ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զգուշացեք պաշտոնյա հարեւաններից
Երեւանի Գաբիրել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի Անի Միքայելյանը իր բազմամարդ` 11 հոգանոց ընտանիքով խաղաղ ապրում էր Երեւանիս Ֆրունզեի փողոցի 18 շենքիի 3-րդ բնականարում: Ապրում է ավելի քան 30 տարի, առաջին հարկում գտնվող իր բնակարանի պատուհանի տակ խաղողի վազերով շրջապատված փոքրիկ այգի ունի, որ երեխաների համար հանգիստ է, հաճելի եւ օգտակար: Ապրում էր խաղաղ, քանի դեռ նրա հարեւան, ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության արդեն նախկին պետ Դավիթ Զաքարյանը չէր որոշել մի բնակարանը մեծացնել շենքի միջանցիկ մուտքի, բակի մի մասի հաշվին, հասնելով փոքրիկ այգուն, փակելով շենքի մուտքը, Անի Միքայելյանի բնակարանի լույսը եւ ոչ միայն:
Դավիթ Զաքարյանը նախ շինարարություն է սկսել, հետո կառույցը օրինականացնելու խնդրանքով դիմել քաղաքապետարան: Թեեւ Դավիթ Զաքարյանը հայտարարում է, թե համաձայն օրենքի, շինարարություն սկսելիս ստացել է մյուս բնակիչների համաձայնությունը, իրականությունը այլ է: Ըստ փաստաթղթերի, Անի Միքայելյանը դեռ 2007-ի մայիսին դատարան է դիմել սկսված ապօրինի շինարարությունը արգելելու խնդրանքով, իսկ Դավիթ Զաքարյանը միայն հուլիսին է դատարանին տեղեկացրել թե իբր հարեւանները համաձայն են իր կցակառույցի շինարարությանը: Նույն ամսին Դավիթ Զաքարյանի որդին Վահագն Զաքարյանը ծեծել է Անի Միքայելյանի ամուսնուն` Աշոտ Միքայելյանին: Այս քրեական դրսեւորման մասին քիչ ուշ: Իսկ պատկան բոլոր մարմինները` ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչությունը, Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը ուսումնասիրություններից հետո եզրակացրել են, որ շինությունը պետք է քանդվի: Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը հակառակ տեսակետին է եղել եւ Դավիթ Զաքարյանի օգտին վճիռ է կայացրել: ՀՀ Վերաքննիչ դատարանը սակայն, 2008 թվականի փետրվարին բեկանել է առաջին ատյանի վճիռը եւ որոշել որ կառույցը պետք է քանդվի: ՀՀ Վճռաբեկ դատարանը Դավիթ Զաքարյանի բողոքը չի ընդունել եւ Վերաքննիչի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Կա անգամ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն ուղղված կատարման թերթիկը, համաձայն որի, ապօրինի շինությունը պետք է քանդվեր դեռ 2008-ի հուլիսին, սակայն Դավիթ Զաքարյանի կցակառույցը իր տեղում է առայսօր:
Հավանաբար Վերաքննիչ դատարանում եւ վերջնականապես պարտվելուց հետո, չեն դիմացել Դավիթ Զաքարյանի նյարդերը: Նրա երկու տղաները` Վահագնը եւ Արթուրը ու էլի մոտ 20 երիտասարդ, 2008 թվականի օգոստոսի 29-ի երեկոյան ներխուժել են Աշոտ եւ Անի Միքայելյանների բնակարան, դաժանաբար ծեծել ամուսիններին, սպառնացել թե կխեղդեն նրանց թոռանը, եթե նրանք գրավոր համաձայնություն չտան, թե համաձայն են կցակառույցի գոյությանը: Այս դեպքից հետո Միքայելյան ամուսինները մոտ 10 օր հիվանդանոցում են եղել, իսկ Դավիթ Զաքարյանին հենց այս դեպքից հետո է, որ ընդամենը հեռացրել են աշխատանքից: Սակայն նաեւ քրեական գործ է հարուցված եւ այս եւ այս դեպքից ավելի քան մեկ տարի առաջ` վերը նշված դեպքի առթիվ` երբ Վահագն Զաքարյանը ծեծել էր Աշոտ Միքայելյանին:
Միքայելյան ամուսինները դիմել են բոլոր հնարավոր ատյաններին` սկսած դատարաններից մինչեւ ՀՀ նախագահ, վարչապետ, Ազգային ժողով: ՀՀ ոստիկանապետին էլ են դիմել, ով Միքայելյաններին ասել է, որ գործը իր ուշադրության կենտրոնում կլինի:
Միքայելյան ամուսինները վստահում են հայկական արդարադատությանը: Նաեւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
