Ուղերձներ գիտելիքի օրվա առթիվ

Այսօր Սեպտեմբերի մեկն է. Գիտելիքի և դպրության օրը։ Տոնի առթիվ շնորհավորական
ուղերձներ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը,
ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։

Սերժ Սարգսյանը իր ուղերձում նշել է. «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:Նոր գիտելիքի և կրթության ձգտումը մեզանում վերածվել է ազգային բնավորության, և
այսօր, մեր երկրի համար այս կարևոր ժամանակահատվածում, պետությանն ու
հասարակությանը վիճակված է ավելի ամրապնդել արժեքային այդ համակարգի հիմքերը,
արմատավորել հարգանքը մանկավաժի ու գիտության մարդու նկատմամբ և ամեն կերպ սատարել
կրթության ու գիտելիքի վրա հիմնված հասարակության կայացմանը:

Այս հանդիսավոր օրը, ողջունելով բոլորիդ, իմ շնորհավորանքն եմ հղում նաև նոր
ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին և այն պատանիներին ու
աղջիներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Ես լիահույս եմ, որ ուսումնառության տարիները Հայաստանի քաղաքացիների նոր սերնդի
համար կդառնան իրենց օժտվածության ու տաղանդի զարգացման, գիտելիքների ու
ունակությունների ձեռքբերման պատասխանատու ու կարևոր շրջան, և արդյունքում մեր
երկիրը կունենա ավելի հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ:

Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ նորանոր հաջողություններ և
արդյունավետ ուսումնական տարի»։

Տիգրան Թորոսյանի հղած շնորհավորական ուղերձում ասվում է. «Սեպտեմբերի 1-ը, որպես
գիտելիքի անծայրածիր աշխարհ տանող ճանապարհի սկիզբ, առանձնահատուկ նշանակություն
ունի յուրաքանչյուրիս համար: Սակայն այս օրը հատկապես հուզիչ է այն հազարավոր
առաջին դասարանցիների համար, ովքեր մեսրոպյան սքանչելի գյուտի շնորհիվ սկսելու են
հաղորդակցվել գրքերի խորհրդավոր աշխարհին, այն հազարավոր առաջին կուրսեցիների համար,
ում առաջ բացվում է գիտության ու գիտելիքների զարմանահրաշ աշխարհը:

Այս օրը ամեն տարի նորովի է նշանակալից մանկավարժների համար` որպես մի նոր
հանդիպում նրանց հետ, ում պետք է ուղեկցեն տարիներ շարունակ` տալով իրենց
հոգատարությունն ու գիտելիքները, կրթելով որպես հայրենասեր, բանիմաց, ազնիվ ու
պատվախնդիր քաղաքացիներ, ովքեր կերտելու են մեր երազանքների Հայաստանը»:

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ նկատել է. «Գիտելիքի Օրվա խորհուրդը
լուսավոր է և ուրախարար, լեցուն կյանքի առաջընթացի հույսով: Այս ձգտումով ու
լավատեսությամբ այսօր վերստին բացվում են հարյուրավոր կրթական հաստատությունների
դռները` ուսուցանելու և կրթելու մեր զավակներին, որոնց պիտի վստահվի մեր ժողովրդի,
մեր երկրի ու Հայրենիքի վաղվա օրը: Այն պիտի կերտենք բարօր ու երջանիկ, ծաղկուն`
գիտությամբ ու մշակույթով, աստվածասեր հոգու հավատով ու կյանքով, մեր նախնյաց
հավերժահայաց ժառանգությամբ»։