ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օմբուդսմենը առաջարկում է սկսել առավոտվա դեպքերից
Ինչպես հայտնի է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պատրաստ է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին։ Այսօր Արմեն Հարությունյանը նամակ է հղել նշված հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:
«Հայտնի իրադարձությունների օբյեկտիվ եւ համակողմանի ուսումնասիրությունը, ինչպես նաև դրանց հիմնապատճառների բացահայտումն անհնար են առանց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում քաղաքացիների հրապարակային միջոցառման դադարեցման իրավաչափության, այդ կապակցությամբ ոստիկանության գործողությունների օրինականության և գործադրված ուժի համաչափության պարզման:
Այդ առումով, չափազանց կարևոր եմ համարում, որպեսզի հանձնաժողովը, օգտվելով ՀՀ Ազգային ժողովի 16.06.2008թ. որոշմամբ սահմանված լիազորություններից, իր աշխատանքները սկսի հենց մարտի 1-ի առավոտվա իրադարձությունների համակողմանի ուսումնասիրությունից, նկատի ունենալով հիշատակված իրադարձությունների և հետագա զարգացումների միջև առկա պատճառահետևանքային կապը, ինչպես նաև այն, որ մարտի 1-ի առավոտը ողջ գործընթացի առավել չուսումնասիրված և իրավապահ մարմինների կողմից առավել չպարզաբանված հատվածն է։ Կարծում եմ, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում պետք է պատասխան ստանան մասնավորապես հետեւյալ հարցերը. ե՞րբ, ու՞մ կողմից և կայացված ինչպիսի՞ որոշման հիման վրա են գործել իրավապահ մարմինների աշխատակիցները մարտի 1-ի առավոտյան:
Միաժամանակ, կրկին անգամ պատրաստակամություն եմ հայտնում նպաստելու հանձնաժողովի գործունեությանը թե՛ անհրաժեշտ հարցադրումների մշակման, և թե՛ ակնկալվող պատասխանների արժանահավատության գնահատման առումով:
