Կիրակի Հայաստան կայցելի Թոմաս Համմարբերգը

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը, կիրակի` հուլիսի 13–ին եռօրյա այցով ժամանում է Երեւան, գնահատելու է մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննման գործում ձեռք բերված առաջընթացը, տեղեկացնում է Եվրախորհրդի լրատվական ծառայությունը։

Այսօր տարածած հաղորդագրությունում ԵԽ լրատվականը տեղեկացնում է, որ այցից առաջ Թոմաս Համմարբերգը ասել է. «Հայաստանի վերաբերյալ իմ վերջին զեկույցում հորդորել էի համակողմանի հետաքննություն անցկացնել մարտի 1-ին տեղի ունեցածի շուրջ: Ուստի իմ այս այցելության նպատակն է՝ տեղեկանալ, թե ինչ առաջընթաց է արձանագրվել այս ուղղությամբ եւ ճշգրիտ տեղեկություններ հավաքել կալանավորվածների թվի եւ նրանց կարգավիճակի մասին։ Իմ այս այցը մասն է Հայաստանի իշխանությունների հետ շարունակվող երկխոսության եւ հաջորդում է հոկտեմբերին եւ մարտին կատարած այցելություններիս։ Ես նաեւ ծանոթ եմ Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձեւին եւ մտադիր եմ ապահովել միջազգային ներդրումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրադրության բարելավման գործում»:

Երեւանում Թոմաս Համմարբերգը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի եւ կառավարության ղեկավար անդամների, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կայցելի կալանավայրերը: Թոմաս Համմարբերգը հանդիպելու առաջարկ է արել նաեւ Լեւոն Տեր–Պետրոսյանին։