Գաղափարական կրիմինալից դեպի բանդիտական կրիմինալ

«Վեր Կաց» քաղաքացիական հոսանքը «ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿՐԻՄԻՆԱԼԻՑ ԴԵՊԻ ԲԱՆԴԻՏԱԿԱՆ ԿՐԻՄԻՆԱԼ» վերնագրված հայտարարությամբ անդրադարձել է Տիգրան Թորոսյանի հրաժարականին եւ հանրապետական կուսակցությանը

«Սեպտեմբերի 19-ին Տիգրան Թորոսյանն Ազգային Ժողովին ներկայացրեց իր հրաժարականի դիմումը: Հնգօրյա ժամկետը, որի ընթացքում դիմումը կրկնելու դեպքում այն համարվում է ընդունված, լրացավ երեկ` խորհրդանշելով եւ հանրապետական կուսակցության, եւ պետության որակական, շրջադարձային այլափոխման ավարտը: 2008թ. սեպտեմբերի 24-ը կարելի է համարել Հայաստանում քրեական վերջնական «բարեշրջման» սկզբնակետ. այդ օրը իշխանության մաս կազմող գաղափարական կրիմինալն իր տեղը զիջեց բանդիտական կրիմինալին:

Փետրվարյան ընտրություններից հետո վարչակարգին շրջապատող վարձկան աշխարհը դեռ երկար կարող էր գովաբանել «նախագահի հեղափոխական գործելաոճը», «կոռուպցիայի դեմ իշխանությունների հետեւողական եւ անզիջում պայքարը» «վարչապետի շնորհալիական իմաստնությունը», մինչդեռ Հովիկ Աբրահամյանի նշանակումը նույնիսկ նրանց շրջանում լուռ իրարանցում առաջացրեց: Անգամ վարձկաններին է հասկանալի, որ կատարվածը սովորական կադրային փոխատեղում չէր, այլ բացահայտ նախանշան, որ Հայաստանում ավարտվեց 10-ամյա կրիմինալ հեղափոխությունը: Գործող ռեժիմն այլեւս ձեւականությունների կարիք չի զգում եւ համարում է, որ կրիմինալ սափրագլուխների բրիգադիրը կարող է արդեն դուրս գալ ստվերից եւ անցնել իր լեյտենանտների գործունեության բացահայտ համակարգմանը, որոնք կրիմինալի հետեւողական ջանքերի շնորհիվ լիովին կենտրոնացել են հայրենի Օրենսդիր մարմնում` պետության բարձրագույն իշխանությունում:

Կարեկցանքի կաթիլ չտածելով Տիգրան Թորոսյանի նկատմամբ` անհնար է չազդվել այն սառնասրտությունից, որով հանրապետական վերնախավը եւ, հատկապես նրա առասպելական «հին թեւը» տառացիորեն հանձնեց կուսակցության փոխնախագահին: ՀՀԿ-ի համար սեպտեմբերի 19-24-ի կարեւորությունն ըմբռնելու համար անհրաժեշտ է մտաբերել 2 տարի առաջ կատարված իրադարձությունները: 2006թ. ամռանը Առաքելական եկեղեցու օրհնությամբ Հանրապետական կուսակցությունն իր գիրկն ընդունեց կրիմինալ օլիգարխիայի գրեթե ողջ կազմն իր պարագլխի առաջնորդությամբ: Այդ պահից ի վեր կուսակցության մտավոր ամբարում մնացած հատուկենտ գաղափարները բռնեցին քրեականացման ուղին` խտանալով «Միաբանություն հանուն ազգի փրկության» եւ «Առաջ, Հայաստան» կարգախոսների շուրջ: Կուսակցության գաղափարական, հետեւաբար նաեւ՝ քաղաքական մահը սկսված էր և ավարտվեց երեկ: Հանրապետական կուսակցությունը ներկայում ավելին չէ, քան կրծքանշան, որ հավաստում է բանդայական պատկանելությունը:

Սակայն Հանրապետականը կարող է մխիթարվել. նրա ճակատագիրը եզակի չէ: Նրան են ընկերակցում իր կոալիցիոն գործընկերները` ի սկզբանե անդեմ ԲՀԿ-ն, իշխանության կույր աղիքի առաքելությունը ստանձնած ՕԵԿ-ը եւ իր ընտրողներին դավաճանելու հարցում ռեկորդակիր ՀՅԴ-ն: Բանդայի գերիշխանությունն ընդունող «ղազագրի» ստորագրումը, թեկուզ եւ քողարկվելով ԱԺ նախագահի աթոռի «սեփականաշնորհված» լինելու արդարացմամբ, ցուցադրեց, որ «կուսակցական շահեր» հասկացությունն այլևս վերացած է: Բանդան հարաբերվում է միայն անհատների հետ: Այսուհետ շահեր ունի ոչ թե Օրինաց երկիրը, այլ Արթուր Բաղդասարյանը, ոչ թե Դաշնակցությունն, այլ, ասենք, Հրանտ Մարգարյանը, ոչ թե Բարգավաճ Հայաստանն, այլ հայտնի չէ, թե ով…

Թորոսյանը միանգամայն անկեղծ էր, երբ բողոքում էր իր կուսակիցների ապերախտությունից. նրան թվում էր, թե միայն մարտի 1-ը բավարար է կուսակցության փառքի պանթեոնում ցմահ տեղ ամրագրելու համար: Սակայն բազմավաստակ հանրապետականը չըմբռնեց, որ մարտիմեկյան դերակատարությամբ փորեց նաեւ իր սեփական գերեզմանը. բյուրեղացած բանդային գաղափարներ պետք չեն, լինեն դրանք նույնիսկ կրիմինալ: Ի վերջո, ըստ նոր կրիմինալ «Զորանամակի», եթե բանդայի երկրորդ դեմքը չունի սափրագլուխների նույնիսկ մի խղճուկ ջոկատ, ապա պարտավոր է իր տեղը զիջել շեֆից հետո կրակային երկրորդ հզորությանը տիրապետող բանդիտին: Տիգրան Թորոսյանը եւ նրա ընդհատակ անցած համախոհները պարտավոր էին հասկանալ, որ բանդային ընդհանրապես խորթ է քաղաքականությունը՝ թեկուզ քրեական, թեկուզ թաթախված «թշնամական արյամբ»:
Թող տարօրինակ չհնչի, սակայն մենք ինչ-որ չափով ուրախ ենք, որ գլխավոր օրենսդրի աթոռը վստահվեց բանդայի գլխավոր բրիգադիրին: Ռեժիմի հանդեպ պատրանքներն այլեւս հնարավոր չէ սնել իշխանական քարոզչությամբ: Հովիկ Աբրահամյանը մարմնավորում է այն մերկ ճշմարտությունը, որ բանդան անհամատեղելի է մեր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս հետ, եւ եթե հաղթեց առաջինը՝ վերանալու է երկրորդը…

«Վե’ր կաց» քաղաքացիական հոսանք