«1609 բանաձեւի պահաջների կատարումը ՀՀ իշխանությունների կողմից կրում է իմիտացիոն բնույթ»

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում էր ԵԽԽՎ
1609 բանաձեւի պահանջների կատարման ընթացքը։ Քննարկման ավարտին ընդունվեց
հայտարարություն։

«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը ԵԽԽՎ 2008 թվականի
ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի պահանջների իրականացման վերաբերյալ։

Մենք ԵԽԽՎ ապրիլի 17–ի բանաձեւի վերաբերյալ քննարկման մասնակիցներս քննարկելով
ներքաղաքական իրավիճակը եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւով սահմանված պահաջների իրականացման
ուղղությամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը գտնում ենք, որ 2008 թվականի
նախագահական ընտրություններին ուղեկցող անօրինականությունները առաջացրել են
անվստահություն ինչպես քաղաքական գործընթացների, այնպես էլ դրանց արդյունքում
ձեւավորված իշխանությունների նկատմամբ։ Ընտրությունների հետո սկսված եւ մարտի մեկի
դեպքերից հետո նոր որակ ու թափ ստացած մարդու իրավունքների սահմանափակումներն ու
բռնարարքները ավելի են խորացրել քաղաքացիների դժգոհությունները։ Արձանագրում ենք,
որ չնայած ՀՀ իշխանությունները ձեռնարկում են որոշ քայլեր ԵԽԽՎ 1609 բանաձեւի,
մասնավորաբար դրա 12-րդ մասով սահմանված նախապայմանների իրականացման ուղղությամբ,
սակայն, դրանք ըստ էության չեն կարող համարվել բանաձեւի պահանջների իրականացում
հետեւյալ նկատառումներով։

  1. Մարտի մեկի դեպքերի եւ դրանց հանգեցրած հանգամանքների առումով մինչ օրս չի
    իրականացվել անկախ հետաքննություն եւ 10 զոհերի սպանության եւ 100-ավոր վիրավորների
    համար պատասխանատվության չի ենթարկվել ոչ ոք։
  2. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված իրավասու մարմինների
    գործողությունների օրինականության հարցը ՀՀ իշխանությունները փորձել են այլափոխել
    պաշտպանի կողմից իր իրավասությունները վերազանցելու մեղադրանքով։
  3. Անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն իրականացնելու գործը հանձնարարվել է
    հասարակական վստահությունը չվայելող եւ իր հակաժողովրդավար բնույթը բազմիցս
    ապացուցած ՀՀ Ազգային ժողովի կոալիցիոն ուժերի մեծամասնությամբ կազմվող
    հանձնաժողովին։
  4. Քաղաքական համոզմունքների համար կալանավորվածները ազատ չեն արձակվել։ Որոշ
    դեպքերում փոխվել է խափանման միջոցը, սակայն նրանք շարունակում են մեղադրվել տարբեր
    հանցագործությունների կատարման համար այն դեպքում, երբ մեղադրանքների հիմքում ընկած
    են կեղծ ցուցմունքներ, իսկ նախաքննության եւ դատաքննության գործընթացները կատարվում
    են քրեա–դատավարական բազմաթիվ խախտումներով։
  5. Շարունակվում են քաղաքական հետապնդումները, մարդիկ բերման են ենթարկվում,
    ոստիկանություն առանց հիմքերի, ենթարկվում են ահաբեկումների, ազատվում են
    աշխատանքից։
  6. Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքում սույն
    թվականի հունիսի 12-ին կատարվել են ընդամենը կոսմետիկ փոփոխություններ, ինչի
    արդյունքում շարունակում է սահմանափակվել ՀՀ քաղաքացիների խաղաղ, առանց զենքի
    ժողովներ անցկացնելու սահմանադրական իրավունքը եւ էապես չի փոխվել մարտի 17-ին
    ընդունված հակաժողովրդավարական օրենքի բնույթը։ Իսկ գործնականում հանրահավաքների եւ
    երթերի անցկացման իրավունքը խոչընդոտվում է իշխանությունների հայեցողական, խտրական
    եւ ոչ թափանցիկ որոշումների ընդունման գործընթացներով։

Հայտարարում ենք, որ ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահաջների կատարումը ՀՀ իշխանությունների
կողմից կրում է իմիտացիոն բնույթ, ինչը վկայում է ժողովրդավարական բարեփոխումներ
իրականացնելու քաղաքական կամքի բացակայության մասին։ Ըստ այդմ, ԵԽԽՎ 1609 բանաձեւի
պահանջների կատարման ուղղված աշխատանքը գնահատում ենք անբավարար»։