«Դասեր» ԶԼՄ-ներին` պետության առաջին դեմքերից

Վերջին ամիսներին Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքը (Հ1), իսկ նրա
հետ մեկտեղ նաեւ մասնավոր ալիքները, ասես դիրիժորական փայտիկի հրահանգով, սկսեցին
ուշադրության արժանացնել այն հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների
ներկայացուցիչների ելույթները, որոնց դիրքորոշումները` երկրի համար հրատապ
խնդիրների վերաբերյալ, սկզբունքորեն տարբերվում են պաշտոնականից: «Հայլուր»
լրատվական ծրագրում ժամանակ առ ժամանակ երեւում են այնպիսի անձինք, ովքեր նախկինում
Հ1-ի եթերի համար «պերսոնա նոն-գրատա» էին:

Սա նկատելի է, ինչպես ասում են, անգամ անզեն աչքով: Եվ ցանկացած մոնիտորինգ կարող է
միայն հաստատել նկատվող փոփոխությունները կոնկրետ թվերով: Սակայն այս ամենը բնավ էլ
չի նշանակում, որ Հանրային հեռուստատեսությունն իրոք դարձել է հանրային, որի
գործունեությունը կարգավորվում է անկախ մարմնի կողմից, եւ այսուհետ այն արտացոլելու
է հասարակության մեջ առկա կարծիքների բազմազանությունը: Պարզապես, եթե Ռոբերտ
Քոչարյանի իշխանության շրջանում պահանջվում էր անտեսել ամեն ինչ կամ` համարյա ամեն
ինչ, ինչը չէր համապատասխանում պաշտոնական քարոզչությանը, ապա այժմ պետության նոր
ղեկավարից որոշակի բազմակարծություն ապահովելու հրահանգ է իջեցվել: Ընդ որում` դա
արվել է միանգամայն բացահայտ. ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների կատարմանը նվիրված
խորհրդակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստառադիոընկերության
խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային
հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի` հավանություն արտահայտող հայացքների ներքո
տվեց վերջին հանձնարարականները` իբր, Հանրային հեռուստատեսությունը պետք է բավարարի
հասարակության տարբեր խավերի տեղեկատվական պահանջմունքները:

Այսպիսով, փոխվել է միայն պատվերի բովանդակությունը: Իսկ ըստ էության Հ1-ը եղել եւ
մնում է գործող իշխանության կամակատարը, իսկ ավելի ճիշտ` նախագահի եւ նրա մերձավոր
շրջապատի խոսափողը: Իսկ դա նշանակում է, որ ապագայում, եթե իշխող վերնախավի համար
նման անհրաժեշտություն առաջանա, նորից կարող են երեւան գալ ամենատարբեր «տաբուներ»
եւ ապօրինի սահմանափակումներ, որոնց Հանրային հեռուստատեսությունը անառարկելիորեն
կենթակվի: Նույնը կարելի է ասել նաեւ իշխանությունների տոտալ վերահսկողության տակ
գտնվող մասնավոր հեռուստաալիքների, ողջ հեռարձակման ոլորտի մասին:

Ընդհանրապես, եւ նախագահը, եւ վարչապետը իրենց պաշտոնավարման առաջին օրերից փորձում
են ցուցադրել նոր մոտեցումներ եւ հաստատել նոր հարաբերություններ ԶԼՄ-ների հետ:
Ընդսմին արդյունքը հաճախ լինում է ուղիղ հակառակը: Այսպես, ԵԽԽՎ 1609 բանաձեւի
պահանջների կատարմանը նվիրված հիշյալ խորհրդակցություններից մեկի ժամանակ Սերժ
Սարգսյանը, ասես արդարանալով ԶԼՄ-ներին բուռը հավաքած իր նախորդի առջեւ, սենսացիոն
հայտարարություն արեց, որը չգիտես ինչու հասարակության կողմից անհրաժեշտ
ուշադրության չարժանացավ: Մասնավորապես, երկրի ղեկավարը ընդունեց, որ այժմ երկրում
իրավիճակն այլ է, քան տասը տարի առաջ, եւ` մարտի 1-ի դեպքերը ցույց տվեցին, որ
հնարավոր չէ ճնշել խոսքի ազատությունը: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի թիմը հանգիստ
խղճով կշարունակեր մարդու հիմնարար իրավունքներից մեկի` խոսքի ազատության
ոտնահարումը Հայաստանում, եթե չլինեին մարտի մեկի իրադարձությունները, եւ որ` միայն
փոփոխված պայմաններն են որոշակի թափանցիկություն եւ ԶԼՄ-ների բազմակարծություն
թելադրում:

Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա նա նոր կառավարության արդեն
առաջին նիստերում կոչ արեց նախարարներին` սովորել նորովի աշխատելու, այդ թվում եւ`
զանգվածային լրատվամիջոցների հետ: Ընդ որում, իբրեւ առաջին «դասի» թեմա նա ընտրել
էր «Առավոտ» թերթի հրապարկումը` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից մի
անչափահասի ծեծելու մասին: Վարչապետի հանձնարարականով անցկացվեց ծառայողական
հետաքննություն, որի եզրակացության համաձայն թերթի բերած բոլոր փաստերը համարվեցին
իրականությանը չհամապատասխանող:

Կառավարական հանձնաժողովի եզրակացությունները միանգամայն համապատասխանում էին
վարչապետի այն հանձնարարականին, թե «Մենք նպատակ ունենք պաշտպանելու մեր
գործընկերների, պաշտոնյաների պատիվը եւ արժանապատվությունը, եւ եթե ԶԼՄ-ներում
հայտնվում են զրպարտական լուրեր կամ սուտ տեղեկատվություն, մենք պարտավոր ենք ձեզ
հետ միասին արձագանքել»: Եվ իրականում էլ չինովնիկները պաշտպանում էին համազգեստի
պատիվը, չնայած այն բանին որ թերթում հրապարկվել էին ակնհայտ եւ Գորիսում բոլորին
լավ հայտնի փաստեր, այդ թվում նաեւ այստեղ տիրող վախի մթնոլորտի մասին: Այս առթիվ
թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը հայտարարեց, որ ծառայողական քննություն անց
էր կացվել ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ «Առավոտին» վարկաբեկելու համար:

Ի՞նչ դասեր պիտի քաղեն այս պատմությունից նախարարներն ու մյուս պաշտոնյաները մի եւ
ԶԼՄ-ները` մյուս կողմից: Դատելով ըստ ամենայնի, առաջինները կարող են վստահ լինել,
որ հրապարակումների առթիվ կառավարական մակարդակով քննությունն իրենց
հնարավորություն կտա, պատկերավոր ասած, ջրից չոր դուրս գալ: Իսկ ԶԼՄ-ները հիմա
կիմանան, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին ցանկացած լուրջ
քննադատություն կարող է օգտագործվել նույն ԶԼՄ-ի դեմ: Այս է լրատվամիջոցների հետ
աշխատանքի վարչապետական «նորարարության» էությունը: Ընդսմին, Տիգրան Սարգսյանը
հայտարարեց, որ կազմակերպելու են սեմինարներ լրագրողների համար, հրավիրելու են
արտասահմանյան մասնագետներ եւ նրանց օգնությամբ մշակելու են ԶԼՄ-ների էթիակական
կանոններ:

Ի՞նչ կարելի առաջարկել կառավարությանն ու նրա ղեկավարին այս առնչությամբ: Ամենից
առաջ` հրաժարվել ԶԼՄ-ների քննադատությունից պաշտոնյաներին կոլեկտիվ կերպով
պաշտպանելու եւ պատասխանատվությունից ազատելու գաղափարից, հատկապես` երբ խոսքը
բավականին օդիոզ կերպարների մասին է: Այդ պաշտոնյաներն իրենք կարող են, օրենքի
համաձայն, դիմել համապատասխան խմբագրություններին` պահանջելով հրապարակել իրենց
պատասխանը կամ հերքումը, պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի
պաշտպանության դատական հայց ներկայացնել: Եվ, որ նախընտրելի է խնդրի արտադատական
կարգով լուծելու տեսակետից, նրանք կարող են բողոք ներկայացնել ԶԼՄ-ների էթիկայի
Դիտորդ մարմնին, որն էլ հենց զբաղվում է տեղեկատվական ոլորտի վեճերի քննությամբ`
հիմք ունենալով ավելի քան 30 լրատվամիջոցների ստորագրած Վարքականոնը:

Համապատասխանաբար, կառավարությունը հարկ չունի զբաղվելու ոչ իր գործով եւ
հրավիրելու արտասահմանյան մասնագետների` լրատվամիջոցների համար էթիկական նորմեր
մշակելու նպատակով: Դա լրագրողական հանրության գործն է, եւ նման Վարքականոն, ինչպես
արդեն ասվեց, գոյություն ունի: Իսկ այ, օրինակ, հեռարձակման ոլորտը կարգավորող
օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը, հենց այն է, ինչ
պահանջվում է իշխանություններից, ընդ որում` արդեն երկար տարիներ: Ընդսմին, պետք է
նաւ հրաժարվել հեռուստաընկերությունների տոտալ վերահսկողությունից եւ մյուս
ԶԼՄ-ների թաքնված գրաքննությունից:

Եվ վերջապես, եթե կառավարությունն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում
բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին հնչած քննադատական հրապարակումների ծառայողական
քննություն իրականացնել եւ վեր հանել ճշմարտությունը, ապա կարող է դիմել
լրագրողական կազմակերպություններին եւ ներգրավել անկախ փորձագետների: Այդ դեպքում
արդյունքը առավել անաչառ կլինի, քան զուտ կառավարական հանձնաժողովի ներկայացրած
պատկերն է:

Այսուհանդերձ, ԶԼՄ-ների համար պետության առաջին դեմքերի «դասերը», կարծես, դադարել
են: Հնարավար է այն պատճառով, որ ամառային արձակուրդնե՞ր են: Իսկ գուցե ինչ-որ մեկը
նախագահի եւ վարչապետի ականջին շշնջացե՞լ է, որ նրանք, կարծես, սխալ ճանապարհով են
գնում...