Լրագրողը վտանգավոր մասնագիտություն է

Լրագրողների պաշտպանության կոմիտեն` կենտրոնակայանը` Նյու-Յորք, մամուլի ազատության օրվա առթիվ հրապարակել է երկրների ապտաժելիության ցուցիչների մակարդակների ցանկը: Ուսումնասիրության համար ընտրվել է վերջին 10 տարին եւ ըստ կազմակերպության լրագրողների վիճակը վատ է այն երկրներում, ուր չի բացահայտվել լրագրողների 5-ից ավելի սպանություն կամ որտեղ իշխանությունները ձախողել են սպանությունների բացահայտումը: Լրագրողների պաշտպանության կոմիտեն չբացահայտված է համարում այն սպանությունները, որտեղ դատապարտվածներ չկան:

Ըստ զեկույցի, Ռուսաստանում, օրինակ չի բացահայտվել 14 սպանություն եւ «Ռուսաստանում ամենավտարգավոր իրողությունը գործարար շրջանների, պաշտոնյաների կոռուպցիան է, մարդու իրավունքների ոտնահարումները երկրով մեկ»:

Ամենաշատ սպանություններ արձանագրվել են Իրաքում, չբացահայտված է մնացել Իրաքում սպանված 79 լրագրողի գործ: Իրաքը Լրագրողների պաշտպանության կոմիտեի «Սեւ ցուցակում» առաջինն է: Իրաքին հաջորդում են Սիերա-Լեոնեն, Սոմալին, Կոլումբիան, Շրի-Լանկան, Ֆիլիպինները, Աֆղանստանը, Նեպալը, Ռուսաստանը, Մեքսիկան, Բանգլադեշը, Պակիստանը եւ Հնդկաստանը: Լրագրողների պաշտպանության կոմիտեն իր զեկույցում նշում է, որ «այս երկրների մեծ մասում պատերազմական գործողություններ չկան, սակայն լրագրողները պարբերաբար մարդասպանների թիրախ են դառնում եւ ոչ մեկը պատասխանատվություն չի կրում»:

Իսկ հակամարտություններ ունեցող երկրներում` օրինակ Իրաքում, ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի, լրագրողների սպանությունների մեծ մասը փոխհրաձգության հետեւանք չէ: Զեկույցում ասվում է նաեւ, որ առավել խոցելի են տեղական լրագրողները, որոնք լուսաբանում են իրենց երկրի իրադարձությունները: Անպատժելիության ցուցչի ցուցակում ներկայացված սպանված լրագրողների մեծ մասը տեղական լրագրողներ են: Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ժոել Սիմոնը ասել է. «ամեն անգամ երբ լրագրող է սպանվում եւ մարդասպանը ազատ քայլում է, դա մի սարսափելի ազդանշան է ուղղված մամուլին եւ նրանց, ովքեր վնաս են հասցնում լրագրողներին: Կառավարությունները պետք է ավելին անեն ցուցաբերելու իրենց իրական հավատարմությունը մամուլի ազատությանը: Միայն խոսակցությունները չեն պաշտպանի լրագրողի կյանքը: Մենք գործողությունների կոչ ենք անում, վճռական հետաքննելու բոլոր լրագրողների սպանությունները»:

Իսկ ահա ԱՄՆ Մերիլենդի համալսարանի «Միջազգային քաղաքական վարքագծեր» ծրագրի ֆինանսավորմամբ, անցկացրած հետազությունը ցույց է տալիս, որ աշխարհի բնակչության մեծ մասը լայնորեն պաշտպանում է մամուլի ազատությունները եւ չի ընդունում ինտերնետի հասանելիությունը սահմանափակող կառավարական որոշումները: Աշխարհի տարբեր աշխարհամասերի 20 երկրներում, ուր ապրում է աշխարհի բնակչության մոտ 60 տոկոսը, 2008 թվականի հունվարի 10-մարտի 20 հատվածում հարցվել է ավելի քան 18 000 մարդ: Հայաստանում հարցում չի անցակցվել: Մեր հարեւաններից հարցվել են Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը:

Հարցվածների 82 տոկոսի կարծիքով կարեւոր է, 53 տոկոսի կարծիքով` շատ կարեւոր, որ մամուլը ազատորեն հրապարակի լուրեր են գաղափարներ, առանց կառավարության վերահսկողության: 23 տոկոսի համար սա այնքան էլ կարեւոր չէ:

Մահմեդական շատ երկրներում եւ Ռուսաստանում գտնում են, որ պետք է վերահսկողություն լինի քաղաքական ապակայունացող լուրերի եւ գաղափարների վրա: Այս երկրներում հարցվածների մեծ մասը կարծում է, որ պետք է վերահսկողություն լինի այն լուրերի նկատմամբ, որոնք, ըստ կառավարության, կարող են ապակայունացնել քաղաքական վիճակը: Հարցվող երկրում մամուլի ազատության մասին հարցին 41 տոկոսը պատասխանել է, որ իր երկրում մամուլը մասամբ է ազատ, 30 տոկոսը գտնում է, որ մամուլը շատ ազատ է: ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում, հարցվածների ավելի քան 50 տոկոսը կարծում է, որ մամուլը իրենց երկրում շատ ազատ է: Իսկ Նիգերիայում, Պաղեստինում, Ադրբեջանում եւ Չինաստանում, հարցվածների մեծ մասը գտնում է, որ մամուլը շատ ազատություններ չունի, կամ ազատ չէ: Հարցվածների 50 տոկոսը ցանկանում է ավելի ազատ մամուլ ունենալ, 30 տոկոսը գոհ է մամուլի ազատության ներկա վիճակից, 14 տոկոսը կողմ է ավելի սահմանափակումների: Ինտերնետի հասանելիության վրա սահմանափակումներ չդնելուն կողմ է հարցվածների 60 տոկոսը, 32 տոկոսը կարծում է, որ կառավարությունները պետք է սահմանափակումների հնարավորություններ ունենան: