ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պատասխանատվություն եւ ազնվություն ու ոչինչ ավելի
Հայաստանի երրորդ հանրապետությունը հիմա մի հանգրվանում է, երբ ամեն ինչ սեւ-սպիտակ տրամաբանությամբ է գնահատվում. կամ «սերժանտ» ես, կամ «լեւոնական», կամ ամենաանհաջող կադր, կամ հերոս եւ այսպես շարունակ: Հենց այս տրամաբանության մեջ են տեղավորվում վերջին օրերի երեք ամենակարեւոր թեմաները:

Առաջին. ընդդիմության դերի բարձրացում
Իշխանությունները ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունները անվանում են
խորհրդարանական ընդդիմության դերի զգալի աճ, լիազորությունների եւ
հնարավորությունների ընդլայնում եւ այլն: Ասել կուզի, որ այսօր խորհրդարանական
ընդդիմությունը, իշխանության կամոք եւ ըստ էության զրկված է որեւէ ազդեցիկ լծակից:
Սա ի միջի այլոց: Բայց միթե հատուկ օրենք է պետք խորհրդարանական ընդդիմության
կարծիքը հաշվի առնելու համար: Օրինակ ինչն է խանգարում էս վերջերս լրագրողների
հարցերից հիստերիայի մեջ ընկնող ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ականջալուր լինել
«Ժառանգություն» կուսակցության պատգամավորների ահազանգերին եւ կարգի հրավիրել
առնվազն երեք-չորս հոգու փոխարեն քվեարկող իր կուսակիցներին: Կամ ինչն է խանգարում
քառակողմ կոալիցիային կողմ քվեարկել «Ժառանգության» նախաձեռնություններին: Կամ ինչն
է խանգարում պարզապես հավատարիմ մնալ գործող օրենքերին: Սրանց համար ոչ մի օրենք
պետք չէ: Օրենքներում փոփոխություններ նախաձեռնել էլ պետք չէ: Միայն մի քիչ
պատասխանատվություն եւ պարզ մարդկային ազնվություն է պետք, գրողը տանի:
Երկրորդ. Երթերի, ցույցերի, հանրահավաքների ազատության վերականգնում
Մարտի մեկի գիշերով, սատանան գիտի թե ինչ մտքերով մեծամասնությունը կողմ քվեարկեց
արտակարգ դրություն հաստատելու նախագծին, մարտի 17-ին կողմ էր երթերի, ցույցերի եւ
հանրահավաքների ազատության սահմանափակմանը: Իսկ հիմա նույն մեծամասնությունը
հայտարարում է, որ դա նահանջ էր, ժողովրդավարությունից հետընթաց, բայց պարտադրված
ու հիմա վերադառնում ենք ելման դիրք: Ասել կուզի, մեծամասնությանը պետք էր հետ գնալ
ու գնացինք, բայց ուր է երաշխիքը, որ ամեն անգամ ինչ-որ մեկի համար մի երկու կամ
ասենք մի տասներկու ամսով հետ չենք գնա, ուր է երաշխիքը, որ մեկ էլ հետ կամ կողք
գնալուց հետո կկարողանանք նորմալ ճանապարհին վերադառնալ: Սա ի միջի այլոց: Բայց
միթե Հայաստանին պետք էր այս ժամանակավոր հետընթացը այն էլ` ի տես ողջ Եվրոպայի,
ուր հասկացան, որ մենք նորմալ ուղով գնալու ունակ չենք, մեզ ամեն անգամ պետք է «բզել»,
«հրել» դեպի նորմալ ճանապարհ: Սա հասկանալու համար Ցիցերոն կամ Սոկրատ լինել պետք
չէ: Պետք է միայն մի քիչ պատասխանատվություն եւ պարզ մարդկային ազնվություն, գրողը
տանի:
Երրորդ. Հանրային-հասարակական պալատ կամ խորհուրդ
Նորմալ երկրներում ընդունված է կարեւոր, ողջ երկրի եւ հասարակության համար կարեւոր
հարցերի լուծումների փնտրելիս խորհրդակցել այս կամ այն խավի հետ: Մեզանում սա
կիրառվում է զուտ ձեւի համար: Ասենք նախագահը կամ վարչապետը հանդիպում է
գործարարներին կամ ուսանողներին, բայց ավելի շատ «Հայլուրներով» իր ուզածը տեղ
հասցնելու համար: Լսարանն էլ որպես կանոն «ընտրված» է լինում, զտված «կասկածելի»
տարրերից: Ուր է երաշխիքը, որ նման իրավիճակ չի լինելու ստեղծվելիք հանրային կամ
հասարակական պալատում: Եթե նպատակը իրոք ազնիվ է, ապա ինչն է խանգարում Սերժ
Սարգսյանին կամ Տիգրան Սարգսյանին որեւէ մեծ, լուսավոր եւ հարմարավետ դահլիճում
հանդիպել ասենք խոշոր գործարարներին, հաջորդ օրը` ուսուցիչներին, հետո ասենք
ճարտարապետներին, գրողներին, նկարիչներին, լրագրողներին եւ անկեղծ զրուցել այս կամ
այն հարցի շուրջ, առանձ ձեւականությունների, բաց զրուցել, չնեղանալ իրավիճակը ճիշտ
ներկայացնողներից, նրանց դավադիր կամ դավաճան չհամարել, անձնական օգտագործման
լրատվամիջոցներին նրանց վրա «քսի» չտալ: Սրա համար կարիք չկա հանրային կամ
հասարակական պալատ կամ խորհուրդ ձեւավորել, դրա համար օրենք կամ ենթաօրենսդրական
որեւէ ակտ ընդունել, փողեր ծախսել եւ այսպես շարունակ: Ես խորապես համոզված եմ, որ
եթե սկսած 1998 թվականից Հայաստանի հանրապետությունը չդառնար միջնորդ Ղարաբաղի եւ
Ադրբեջանի միջեւ, թողներ ու Ղարաբաղն ու Ադրբեջանը ուղղակի զրուցեին, Ղարաբաղի
հարցը վաղուց լուծված կլիներ: Միշտ չէ, որ միջնորդը օգնում է գործին: Հանրային
պալատը հենց այն միջնորդ է որ չի օգնելու գործին: Հանրության կարծիքը լսելու համար
հանրային պալատ պետք չէ: Սրա համար մեկ բան է պետք մի քիչ պատասխանատվություն եւ
պարզ մարդկային ազնվություն, գրողը տանի:
Վերջաբան
Հին ասիական ասացվածք կա. «ով ուզում է աշխատել միջոցներ է որոնում, ով չի ուզում
աշխատել` պատճառներ է հորինում»: Օրենքները վատն են, պատճառը 21-րդ դարի
Հայաստանում աշխատանքից փախնելու ամենատարածված հորինվածքն է:
