյանը տեղեկացրել է, որ ծեծողները ալրաղացի Լյովի՝ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի շրջապատից են. «Երանի ես լինեի մեքենայի ղեկին։ Իմ նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել, որը միայն պատահականորեն չի իրականացվել: Մսաղաց Լյովն ու իր բանդան պետք է պատասխան տան»։
Արմեն Սարգսյանին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել սեպտեմբերի 28-ին` խուլիգանություն կատարելու հատկանիշներով: Ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանը, մինչդեռ, ինչպես վերը նշեցին, սեպտեմբերի 29-ին հիվանդանոցում մահացել է:
Արթուր Սահակյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հերքել է, թե փորձել է բռնաբարել Մադաթյանին, ով, ըստ լրատվամիջոցների, Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) մտերմուհին է: «Հրապարակի» տվյալներով, «բժշկական փորձաքննությունը չի հաստատել բռնաբարության փորձը, ինչը վկայում է այն մասին, որ ուղղակի Արթուրի գլխին «սարքում են». հիմա էլ ոստիկանությունը կանգնել է այդ աղջկան ծեծելու վարկածի վրա»։ Արթուր Սահակյանը պնդում է. «Եթե չձերբակալվեն Մսաղացի Լյովիկը եւ նրա խումբը, հետեւանքը կլինեն նոր հանցագործությունները»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ զրուցել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ. «Ոստիկանապետը ինձ հետ զրույցում վստահեցրել է, որ ամեն ինչ կանի, որ լինի գործի անաչառ քննություն»։
