ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Եկեղեցին պետք է վերագտնի իր վստահությունը»
[url=http://www.hraparak.am target=_blank]«Հրապարակ»[/url] թերթի հարցազրույցը «Համագործակցություն` հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ։

-Վերջերս Դուք բարձրացրիք եկեղեցու ֆինանսական թափանցիկության անհրաժեշտության
հարցը։ Դա իրո՞ք այդքան
կարեւոր է։
-Ես համոզված եմ, որ շատ կարեւոր է եւ վերաբերում է Հայաստանում գործող բոլոր
կրոնական կազմակերպություններին։ Այդ հարցն առաջին անգամ է մեր երկրում
բարձրաձայնվում, սակայն, օրինակ, Եւրոպայում այն օրակարգային է եղել դեռեւս
18-19-րդ դարերում, եւ այնտեղ, ի վերջո, ձեւավորվել են օրենքներ, որոնք պարտադրում
են կրոնական կազմակերպություններին ամեն տարի հանդես գալ ֆինանսական
հաշվետվություններով։
-Ես ուզում եմ հասկանալ հասարակության շահը՝ ի՞նչ է շահում նա եկեղեցու ֆինանսական
հաշվետվություններից։
-Հասարակությունը, առաջին հերթին, սկսում է վստահությամբ վերաբերվել այն
կառույցներին, որոնց ֆինանսները թափանցիկ են։ Օրինակ՝ գոյություն ունի պետական
բյուջե, որն ամեն տարի հրապարակվում է՝ ըստ հոդվածների եւ ծախսերի։ Ինչո՞ւ համար՝
որովհետեւ պետական բյուջեն ամբողջ հասարակության բյուջեն է, եւ պետությունը
հաշվետու է լինում հասարակությանն իր կատարած ծախսերի համար։ Եւ այն կրոնական
կազմակերպությունները, որոնք հանդես են գալիս իրենց հավատացյալների անունից, պետք է
ունենան իրենց հավատացյալների վստահությունը։ Առավել եւս` Հայաստանում, որտեղ, մենք
գիտենք՝ Առաքելական եկեղեցին ունի հատուկ առաքելություն, որն ամրագրված է
Սահմանադրությամբ։
-Դուք խոսում եք վստահության մասին։ Իսկ ինչո՞ւ մինչ այժմ չկար այն գիտակցումը, որ
հասարակության վստահությանն արժանանալու ձեւերից մեկը նաեւ ֆինանսական
թափանցիկությունն է։
-Այս հարցն ունի նաեւ իր փիլիսոփայական եւ պատմական կողմը։ Մեր ժողովուրդը, ըստ
էության, առաջին անգամ է կերտում ինքնուրույն պետականություն (չհաշված
1918-1920թթ.)։ Պետությունը նշանակում է ստանդարտների, չափորոշիչների ձեւավորում եւ
հետեւում դրանց կատարմանը։ Դա նշանակում է, որ այն կազմակերպությունները, որոնք
հռչակում են իրենց հասարակական դերի մասին, բնականաբար, պետք է հաշվետու լինեն։
Այսինքն՝ եթե Հայ առաքելական եկեղեցին հայտարարում է իր համազգային դերի մասին, նա
պետք է ունենա նաեւ պարտավորություններ, որոնցից մեկն էլ այն է, որ նա բաց եւ
թափանցիկ է բոլորի առջեւ։ Այսօր, երբ մենք խոսում ենք հոգեւորականների հետ, նրանք
ասում են. «Եկեղեցին ոչ թե միայն մենք ենք, այլ մենք բոլորս ենք»։ Եթե մենք բոլորս
ենք, ուրեմն, մենք բոլորս պետք է մեր մասնակցությունն ունենանք եկեղեցու
գործունեության մեջ, այդ թվում` նաեւ տեղեկանանք նրա ֆինանսական կողմի մասին։
-Խոսք բացվեց անվստահության մասին։ Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներս, բավականին
ոչ միանշանակ` անվստահության տրամադրվածություն է ձեւավորվել եկեղեցու եւ,
մասնավորապես, նրա ղեկավարության նկատմամբ։ Ըստ Ձեզ՝ հիմնավորվա՞ծ է այդ
վստահությունը։
-Նախ, ուզում եմ նշել, որ այդ հարցերը նոր չեն։ Եթե ուշադիր ուսումնասիրենք մեր
պատմությունը, ապա կտեսնենք, որ դրանք միշտ օրակարգում են եղել։ Եկեղեցու
հիմնադրման օրվանից հարցական են եղել եկեղեցի-պետություն հարաբերությունները։ Եթե
հետազոտենք Հայաստանի նոր պատմությունը, ապա կտեսնենք, որ արդեն 19-րդ դարից ի վեր
ողջ հայ գրականությունը, հայ քաղաքական միտքը ողողված է եկեղեցի-ժողովուրդ
փոխհարաբերությունների մասին քննարկումներով։ Հայ գրողների՝ Թումանյանի, Տերյանի,
Լեոյի, Նալբանդյանի եւ այլոց տեսակետների հիմքում ընկած էր հենց այդ անվստահության
հարցը։ Երբ հայ ժողովրդի շրջանում ձեւավորվեց անկախ պետականության տեսլականը, հասկանալի չէր դրանում եկեղեցու դերը, քանզի վերջինս լավ հարաբերություններ ուներ տիրող պետությունների՝ ցարական Ռուսաստանի, Օսմանյան Թուրքիայի, Պարսկաստանի հետ եւ,
բնականաբար, հանդես էր գալիս պահպանողական դիրքերից։ Ես այստեղ տարօրինակ բան չեմ տեսնում, նման երեւույթներ առկա են եղել նաեւ այլ երկրներում, օրինակ՝
արեւմտաեւրոպական։ Հիշենք լուսավորությունը։ Այսօր, երբ մենք ստեղծել ենք մեր
պետականությունը, եկեղեցու առջեւ այլ խնդիրներ են դրված։ Եթե որեւէ կառույց
հայտարարում է իրեն ազգային, ապա խնդրում ենք ճշտել՝ ո՞րն է նրա ազգային
դերակատարումը։ Հասարակությանն այսօր հուզում են կոնկրետ խնդիրներ՝ Թեղուտի
բնապահպանական հիմնախնդիրը, մարդու իրավունքների խնդիրը, իրավապահ մարմինների
կողմից թույլ տրված անօրինականությունները, եւ եկեղեցին պետք է հայտնի իր
դիրքորոշումն այդ հարցերի առնչությամբ։ Նա պետք է նշի՝ ում կողքին է կանգնած՝
արդարությա՞ն, թե՞ իշխանության մի նեղ շերտի։ Իմ կարծիքով, ժամանակի ընթացքում
եկեղեցին կգտնի իր դերակատարությունը եւ կտա նշված հարցերի պատասխանը։ Ո՞րն է մեր
խնդիրը՝ օգնել եկեղեցուն հասկանալ, թե որոնք են հասարակական խնդիրները։
-Եթե ամփոփենք, ո՞րն է իրավական պետության շրջանակներում եկեղեցու
դերակատարությունը։
-Եկեղեցին եւ մյուս կրոնական կազմակերպությունները ստեղծում են այն բարոյական
մթնոլորտը, որի շնորհիվ մեր հասարակությունը կսկսի զարգանալ դրական ուղղությամբ, եւ
որի շնորհիվ պետության մեջ կսկսեն կատարվել օրենքները։
Հարցազրույցը`
Արթուր Ավթանդիլյան
