Դատախազությունը խախտումներ է բացահայտել

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունն ուսումնասիրել է 2007 թ. եւ 2008 թ. առաջին եռամսյակում ձերբակալված եւ կալանավորված անձանց, դատապարտյալների իրավունքների պահպանման վիճակը: Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության կոլեգիայի 2008 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած նիստում, որի ընթացքում արձանագրված խախտումները ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

«Հարցի քննարկումը կապված է զուտ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անձանց պահելու պայմանների, ռեժիմի, կենցաղային, սոցիալական, առողջապահական ոլորտներին առնչվող խնդիրների հետ, այդ թվում՝ տեսակցությունների և արձակուրդների տրամադրման, հանձնուքներ ստանալու, իրավաբանական օգնություն ստանալու, վարչակազմի որոշումների բողոքարկման, անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու իրավունքների և ոչ քրեական գործերով մինչդատական վարույթի իրականացման և դատական քննության հետ կապված խնդիրների հետ: Այս առումով, կարծում եմ, առանձին ուսումնասիրման առարկա կարող է հանդիսանալ նաև ձերբակալումից ազատումների և ազատազրկման չդատապարտվածների, կալանքից ազատումների և ազատազրկման չդատապարտվածների, կամ կալանքից ազատումների և ընդհանրապես չդատապարտված անձանց իրավունքների պաշտպանության և օրինականության պահպանման խնդիրներին:

Ի տարբերություն ձերբակալված անձանց իրավունքների պահպանման, որի խախտումները զգալիորեն քիչ են պայմանավորված ընդամենը ձերբակալման 3 օրյա ժամկետներով, կալանավորների և դատապարտյալների իրավունքների պահպանման ոլորտում տեղ են գտել լուրջ խախտումներ, թերություններ և բացթողումներ, որոնք խմբագրված տեսքով արտահայտվում են հետևյալում:

Մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու ներկայացման հարցերով քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը կողմից դատապարտյալներին գրավոր տեղյակ չեն պահվել հանձնաժողովի որոշումները բողոքարկելու նրանց իրավունքի մասին («Կոշ», «Նուբարաշեն», «Էրեբունի» ՔԿ Հիմնարկներ):

Հաջորդը՝ դատապարտյալներին գրավոր չի պարզաբանվել պատիժները կատարելու նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին տույժի միջոցի կիրառումը բողոքարկելու նրանց իրավունքը և պատահական չէ, որ վարչակազմի իրավական ակտերը կամ վարչակազմի գործողությունները չեն բողոքարկվել:

Հաջորդը՝ դատապարտյալների առաջարկությունները, դիմումները, քննության կամ այլ հարցերի հետ կապված բողոքները ՔԿՀ-ի վարչակազմերի կողմից ընդունվել են օրենքի խախտմամբ՝ բաց կամ չծրարված վիճակում, դրանով իսկ գրաքննության ենթարկելով այն: Դրա հետ միասին, երբեմն, խախտվել են բողոքները հասցեատերերին ուղարկելու եռօրյա ժամկետները, իսկ երբեմն էլ առկա են դրանք «կորցնելու» և հասցեատերերին չուղարկելու դեպքեր:

Հաջորդը՝ դրանք խախտումներն են, որոնք արձանագրվել են կալանավորված և դատապարտված անձանց տեսակցություններ տրամադրելու գործընթացում: Բացի խախտումների բնույթից անմխիթար է ընդհանրապես երկարատև տեսակցությունների տրամադրման գործը: Պատկերացրեք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պահվում են 800-ից ավել կալանավորներ կա ընդամենը 1 սենյակ, որը, բնականաբար մշտապես զբաղված լինելու պատճառով, շատ դատապարտյալներ փաստորեն զրկված են լինում իրենց կանանց և մերձավորներին տեսակցելու հնարավորությունից: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվեց «Արթիկ» ՔԿՀ-ում 7 անգամ տույժի ենթարկված և 78 օր պատժախցում անցկացրած դատապարտյալ Հ.Գևորգյանին 2007թ. սեպտեմբերի 29-ից մինչև 2008թ. փետրվարի 6-ը՝ 5 անգամ տրվել է երկարատև տեսակցություն:

Հաջորդ խումբ խախտումները վերաբերում են դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցների և դրանց կիրառման կարգի իրականացման գործընթացին: Ինչպես հայտնի է խախտում կատարած անձանց պատժախուց տեղափոխելու մասին որոշում իրավասու է կայացնել միայն հիմնարկի պետը, սակայն բազմաթիվ դեպքերում այդպիսի որոշումներ է կայացրել օրվա պատասխանատու հերթապահը՝ նաև աշխատանքային ժամերին: Քիչ չեն դեպքերը, երբ անձին պատժախուց տեղափոխելու մասին հերթապահի որոշումը հիմնարկի պետը հետագայում փոփոխել է և անձն ենթարկվել է ավելի մեղմ տույժի և ազատ արձակվել պատժախցից: Որոշ դեպքերում էլ դատապարտյալներն անհիմն են ենթարկվել տույժի կամ պահվել պատժախցում, մի դեպքում ընդհանրապես խախտում թույլ չտրվելու, մյուս դեպքում տրված տույժի տեսակը խախտման բնույթին ու ծանրությանը չհամապատասխանելու պատճառով: Արձանագրվել են նաև անձանց պատժախցում օրենքով սահմանված ժամկետից ավել պահելու դեպքեր:

ՔԿՀ-ում բազմաթիվ բացթողումներ կան կալանավորների և դատապարտյալների անձնական անվտանգության ապահովման աշխատանքներում: Տարօրինակ է, որ որոշ դեպքերում դատապարտյալները իրենց անձնական անվտանգությունը ստիպված ապահովել են «Քրեական հեղինակություն» հանդիսացող անձանց միջոցով՝ բնականաբար՝ փոխհատուցմամբ, բայց ոչ վարչակազմի միջոցով: Խախտումներ, թերություններ և բացթողումներ են արձանագրվել նաև սննդի, բուժսպասարկման, նյութակենցաղային ապահովման, դատապարտյալներին աշխատանքով ապահովելու ոլորտներում:

Մտահոգիչ է «Դատապարտյալների հիվանդանոց» ուղղիչ հիմնարկում 2007թ. ընթացքում գրանցված մահվան 19-ը դեպքերը և 2008թ. 4 ամիսների ընթացքում՝ արձանագրված մահվան 7 դեպքերը: Կարծում եմ, այստեղ անելիքներ կան ՀՀ քրեական օրենսգրքի 79 և քրեական դատավարական օրենսգրքի 432 հոդվածների՝ այն է ծանր հիվանդության պատճառով պատժի կրումից ազատելու ոլորտում: Նշված դեպքերի թիվը միգուցե կլիներ ավելի պակաս, եթե չլիներ առողջ մարդկանց «ակտիրովկա» անելու վերաբերյալ նախկինում եղած արատավոր պրակտիկայի չկրկնման մտահոգությունը և դրանով պայմանավորված նաև մեր կողմից հաճախ դրսևորած ծայրահեղ մոտեցումները: Իմ կողմից հանձնարարվել է ԱՆ ՔԿ վարչության պետին ներկայացնել «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող ծանր հիվանդների ցուցակը ՀՀ գլխավոր դատախազին զեկուցելու և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, օրենքի շրջանակում, առանձին լուծումներ գտնելու և տալու նպատակով:

Դեռևս բավարար չէ նաև դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը: 2007թ. աշխատանքով ապահովել է ընդամենը 167 դատապարտյալ, 3000 դատապարտյալներից, մինչդեռ «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումն է: Որոշ դեպքերում խախտվել է դատապարտյալին աշխատանքի դիմաց վարձատրելու իրավունքը, իսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հացաթխման արտադրամասում և խանութում ձևակերպված անձանց մեջ դատապարտյալներ չկան:

Որոշակի խախտումներ են արձանագրվել նաև դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկներ ըստ մեկուսացվածության աստիճանի տեղաբաշխման, ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, այն փոխելու աշխատանքներում: Թույլ են տրվել ռեժիմի անհիմն խախտման դեպքեր և այլն:

Այս բոլորով հանդերձ անհրաժեշտ է մեկ անգամ ևս նշել, որ ՔԿ հիմնարկների վարչակազմերի կողմից զգալի դրական աշխատանքներ են կատարվել քննարկված բոլոր ուղղություններով, անցկացվել են մշակութային և մարզական բազմաթիվ միջոցառումներ և այլն»: