ՄԱԿ–ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացման եվ իրականացման գործընթացը Հայաստանում

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Լիլիթ Պետրոսյանի ելույթը «ՄԱԿ-ի Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության արդյունավետ իրականացումը Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ։

Հայաստանում կամընտիր արձանագրության վավերցման քարոզարշավը մեկնարկել է 2005 թ ապրիլին՝ Արձանագրության վավերացման համաշխարհային քարոզարշավի շրջանակներում։ Հայաստանում այն իրականացվել է Միջազգային բանտային բարեփոխում կազմակերպության հարավկովկասյան գրասենյակի եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության ջանքերով, ինչպես նաեւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) եւ շահագրգիռ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Քարոզարշավը իրականացվել է երկու փուլով՝ աշխատանք պետական կառույցների հետ եւ հասարակության տեղեկացնելու քարոզարշավ։

Պետական կառույցների հետ աշխատանքը ներ է առել կլոր սեղաններ, քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ բոլոր այն նախարարությունների հետ, որոնց իրավասության տակ են գտնվում փակ հաստատությունները /Ոստիկանություն, Արդարադատության, Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության, Պաշտպանության նախարարություններ /, ինչպես նաեւ ՀՀ Արտգործնախարարության եւ Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Այս հադնիպումների ընթացքում քննարկվել են փակ հաստատություններում հասարակական վերահսկողության հետ կապված խնդիրներ, ստեղծվելիք ազգային կանխարգելման մեխանիզմի աշխատանքի սկզբունքները եւ ընդհանուր առմամբ այս համակարգերում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման խնդիրներ։

Հասարակությանը տեղեկացնելու քարոզարշավի շրջանակներում թարգմանվել եւ տպագրվել են Կամընտիր Արձանագրությանը առնչվող Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) կողմից պատրաստված բրոշյուրներ, բուկլետներ, գրքեր, նկարահանվել են տեսահոլովակներ, հեռուստահաղորդումներ, որոնց ընթացքում քննարկվել են ազատազրկման եւ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների եւ դրա կանխարգելմանը վերաբերվող հարցեր։
2006 մայիսի ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է Կամընտիր արձանագրությունը, այդպիսով Հայաստանը պարտավորվածություն է ստանձնել մեկ տարվա ընթացքում ստեղծել կամ նշանակել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ։ Կամընտիր արձանագրության մեկնաբանություններում նշվում է, որ ազգային կանխարգելման մեխանիզմի ստեղծման կամ նշանակման գործընթացը պետք է լինի բաց եւ թափանցիկ, ինչը կերաշխավորի մեխանիզմի հանդեպ հասարակության վստահություն եւ բարձ հեղինակություն։

Այդպիսով մի շարք իրավապաշտպան ՀԿ–ներ / Ըննդեմ իրավական կամայականության, Հելսինկայն քաղաքացիական ասսամբլեայի Վանաձորի գրասենյակ, Համագործակցություն հանուն ժողովրդավարության , Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ /ստեղծեցին կամընտիր արձանագրության իրականացման աշխատանքային խումբ /հետագայում՝ աշխատանքային խումբ/։ Խումբը համագործակցում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Անց են կացվում մի շարք աշխատանքային հանդիպումներ, որոնց մասնակցել են Եվրախորհրդի եւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) փորձագետները։ Աշխատանքային խմբի անդամ կազմակերպություններից մեկը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն կազմակերպել է «ՄԱԿ–ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության իրականացման հաջողված փորձ» միջազգային կոնֆերանս, որին քննարկվել են կամընտիր արձանագրության իրականացման միջազգային փորձը եւ ընդունվել հայտարարություն, որում ամրագրվել են մասնակիցների մոտեցումները ապագա մեխազնիմի գործունեության վերաբերյալ։

Այս գործընթացների արդյունքում մշակվել են ազգային մեխանիզմի գործունեության սկզբունքներ, որոնք քննարկվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Եվրախորհրդի, Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի եւ Միջազգային բանտային բարեփոխում կազմակերոպությունների փորձագետների հետ։ Այդ սկզբունքների հիման վրա աշխատանքային խումբը պատրաստել է «Անազատության մեջ պահելու վայրերում հասարակական վերահսկողության մասին» օրենքի նախագիծ։ Ըստ էության մշակված նախագիծը նախատեսում է Օմբուդսմենի եւ իրավապաշտպան ՀԿ–ների ուժերով գործող համատեղ մեխանիզմ։ Օրինագիծը քնննարկվել է աշխատանքային խմբի եւ Օմբուդսմենի հանդիպումներին, որոնք արդյունքում կատարվել են որոշ փոփխություններ, որից հետո , 2008–ի հունվարի վերջին օրինագիծը ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողովի բոլոր խմբերին եւ խմբակցություններին, ինչպես նաեւ պետա–իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովներին։ Սակայն Հայաստանը այդ պահին նախընտրական փուլում էր, այնուհետեւ կայացան ընտրություններ եւ հետաընտրական զարգացումներ, ինչը թույլ չտվեց շարունակել օրինագծի լոբբինգի գործընթացը։ Այս գործընթացներին զուգահեռ կառավարության կողմից Ազգային Ժողով էր ներկայացվել ազգային մեխանիզմի մեկ այլ օրինագիծ, որի համաձայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշանակվում է ազգային մեխանիզմ։ Մարտին այդ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ մտավ ուժի մեջ։

Այնուամենայնիվ, թե Մարդու իրավունքների պաշտպանը, թե իրավապաշտպան ՀԿ–ների աշխատանքային խումբը գիտակցում են, որ մեխանիզմի աշխատանքային ծավալը չափազանց մեծ է եւ արդյունավետ լինելու համար պետք է օգատգործել բոլոր առկա համատեղ ռեսուրսները։ Վերջին մի քանի հանդիպումների ընթացքում ՀԿ–ների աշխատանքային խումբը եւ Մարդու իրավունքների պաշտպանը համաձայնեցրել են գործող օրենքի սահմաններում ազգային կանխարգելման մեխանիզմի ստեղծման եւ գործունեության սկզբունքները, որոնք են՝

Կամընտիր արձանագրությաբ նախատեսված ազգային կանխարգելման մեխանիզմի սկզբունքները

1. Ստեղծվում է Մարդու իրավունքների պաշտպանին կից խոշտանգումների կանխարգելման ազգային Հասարակական Խորհուրդ

2. Խորհուրդը օժտվում է փակ հաստատություններ անարգել մուտքի լիազորություններով, ինչպես նաեւ Արձանագրությունից բխող բոլոր այլ լիազորություններով

3. Խորհրդի կազմում են Մարդու իրավունքների պաշտպանը և իրավապաշտպան ՀԿ–ների ներկայացուցիչներ

4. Խորհրդի անդամները մրցութային կարգով ընտրվում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից

5. Առաջին ձեւվավորումից հետո Խորհուրդը ինքն է որոշում անդամների ընդունելու եւ լիազորությունները դադարեցնելու հարցը

6. Խորհուրդը հրապարակում է հաշվետվություններ

7. Խորհուրդի անդամները աշխատում են հասարակական կարգով

8. Խորհուրդը ունի վճարովի աշխատակազմ

9. Մեխանիզմը ունի առանձնացված բյուջե

Հետագայում Ստեղծվում է Ազգային կանխարգելման մեխանիզմի մասին օրենք, որում հաշվի են առնվում վերոհիշյալ սկզբունքները, ինչպես նաեւ Արձանագրությունից բխող այլ սկզբունքներ։