Դիտարկվելու է նաեւ գործնական հարթությունը

Երեւանի մամուլի ակումբի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության համատեղ ջանքերով, այսօր Երեւանում անցկացվեց «Բազմակարծությունը Հայաստանի լրատվամիջոցներում» համաժողով, որի ժամանակ թերեւս ավելորդ անգամ փաստվեց. Հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցներում՝ հեռուստաընկերություններում բազմակարծություն կամ չկա, կամ գրեթե չկա։

Իշխանության ներկայացուցիչներ ԱԺ պատգամավորներ Նարիա Զոհրաբյանը եւ Գագիկ Մինասյանն էլ հերթական անգամ հայտարարեցին, որ իշխանությունները այս ուղղությամբ բարեփոխումներ են անելու, բազմակարծություն են ապահովելու երեք պատճառով. Դա պետք է մեզ, ոչ թե Եվրոպային, դա անելու համար ունեն քաղաքական կամք եւ դա կա իշխանությունների ծրագրերում։

Չնայած այս հայտարարություններին համաժողովի եվրոպացի մասնակիցները՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենսդրության գլխավոր տնօրինության օրենսդրության եւ մարդու իրավունքների զարգացման բաժնի ծրագրերի խորհրդական Ֆրանցիսկա Կլոպֆերը, ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի ավագ խորհրդական Անա Կարլսրայթերը, ԵԽԽՎ լրատվամիջոցների ենթակոմիտեի ղեկավար Էնդրյու Մակինթոշը հայտարարեցին, որ բազմակարծություն ապահովելու համար հիմա պատեհ պահ է եւ հենց հիմա պետք է սկսել այդ ուղղությամբ աշխատանքները։ Էնդրյու Մակինթոշը մի քանի անգամ նշեց, որ օրինակ Բելոռուսը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերում բացթողումներ ունենալու արդյունքում ԵԱՀԿ–ում զրկվել իր իրավունքներից, բայց ԵԱՀԿ–ն շարունակում է աշխատել այս պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ։ Բազմակարծության հետ կապված խնդիրներ ունեն ԵԱՀԿ անդամ շատ կազմակերպություններ եւ ԵԱՀԿ–ն աշխատում է բոլորի հետ, տարբեր են առկա խնդիրները լուծելու ձեւերը։

Օրինալ Բրիտանիայում հեռուստատեսության ոլորտը քաղաքական եւ անձնական շահերի ազդեցությունից զերծ պահելու համար հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորում են հեռուստացույց ունեցող քաղաքացիները՝ քանի հեռուստացույց ունես, այնքան գումար ես վճարում։ Նույն Բրիտանիայում սեփական տպագիր լրատվամիջոց ունեցողը իրավունք չունի հեռուստաընկերություն ունենալ։ Իսկ ընդհանրապես, Էնդրյու Մակինթոշը առաջարկում է այս ոլորտը կարգավորել ելնելով սկզբունքներից. ոլորտը կարգավորող մարմինը պետք է լինի անկախ, թափանցիկ, վստահելի եւ հաշվետու ոչ միայն կառավարությանը, այլ նաեւ խորհրդարանին եւ հասարակությանը, ոլորտի կանոնները պետք է պարտադիր լինեն բոլոր հեռուստաընկերությունների համար, կարգավորիչ մարմնում չպետք է լինեն ոլորտում անձնական կամ բիզնես շահեր ունեցող, կամ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ։ Էնդրյու Մակինթոշը հատուկ նկատեց, որ տպագիր մամուլը կարող է կողմակալ լինել, քանի որ թերթ տպագրելու սահմանափակում չկա։ Իսկ եթերային հաճախականությունները սահմանափակ են, եւ հենց այս պատճառով հատկապես կարեւոր է, որ անաչառություն, անկողմակալություն եւ բազմակարծություն ապահովեն հենց հեռուստաընկերությունները։
Էնդրյու Մակինթոշը նշեց, որ այս անգամ եվրոպացի զեկուցողները դիտարկելու են ոչ միայն այս ոլորտում օրենսդրության բարեփոխումների ընթացքը, այլ նաեւ այդ օրենքները կյանքի կոչելու քայլերը։

Իշխանության ներկայացուցիչները բնականաբար չհամաձայնեցին ասվածին։ Ըստ հանրապետական Գագիկ Մինասյանի, տարվա սկզբի համեմատ Հայաստանում բազմակարծությունը աճել է, ըստ ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանի, հեռուստաընկերություններում բազմակարծության մակարդակը գոհացուցիչ չէ, բայց թերթերն էլ իրենց հերթին բեեւեռացած են։

Ընդդիմադիրները բնականաբար համաձայն էին եվրոպացիների հետ։ «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, որ այսօր կա ընդամենը հրահանգով կարգավորվող ազատություն, որը վաղը նույն հրահանգով կարող է չլինել։ Իսկ համաժողովրդական շարժումը համաժողովին ներկայացուցիչ չէր ուղարկել։ Ուղարկել էր գրավոր ելույթ՝ Լեւոն Զուրաբյանի անունից։ Կեղծ քրեական մեղադրանքներով, կարծիք հայտնելու համար կալանավորված՝ քաղբանտարկյալներ ունենալու պարագայում բազմակարծության մասին բանավիճելը անհնար է եւ անիմաստ, եթերի տոտալ վերահսկումը շարունակվում է, հրահանգված է «Ազատությոն մինչեւ անցի վտանգը», նկատում է համաժողովրդական շարժման ներկայացուցիչը։