Վերաքննիչը որոշեց, որ նախաքննությունը պետք է վերսկսել

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ մերժեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ որոշման դեմ ՀՀ դատախազության բողոքը: Սա նշանակում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կվերսկսի Լեւոն Գուլյանի մահված առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։

Լեւոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 12-ին որպես սպանության վկա կանչվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, հետո տեղափոխվել ՀՀ ոստիկանության շենք: Ըստ ոստիկանության, վկա Լեւոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել: Ըստ Գուլյանի հարազատնների, նրան ծեծել, խոշտանգել են ոստիկանները: Այս գործում շոշափվում են մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ: Լեւոն Գուլյանի գործը նախ քննել էր դատախազությունը, հետո` հատուկ քննչական ծառայությունը եւ 2008 թվականի մարտի 12-ին կարճել` հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ դատախազությունն էլ 2008 թվականի մարտի 26-ին մերժել էր Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը` վերսկսել գործի քննությունը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի հունիսի 6-ին բավարարեց գործի քննությունը վերսկսելու միջնորդությունը:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը նախքան վճիռ կայացնելը հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ քննիչ Դանեիել Պետրոսյանին մի շարք հարցեր ուղղեց։ Մասնավորաբար, ինչու՞ Լեւոն Գուլյանը չի փորձել փախնել բաց դռնով, այլ ցատկել է պատուհանից, ինչու մանեկենով փորձաքննություն չի արվել պարզելու համար, թե ինչպես է ընկել Լեւոն Գուլյանը։ Քննիչ Պետրոսյանը հայտարարեց, որ այդ փորձաքննությունը ոչինչ չէր տա, չնայած ըստ գործի նյութերի, նման փորձաքննություն չի արվել մանեկեն չլինելու պատճառով։ Իսկ Լեւոն Գուլյանի հարազատների այլ երկրից մանեկեն բերելու պատրաստակամությանը իրավապահները ընթացք չեն տվել:

Քննիչ Պետրոսյանը հայտարարեց, որ Լեւոն Գուլյանին ոստիկանության Շենգավիթի բաժնից տարել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն ոչ թե առերեսման, ինչպես նշված է գործում, այլ՝ հարցազրույցի, դատավորը նկատեց. «մարդուն ազատությունից զրկելով, պետական կառույցի ներկայացուցիչների ուղեկցությամբ եւ պետական կառույցի մեքենայով մի կառույցից այլ կառույց տանելը համարվում է հարցազրույցի հրավիրե՞լ»։ Քննչի պատասխանները շատ հաճախ խուսափողական էին, շատ հաճախ Դանիել Պետրոսյանը հարցին հարցով էր պատասխանում, ինչից հետո դատավորը եզրակացրեց. «ստացվում է, որ ամեն անգամ սպանության գործ քննելիս պետք է այսպիսի ողբերգություն լինի՞»։