ԱԶԱՏ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՔԱՂԱՔԱՑԻ <br>Ըստ էության՝ սա է քաղաքացիական հասարակություն հասկացության բովանդակությունն ու չափանիշը

Որպես այդպիսի քաղաքացիներ՝ բնականաբար, չեն կարող «հաշվառվել»մարդկանց կյանքի ու ինչքի հանդեպ ոտնձգություն կատարելու ընդունակ վայ–իշխանավորները, տնտեսության մեջ մենաշնորհային դիրք գրավող ու ազգաբնակչության գրպանի պարունակությունը իրենց հայեցողությամբ ցանկացած պահի «ստուգող»օլիգարխիկ անհատները, «արդարամիտ» դատավորները, մշտաքաղց չինովնիկները, ընտրությունների կեղծումները «բարեխիղճ» կազմակերպող հանձնաժողուխերի ղեկավարներն ու թաղային-համայնքային քրեականները, խորհրդարանի ու գործադիրում բարձր պաշտոններ զբաղեցնող կիսաքրեականները, «պետականամետ» մտավորականները, ծախու «քաղաքական» գործիչները և այլք, բոլորին չես թվարկի։

Հայրենակիցների բազմաթիվ հոգսերին՝ անսիրտ վերաբերմունքի, իսկ երկրր առաջ ծառացած խնդիրներին՝ մատների արանքով նայելու պատճառով վերոնշյալներին պետք է սոսկ համարել Հայաստանում փաստաթղթային համապատասխան ձևակերպմամբ ապրողներ, այլ ոչ՝ քաղաքացիներ։

Նմանապես՝ քաղաքացիների «շրջանակում» չեն նաև լոկ իրենց ընտանիքի կարիքներով ամեն օր ապրող և հասարակական հնչեղության ցանկացած երևույթի հանդեպ անտարբեր մարդիկ (որոնց թիվը, ցավոք, շատ մեծ է)։ Վերջիններս հիմնականում «կենտրոնացված» են հանրապետության գյուղական վայրերում կամ փոքր քաղաքներում։ Ի տարբերություն «իշխանապատկանների»՝ նրանք մասնակի արդարացում ունեն, այն է՝ լուծման կարոտ ընտանեկան օրախնդրր հարցերը խլում են իրենց ողջ ժամանակն ու եռանդը, և պարզապես ուժ ու ցանկություն չի մնում՝ այլ խնդիրներով զբաղվելու։

Ուրեմն՝ ովքե՞ր են քաղաքացիները, ի՞նչ կերպ կարելի է բնութագրել նրանց, ինչո՞վ են նրանք տարբերվում սովորական անհատներից։ Դա հասարակության այն հատվածն է, որը պետության կամ ժողովրդի շահերը շոշափող առանցքային խնդիրներին ակտիվորեն արձագանքում է՝ լինի դա կլոր սեղանի, սեմինարի, բողոքի ցույցի, ստորագրահավաքի կամ որևէ այլ ձևով։ Ընդ որում՝ քաղաքացիներն անպայմանորեն փորձում են դրանց հաղորդակից ու մասնակից դարձնել հնարավորինս մեծ թվով մարդկանց՝ այդ կերպ ձգտելով հասնել հասարակական առավել լայն տեղեկացվածության և, հետևաբար՝ դրական արդյունքի։ Պետության ներկառավարման ոլորտում քաղաքացիները նախ և առաջ «ճանաչվում» են իշխանական տարբեր օղակների կողմից հաճախ դրսևորվող կամայականությունների դեմ իրենց համակարգված ու հետևողական նպատակային պայքարով։ Այս տեսանկյունից ուրախությամբ պետք է փաստենք, որ 20 տարին չբոլորած մեր երիտասարդ հանրապետությունում այդ «սայլը» վերջապես տեղից շարժվել է. զորօրինակ՝ Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ մարտնչողներ, Հյուսիսային պողոտայի տարհանվածներ, Դալմայի այգիների վարձակալներ, անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքներ և այլն։

Անշուշտ, նորօրյա իրողություններում քաղաքացիների «դասակարգման» մեջ են, համապետական վերջին ընտրությունների և դրան հաջորդած մարտի 1-ի ողբերգական դեպքերի ընթացքում իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալված անձինք, նրանց կանայք ու հարազատները, ովքեր գլխավոր դատախազության շենքի դիմաց յուրաքանչյուր ուրբաթ պիկետ են անում՝ պահանջելով քաղկալանավորների ազատությունը։

Քաղաքացիների շարքում հատկապես «ամուր» կանգնած են Հյուսիսային պողոտայում այսպես կոչված քաղաքական զբոսանքի մասնակիցները, նաև՝ դատարաններում քաղբանտարկյալների դատավարությունների օրերին վերջիններիս ակտիվորեն աջակցողները, ովքեր, ըստ էության՝ համառորեն պայքարում էն փաստացի հանուն անկախ ու անաչառ դատական նիստի, ինչը դատարանների ուղղակի պարտականությունն է՝ ըստ մեր երկրի Սահմանադրության։

Անտարակույս, քաղաքացիական «խմբավորումների» ու պայքարի այլ օրինակներ ևս կարող ենք մեջբերել, սակայն բավարարվենք այսքանով և արձանագրենք, թերևս, ամենակարևորը. քաղաքացիականության «սաղմերը» մեզանում առատ «հունձք» կտան միայն իրապես արդար ու ազատ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ անցկացման պարագայում։ Աա քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին ամենալուրջ փորձությունն է, որի հաղթահարման գլխավոր դերակատարը հասարակության առաջամարտիկն է՝ ՔԱՂԱՔԱՑԻՆ։ Նա է, որ շարքային ընտրողներին հետևողական պետք է լուսաբանի ու ապացուցի, որ քվե կոչվածը՝ մարդու ձայնն է, իրավունքն ու արժանապատվությունը, և վերջիններս կոպտորեն ոտնահարող հանձնաժողովականների ու իշխանավորների դեմ պետք է անվախ և միասնական պայքարել, ինչի դեպքում անխուսափելի է համապատասխան հատուցումը՝ ՊԱՏԻԺԸ։ Այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացիների գործուն խմբերի ղեկավարությամբ, աչալուրջ վերահսկողությամբ և հասարակության լայն շերտերի օժանդակությամբ Հայաստանում չեն անցկացվի ժողովրդի իրական վերաբերմունքն արտացոլող ազատ ու արդար ընտրություններ, այդքան ժամանակ, ցավոք սրտի, չենք կարող խոսել մեր երկրռւմ քաղաքացիական հասարակության մոտալուտ ձևավորման մասին։ Ի վերջո՝ ընտրությունների արդարացիությունը հիրավի կարելի է համարել ժողովրդավարության առաջնային չափանիշը։ Չէ՞ որ միայն այդ դեպքում է անհատը, տեսնելով իր քվեի որոշիչ լինելը, հավատում է նաև իր ընտրությանը տեր կանգնելու կարևորությանը, այն է՝ ընտրյալից (կուսակցությունից) պահանջում է նախընտրական խոստումների իրականացում։ Այս դեպքում նաև, ի լրումն, սկսում է աշխատել ընտրող-ընտրվող փոխադարձ կապը՝ վերածվելով մի ամբողջական շղթայի, որի մի օղակի «ժանգոտելու» կամ իր նշանակությամբ լավ չաշխատելու պարագայում ամբողջ օղակն է դադարում գործելուց։ Ամփոփելով՝ նշեմ, որ պետության ներսում կատարվող բոլոր պրոցեսների (քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, մարզական և այլն) նկատմամբ մարդկանց աչալուրջ ու հետևողական վերահսկողությունն է, որ նրանց հոգով «մերձեցնում» է տեղային կամ համապետական նշանակության ցանկացած խնդրի՝ անպայման դրական լուծման անհրաժեշտության գաղափարին, հաղորդում երկրի իսկական տիրոջը բնորոշ պարտավորեցնող զգացողություն, անտարբերությունը դառնում է դատապարտելի, և այս ամենի շնորհիվ է, որ նրանք սկսում են իրենց ՔԱՂԱՔԱՑԻ զգալ։ Միով բանիվ՝ ազատ քաղաքացիների պահանջատիրությունն ու վերահսկողությունն է քաղաքացիական հասարակության կայացման, դրական իմաստով նաև՝ քաղաքացիների իշխանության հաստատման առհավատչյան։