ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանին էլի ժամանակ տվեցին
Երեկ ուշ երեկոյան Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշեց Հայաստանի պատվիրակությանը չզրկել ձայնի իրավունքից: 24 ձայնով ընդունվեց Հայաստանի իշխանությունների կողմից Վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման վերաբերյալ նոր բանաձեւ, որում Հայաստանին լրացուցիչ ժամանակ է տրվում` մինչեւ 2009 թվականի հունվարյան նստաշրջանը: Զեկույցը, մարտի 1-ի 10 զոհերի խնդրին զեկույցը չի անդրադարձել: Ներկայացնում ենք որոշ մեջբերումներ
14. Պարոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայաստանի Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները մեզ տեղեկացրին, որ 2008 թ. մարտի 21-ից մինչեւ հունիսի 14 նրանք 42 անգամ դիմել են իրենք համախոհների հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն իշխանություններից մերժում են ստացել: Հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու պարոն Տեր-Պետրոսյանի հայտը, որը ակնհայտ նպատակ ուներ այն Վեհաժողովի հունիսյան նստաշրջանի բացման եւ 1609 բանաձեւի Հայաստանի կատարման հարցի հնարավոր քննարկման օրը անցկացնել, իշխանությունները մերժեցին: Իշխանությունը առաջարկեց այլընտրանքային վայր, քաղաքի կենտրոնին հարող մարզադաշտի ավտոկանգառը, որը պարոն Տեր-Պետրոսյանը մերժեց: Մեր փաստահավաք առաքելության ընթացքում մենք այցելեցինք իշխանությունների առաջարկած վայրը եւ եկանք այն եզրակացության, որ այն չի կարող համարվել խելամիտ այլընտրանք:
15. Այդ պատճառով մենք դիմեցինք իշխանություններին, որ նրանք այլ խելամիտ այլընտրանք առաջարկեն, եւ շեշտեցինք այս հանրահավաքն առանց անտեղի սահմանափակումների թույլատրելու կարեւորությունը, որ կնշանակեր, որ իշխանությունները լուրջ են, երբ ասում են, որ գործնականում հարգում են հավաքների ազատության սկզբունքը: Միաժամանակ մենք կոչ արեցինք պարոն Տեր-Պետրոսյանի ճամբարին հավաստիացնել, որ ցույցը հանգիստ եւ խաղաղ կերպով է անցկացվելու, եւ զերծ են մնալու սադրանքներից:
16. Մենք ողջունում ենք իշխանության եւ ընդդիմության վերջին պահին եկած համաձայնությունը հանրահավաքն անցկացնել Մատենադարանի մոտ, այն վայրերից մեկը, որոնց համար ընդդիմությունը դիմել էր: Մենք նաեւ ողջունում ենք ոստիկանության եւ ցուցարարների զսպվածությունը եւ բախումներից եւ հակամարտություններից զերծ մնալը: Սակայն մենք ցավում ենք, որ այս համաձայնությունը հիմնված էր կազմակերպիչների եւ ոստիկանության միջեւ վերջին պահին հասած պայմանավորվածության վրա, այլ ոչ թե Երեւան քաղաքի ղեկավարության հստակ թույլտվության վրա:
29. Սկզբում շատ քիչ շոշափելի արդյունք կար այս պահանջի առումով [ազատել կեղծ եւ քաղաքական դրդապատճառներով հարուցված մեղադրանքերի հիման վրա ձերբակալված բոլոր անձանց, ովքեր որեւէ բռնարարք եւ լուրջ հանցանք չեն գործել], եւ ձերբակալությունները շարունակվեցին մինչեւ հունիս: Սակայն մեր այցին նախորդած մեկ-երկու շաբաթվա ընթացքում իրավիճակը կարծես սկսեց արագ զարգանալ: Այս բնագավառի ղեկավարության ինտենսիվ գործունեության արդյունքում ազատազրկված եւ/կամ ազատված անձանց թվի վերաբերյալ մեր ստացած տեղեկություններն անընդհատ փոփոխվում էին մեր այցելության ընթացքում, եւ դրանք երբեմն մոլորեցնող եւ/կամ հակասական էին:
32. Իշխանություններից տեղեկացանք, որ ընդհանուր առմամբ 65 մարդ է մեղավոր ճանաչվել հետաքննության կամ դատավարության ընթացքում հարուցված մեղադրանքների առթիվ: Բավական թվով անձինք, ովքեր իրենց մեղքը խոստովանել են, պայմանական պատիժներ են ստացել, իսկ այն անձինք, ովքեր չեն ընդունել իրենց մեղքը, դատապարտվել են մի քանի տարվա ազատազրկման; Ուստի հնարավոր է, որ շատ անձինք խոստովանել են երկար ազատազրկումից խուսափելու համար, հատկապես դատարանների անկախության հանդեպ ցածր հանրային վստահության մթնոլորտում:
33. Մեզ ասվեց, որ բավական թվով մարդկանց մեղադրանք է ներկայացվել, եւ նրանց գործերը դատարան են ուղարկվել միայն ոստիկանության ցուցմունքի հիման վրա, առանց հիմնավոր փաստերի կամ անկախ վկաների ցուցմունքների: Թեեւ մեր կարճատեւ այցելության ընթացքում անհնար էր ստուգել այս տեղեկությունները, մենք մտահոգված ենք, քանի որ հարցեր են ծագում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ձերբակալվածների արդար դատավարությունների վերաբերյալ:
34. Բավական թվով մարդկանց մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 300 (իշխանության բռնազավթում) եւ 225 (զանգվածային անկարգություններ եւ զանգվածային անկարգությունների հրահրում) հողվածներով: Ինչպես նշել էինք մեր նախկին զեկույցում, այս հոդվածները խնդրահարույց են, քանի որ ազատ մեկնաբանման հնարավորություն են տալիս, եւ մեծապես կախված են դատախազի հայեցողությունից, եւ “հստակ չեն սահմանազատում կարծիքի իրավաչափ արտահայտումը եւ բռնության հրահրումը”: Առհասարակ, դատախազները ստանդարտ ձեւակերպումներ են կիրառել այն մեղադրանքներում, որոնք հարուցվել են այս հոդվածների հիման վրա, իսկ դատավորներն ըստ երեւույթին դրանք լուրջ քննության չեն ենթարկել:
35. Մեզ տեղեկացրել են, որ բավական թվով անձանց դեմ, ովքեր ձերբակալվել են այս հոդվածներով, ավելի ուշ լրացուցիչ քրեական գործեր են հարուցվել: Սա կարող է նշանակել կեղծ եւ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանք ազատելու ԵԽԽՎ պահանջը շրջանցելու փորձ, նրանց մեղադրելով “բռնարարք կան լուրջ հանցանք գործելու” մեջ:
36. Մենք հատկապես մտահոգ ենք երեք ազատազրկված պատգամավորների խնդրով, որոնց մենք այցելեցինք բանտում: Երեքն էլ ազատազրկվել եւ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել են իբր 300 եւ 225 հոդվածները խախտելու համար: Սակայն մինչ այսօր նրանց գործերը դատարան չեն ուղարկվել: Ավելին, Հայաստանի Սահմանադրության 17 հոդվածի համաձայն պատգամավորները կարող են ձերբակալվել միայն խիստ ծանր հանցագործություն կատարելու համար: Մինչդեռ բոլոր երեքն էլ ձերբակալվել են 2008 թ. մարտի 1-ի դեպքերի առթիվ, որը նշանակում է, որ ձերբակալության ընթացքում խախտվել են նրանց սահմանադրական իրավունքները: Նրանց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից հարցեր են ծագում այն մասին, թե արդյոք նրանք ովքեր չեն օգտվում խորհրդարանականի կարգավիճակի ընձեռած տեսանելիությունից եւ անձեռնմխելիությունից, արդար վերաբերմունքի են արժանանում։
