Խարիզման և նարցիսիզմը հայաստանյան քաղաքականությունում

Ժամանակակից մտածողությունը դիմում է ոչ թե անընդհատությանը, այլ ընդհատումին՝
դիսկրետության: Առաջինի օրինակ կարող է ծառայել մարդկության առաջադիմության լիբերալ
տեսությունը, Դարվինի էվոլուցիոն կենսաբանությունը, երկրորդինի՝ Թովմաս Կունի
գիտական հեղափոխությունների տեսությունը:

Եթե գանք Հայաստանի վերջին դարաշրջանի պատմությանը, ապա այն ոչ թե անընդհատ
զարգացման, այլ աղետների և ընդհատումների պատմություն է: Արագ փոփոխվող քաղաքական
իրականությունը պահանջում է այնպիսի գործիչների, որոնք հասարակությանը կառաջնորդեն
այնպիսի համակարգային և կառուցվածքային փոփոխությունների, որոնք թույլ կտան
հարմարվել նոր իրողություններին: Ակնհայտ է, որ այդ գործիչը չի կարող լինել
պահպանողական կամ ռացիոնալ-դատողական տիպի քաղաքական առաջնորդ: Նա պետք է լինի
անսովոր քաղաքական գործիչ, այնպիսի մեկը, որ խարիզմա ունի:

Միանգամից նկատենք, որ խիստ պահպանողական, այս առումով «հոգնած», Լ. Գումիլյովի
բառերով ասած «ռելիկտային»՝ «բրածո» ժողովուրդները համարյա ընդունակ չեն վառ և
խարիզմատիկ առաջնորդներ առաջ քաշելու, իսկ եթե հայտնվում են, նրանց հալածում են և
արտաքսում: Մենք հպարտանում ենք, որ «հին ժողովուրդ» ենք և մեր հիմնական
արժանիքներից համարում ավանդապաշտությունը: Մեր պատմությունը համարում ենք «գոյատևում»,
չնկատելով, որ մեր կողքով մեծ կյանք է անցնում: Մյուս կողմից, քաղաքական աղետները
խոր հետք են թողել հայ ժողովրդի հոգեբանության վրա, և նրա մեջ միշտ էլ կենսունակ է
եղել «ազգի փրկչի» գաղափարը: Այս երկու՝ իրար հակասող ձգտումներից է ծնվել «Ռուս
կամ բոլշևիկ փրկչի» գաղափարը: Ավանդապաշտ լինելը թույլ չի տվել խարիզմատիկ
առաջնորդի հայտնվելը, և փրկությունը գտել են դրսում:

«Խարիզմատիկ առաջնորդ» եզրի համար մենք պարտական ենք մեծ սոցիոլոգ Մ. Վեբերին: Ըստ
նրա, խարիզմատիկ անհատի իշխանությունը ծագում է նրանից, որ մարդիկ խարիզմատիկ
առաջնորդին սկսում են վերագրել գերբնական հատկություններ: Այսինքն, բոլորովին էլ
էական չէ, թե այդ հատկությունները և կարողություններն իրական են, թե թվացյալ:
Խարիզմատիկ առաջնորդը միշտ չէ, որ պատմաբանների կողմից նկարագրվող «մեծ գործիչն» է,
և խարիզմատիկ առաջնորդը բոլորովին էլ միայնակ հերոսը չէ: Չնայած նրան շրջապատող
զանգվածային ոգևորությանը, որը կարելի է համեմատել միայն կրոնական զգացումի հետ,
այս երևույթը միանգամայն սոցիալական է, և խարիզմատիկ կարողության մասին լեգենդը
պահպանելու համար, ինչպես այլ տիպի քաղաքական գործիչների դեպքում է, անհրաժեշտ են
շոշափելի ռեսուրսներ և որոշակի սոցիալական խմբերի և կառույցների անընդհատ ջանքերը և
մշտական աշխատանքը: Մ. Վեբերը տարբերակում է «քաղաքական շտաբները» և «քաղաքական
առաջնորդների» սոցիալական հաստատությունները, և մատնանշում նրանց միջև առկա
հակասությունների անխուսափելիությունը: Այդպիսի կոնֆլիկտներ մեր քաղաքական կյանքում
բազմիցս ենք նկատել, վերջինը, կարծես թե, առկա է իշխանական ճամբարում, որը լիդերի
փոփոխության ճգնաժամային վիճակում է:

Սովորաբար հասարակ մարդիկ, իսկ այս խմբի մեջ մտնում են բոլոր նրանք, ովքեր
«քաղաքական շտաբ» կամ «առաջնորդ» չեն, անկախ իրենց ինտելեկտից, տնտեսական կամ
սոցիալական դիրքից, իրենց քաղաքական գիտակցությունը և քաղաքական արժեքները ստանում
են «խարիզմատիկ առաջնորդից», և որքան շատ մարդ է ստանում այդ ազդակը, այնքան
խարիզմատիկ է առաջնորդը: Հետևաբար, խարիզմայի առկայության հիմնական չափանիշը կարելի
է համարել «ժողովրդական հանրաքվեն», առաջնորդի զանգվածային միջոցառումներին
մասնակցելու ցանկություն հայտնած մարդկանց թիվը: Նկատենք, որ կա ձևավորված
քաղաքական համակարգ և կա այդ քաղաքական համակարգի կողմից օրակարգով, սովորական
ընթացակարգով և միջոցներով լուծվող խնդիրներ, և եթե կա խարիզմատիկ առաջնորդ և նրա
ղեկավարած ազդեցիկ քաղաքական շարժում, ապա դա վկայում է, որ կան նաև խնդիրներ,
որոնք ընթացակարգով և օրակարգով լուծել անհնար է: Հասարակության այդ մասը համարում
է, որ հարկավոր են համակարգային փոփոխություններ, ինչը հակասում է օրակարգի և
ընթացակարգի տրամաբանությանը: Այս առումով, ինչպես էլ նայենք, խարիզմատիկ առաջնորդը
հեղափոխական գործիչ է, եթե նույնիսկ իշխանության է պատրաստվում գալ կամ եկել է
միանգամայն օրինական և սահմանադրական ճանապարհով: Ընդգծենք. խարիզմատիկ առաջնորդը
հայտնվում է հասարակական ճգնաժամի պահին, երբ ավանդույթը «չի աշխատում» և նոր
հասարակարգի պահանջ կա:

Հայաստանում բազմաթիվ քաղաքական գործիչներ հավակնություն ունեին դառնալ խարիզմատիկ
առաջնորդներ՝ Ա. Գեղամյանից մինչև Վ. Մանուկյան, բայց այսօր կա միայն մի խարիզմատիկ
գործիչ՝ Լ. Տեր-Պետրոսյանը: Նշանակում է, որ այդ գործիչները չունեին իրենց մեջ այն
բոլոր բաղադրիչները, որ հարկավոր է խարիզմատիկ առաջնորդին:

Ժամանակակից հոգեբանությունն առանձնացնում է վեց այդպիսի բաղադրիչ.

  1. «Օտարություն»



    Խարիզմատիկ առաջնորդը պետք է լինի «մեզնից մեկը», բայց ունենա նաև տարբերվող
    հատկանիշ՝ հաճախ կապված ծագումի հետ. օրինակ՝ կորսիկացի Նապոլեոնը: Լ.
    Տեր-Պետրոսյանը մուսալեռցի է, ակադեմիական գիտնական, պոլիգլոտ, ինտելեկտուալ: Նա
    բավարար չափով «օտար» է, որ նրա շուրջ լինի խորհրդավորության աուրան:

  2. «Ստիգմատ»՝ «դրոշմ»



    Խարիզմատիկ առաջնորդի արտաքին տեսքի մեջ պետք է լինի այնպիսի բան, որ հիշվող է և
    առանձնացնում է նրան զանգվածից: Այն կարող է լինել ինչպես ֆիզիկական
    առանձնահատկություն՝ կարճահասակություն, կամ ընդհակառակը՝ հսկայի հասակ,
    կաղություն, կամ կերպարային առանձնահատկություն. օրինակ՝ Չերչիլի սիգարը, Լենինի
    գլխարկը:

  3. Պայծառացում



    Առաջնորդի կողմից իր պատմական առաքելության գիտակցման առասպելը: Խարիզմատիկ
    առաջնորդը հայտնվում է հանկարծակի: Շաքարի մագնատների ընտանիքից ծագող, հաջողակ
    իրավաբան Ֆ. Կաստրոն խզեց իր կապն ընտանիքի և իր սոցիալական միջավայրի հետ: Լ.
    Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն անակնկալ էր շատերի համար, և որը նա
    բացատրեց իր պատմական առաքելության անհրաժեշտությամբ՝ մաքրել քաղաքական համակարգի
    «ավգյան ախոռները»:

  4. Նորություն

    Խարիզմատիկ առաջնորդը բերում է նոր գաղափարներ, խոստանում փոխել մարդկանց կյանքը,
    նրանց նոր հույսեր է տալիս: «Ավազակապետություն» կամ «թաթար-մոնղոլական խանություն»
    հղացքները ոչ միայն շոկ առաջացրեցին հասարակության մեջ, այլ նաև դարձան արմատական
    փոփոխությունների խորհրդանիշ:
  5. Ծեսեր

    Ժողովրդի և նրա առաջնորդի հանդիպումը պետք է ուղեկցվի որոշակի հանդիսավորությամբ:
    Կարելի է հիշել հայկական ավանդական «ոտքերի մոտ ոչխար մորթելը», բայց Լ.
    Տեր-Պետրոսյանն այս կետում էլ ավանդական չէ: Առանց անմեղ կենդանիների «ջարդի» էլ նա
    կարողանում է մտցնել հանդիսավորության զգացողություն, այն աննկատ վերափոխելով
    մերձության:
  6. Պայքար

    Խարիզմատիկ լիդերն իր պայքարի մեջ անդադրում է: Պայքարը նրան ներկայացնում է իբրև
    ուժեղ և աննկուն գործչի: Նույնիսկ Լ. Տեր-Պետրոսյանի լռության տարիներն ընկալվում
    են որպես «աքսորի»՝ կամային և ինտելեկտուալ պայքարի տարիներ: Ավելորդ է ասել, որ
    միայն խարիզմատիկ քաղաքական գործիչը կարող էր առաջարկել «Պայքար, պայքար՝ մինչև
    վերջ» կարգախոսը:

Խարիզմայի խնդիրը կարևոր է այնքան, որ այսօր դարձել է քաղաքական տեխնոլոգիաների
նպատակը: Խոսում են զանգվածային լրատվամիջոցների, հատկապես՝ հեռուստատեսության, և
զանգվածային մշակույթի կողմից ձևավորվող «կեղծ խարիզմայի» մասին: Ասել, որ
զանգվածային մշակույթը ստեղծել է այնպիսի իրադրություն, որ այլևս կարող են լինել
բացառապես «կեղծ խարիզմատիկներ», չի կարելի: Մեր քաղաքական կյանքում, անշուշտ, եղել
են «կեղծ խարիզմա» ունեցող քաղաքական առաջնորդներ: Լ. Տեր-Պետրոսյանը և նրա թիմը
հոգում են այդպիսի տպավորություն չթողնելու մասին: Համենայն դեպս, նա խուսափում է
դառնալ «հեռուստաաստղ», կամ իրեն առնչել զանգվածային մշակույթի հետ: Ցանկացած
դեպքում «կեղծ խարիզմայի» խնդիրը մնում է, հետևաբար մնում է նաև «կեղծը» «բնականից»
զատելու պրոբլեմը: Այսպես դիտարկված, երկրորդական են դառնում քաղաքական
տեխնոլոգիաների խնդիրը և էական է դառնում քաղաքական գործչի մարդկային նկարագիրը:

Քաղաքական հոգեբանությունը ճանաչում է առաջնորդի երեք տիպեր՝ «նարցիսական»,
«հոգատար» և «պարտականության»:

Նարցիսական առաջնորդին հարկ է տարբերել մի կողմից, էրոտիկ կամ հոգատար առաջնորդի
տիպից, իսկ մյուս կողմից՝ սևեռված խառնվածքի առաջնորդներից: Հոգատար առաջնորդները
կախվածություն ունեն սիրո զգացումից, վախենում են կորցնել մարդկանց սերը և այդ
պատճառով ընդգծված և անկեղծորեն հոգատար են: Երկրորդ տիպը հակված է
պայմանականությունների, պնդում է պարտականությունների ճշգրիտ իրագործման
անհրաժեշտության վրա: Ցանկացած մարդ, ցանկացած քաղաքական առաջնորդ այս երեք
հակումների խառնուրդ է, և նարցիսական առաջնորդի մոտ մի գիծը՝ նարցիսականը
գերակայում է:

Առանձնահատուկ տեղ ունեն նարցիսական քաղաքական առաջնորդները:

Լինելով մրցունակ, հավակնոտ և ինքնավստահ, նրանք գործում են վճռական, սպասելով
մյուսներից, որ նրանք կընդունեն իրենց բացառիկ կարողությունները և կփառաբանեն
դրանք: Նրանք խիզախ են, խելացի և համոզիչ, հմայիչ այնքան, որ կարող են մյուսների
համար աննկատելի ծառայեցնել իրենց անձնական շահերի իրագործմանը: Խնդիրը միայն
նրանում է, որ նրանք անընդունակ են սոցիալական համագործակցության, անկարող են լինել
արդարամիտ, կամ զղջալ իրենց արարքների համար: Ավելին. նրանք կարծում են, որ նրանց
պետք է պատկանի այն ամենը, ինչ նրանք կամենում են: Հաճախ նրանք կարող են իրագործել
իրենց հավակնությունները, և վերցնել իրենց կամեցածը: Եթե նրանք ստեղծագործ անհատներ
են, ապա նրանց գործունեությունը բարիք է հասարակության համար, նրանք կարողացել են
վերափոխել իրենց Ես-ի ուժը արվեստի, գրականության, գիտության արժեքների,
քաղաքականության դեպքում՝ իրագործել խոր հասարակական վերափոխություններ: Խարիզմատիկ
առաջնորդներ ամենից հաճախ հանդիպում են հենց այդպիսի մարդկանց մեջ:

Ցավոք, ավելի հաճախ հանդիպում են անստեղծագործ նարցիսներ:

Անստեղծագործ նարցիսները ծայրահեղորեն կախված են իրենց միջավայրից, և նրանց
նարցիսիզմը կարող է գոյատևել միայն այն պատճառով, որ միջավայրը ցանկանում է կամ
ստիպված է հոգալ նրանց մասին: Դա ճիշտ է ինչպես մեծագույն բռնապետի, այնպես էլ
սովորական կատատոնիկի համար: Ֆրանսիական ժամանակակից մտածող Յ. Կրիստևան գրում է.
«Ո՞վ այսօր դեռ հոգի ունի: Ժամանակ և հարմար տեղ չկա` դաստիարակելու սեփական
հոգին»: Կենտրոնացած լինելով ինքն իր վրա՝ ժամանակակից մարդը նարցիսական է,
հնարավոր է՝ դժբախտ է, բայց առանց մեղքի զգացումի: ...Եթե նա ճնշված է, ապա
ոգևորվում է այլասերված հաճույքի ստոր և արժեզրկված նպատակներով, որոնք
բավարարություն չգիտեն: Առանց սեքսուալ, սուբյեկտիվ և բարոյական ինքնության՝ այդ
ամֆիբիան հանդիսանում է սահմանային էակ, «պատահականություն» կամ «ինքնախաբկանք»:
Որպեսզի անստեղծագործ նարցիսը կարողանա դառնալ հասարակական նշանակալի գործիչ, պետք
է ինքը՝ դարաշրջանը, համապատասխան լինի, խախտված լինի իրականի, իսկականի, թվացյալի
և խաբկանքի միջև սահմանը՝ լինի պոստմոդեռնիզմի դարաշրջան:

Չնայած այդպիսի նարցիսական առաջնորդի հետաքրքրությունը կենտրոնացած է սեփական
Ես-ին, չնայած նրանք սովորաբար անկարող են սիրել, ինչը նրանց հետ անմիջական շփումը
դարձնում է դժվար, երբեմն՝ տհաճ, նրանց հակումն ինքնապաշտպանական մեխանիզմները
չարաշահելուն, մատնանշում է, որ նրանց անհնար է իսկական առումով անվանել ինքնավստահ
և անկախ, ինչպես նաև կայուն, վստահ կամ ինքնուրույն անհատներ: Այն բանից հետո, երբ
միջավայրը կորցնում է հետաքրքրությունը նրանց հանդեպ, երբ փառաբանողների բանակը
նվազում է, նրանք կարծես կորցնում են իրենց հմայքը և տաղանդը:

Անշուշտ կարելի է տալ նաև անուններ, բայց կարծում եմ ակնարկները լիովին թափանցիկ
էին: