ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարզային հանրահավաքները շարունակվելու են
Հունիսի 28-ին Գյումրիում տեղի է ունեցել իշխանությունների կողմից արտոնված հանրահավաքը, որտեղ Լեւոն Տեր–Պետրոսյանը հայտարարել է, որ մինչեւ հուլիսի 4-ին Երեւանում անցկացվելիք հանրահավաքը կարող է հայտարարվել ընդդիմության «հավաքական կառույցի» ձեւավորման մասին: Իսկ մինչ այդ հանրահավաքները շարունակվելու երկրի այլ բնակավայրերում` քաղաքներում եւ գյուղերում։
«Մենք չենք եկել ձեզ ոգևորելու, վճռականության կոչելու, չենք եկել ձեզ խրախուսելու, որովհետև դուք դրա կարիքը չունեք: Հակառակը` մենք եկել ենք, որ դուք մեզ ոգևորեք, դուք մեզ խրախուսեք, որովհետև ընտրություններից հետո դուք ապացուցեցիք, որ Գյումրին Հայաստանի քաղաքական տեսակետից ամենաակտիվ քաղաքն է»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Խոսելով մարտի մեկի դեպքերի մասին Լեւոն Տեր–Պետրոսյանը ասել է «Ընտրությունների կեղծիքներին գումարեցին նաև մարտի 1-ի եղեռնագործությունը սեփական ժողովրդի դեմ: Պատասխանատուները հայտնի են, բայց ոստիկանությունը և բանակը ժողովրդի վրա չեն կրակել: Ռոբերտ Քոչարյանն է երազում իր ոճրագործությունը նրանց վրա բարդել: Ոստիկանները մեղավոր չեն, այդ համակարգի 90 տոկոսը կիսում է ժողովրդի մտահոգությունը»: Կոչ եմ անում հարգանքով վերաբերել ոստիկանությանը եւ բանակին»:
«Ես 10 տարի լռելուց, գիտությամբ զբաղվելուց հետո եկել եմ միայն այս ավազակապետությունը կանխելու համար, սա ազգային աղետ է: Կրկնում եմ, որ ես միջոց եմ, գործիք, այս իշխանություններից ազատվելու համար։ Հավատում եմ` կան մարդիկ, ովքեր նոր են ընդգրկվել կառավարության կազմում և գուցե ունեն ազնիվ նպատակներ` Տիգրան Սարգսյան, Էդուարդ Նալբանդյան, ևս մի երկու նախարարներ, բայց չեմ հավատում, որ այս մարդիկ կկարողանան որևէ գործնական քայլեր անել, որովհետև այս համակարգը նրանց կխեղդի։ Կա’մ նրանք կդառնան ավազակախմբի անդամներ, կա’մ էլ նրանք դուրս են շպրտվելու այդ համակարգից: Ես իշխանության չեմ ձգտում: Ընտրություններից առաջ վճռել էի, որ նախագահ եմ մնալու 2-3 տարի, մաքրելու էի տիրող համակարգը, որից հետո իշխանությունը փոխանցելու էի ավելի երիտասարդ, եռանդուն քաղաքական գործիչների` Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Դավիթ Շահնազարյանին», հայտարարել է Լեւոն Տեր–Պետրոսյանը:
«Մենք արդար ենք, ժողովուրդ, մեր պահանջներն արդար են: Մենք պահանջում էինք արդար ընտրություններ, ասում էինք` փողով մեքենա գնեք, տուն գնեք, վերջիվերջո, փողով ծախու մտավորական ու երգիչ գնեք, բայց ձեր ժողովրդի ձայնը մի գնեք», հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Հանրահավաքի ժամանակ ներկայացվել է քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սմբատ Այվազյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի, Դավիթ Մաթևոսյանի, Գևորգ Ղազարյանի, Սուրեն Սիրունյանի, Հուսիկ Բաղդասարյանի, Հովհաննես Հարութունյանի հղած ուղերձը. Մեր «ժողովուրդը ապացուցեց, որ ինքը հանրապետության կյանքում այլևս կարևոր գործոն է, և որ սահմանադրությամբ իրեն վերապահված իշխանության տերն է, և այն ոչ ոքի այլևս չի զիչելու: Մենք` քաղբանտարկյալներս, ողջունելով հանրահավաքին ներկա բոլոր մասնակիցներին, հայտնում ենք մեր պայքարի վճռականության մասին և վստահեցնում, որ համաժողավրդական շարժումը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ հասնելու է իր նպատակին»:
