ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այսօր բազմահազար
հայաստանցիներ, արցախահայեր, սփյուռքահայեր եւ օտարերկրյա հյուրեր են այցելում
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան
Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկեւկես միլիոն հայերի
հիշատակին:
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելեն նաեւ երկրի քաղաքական վերնախավը,
հիշատակի առանձին երթով՝ ընդդիմադիր «Համաժողովրդական շարժման» համակիրները:
Դաշնակցության երիտասարդական կազմակերպություններն ու համակիրները երեկ երեկոյան
վառված մոմերով ու ջահերով հիշատակի երթ արեցին դեպի Ծիծեռնակաբերդ:
Հիշատակի օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «
Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի նեղ ազգային հարցը չէ։
Մարդկության դեմ կատարված ոճիրն ունի համամարդկային նշանակություն եւ հնչեղություն.
ուրեմն եւ՝ պետք է ստանա համամարդկային արձագանք։ Մեր նպատակներն ընդհանուր ոչինչ
չունեն վրեժի եւ թշնամանքի հետ։ Անմեղ զոհերի սուրբ հիշատակը վառ պահելով հանդերձ`
մենք պատրաստ ենք հենց վաղը բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ
առանց որեւէ նախապայմանի»։
«Հայոց եղեռնի պատճառների եւ նախապատմության մասին շատ է խոսվել ու գրվել։ Բազմաթիվ
նոր փաստեր ու վերլուծություններ սպասում են իրենց հրապարակմանը, բայց մի բան պարզ
էր ի սկզբանե. նման հանցագործություն հնարավոր էր իրականացնել միմիայն հայկական
պետականության բացակայության պայմաններում», - ընդգծում է նախագահը: - «Այսօր՝
ապրիլի 24-ին մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել հայոց
պետականության բացառիկ նշանակությունը»:
Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը իր ուղերձում, մասնավորապես, շեշտում է. -
«Պատմությունն ապացուցել է, որ որեւէ ժողովուրդ կարող է պաշտպանված լինել նման
ոճիրներից, եթե ստեղծել է անառիկ, զորավոր ու իր քաղաքացիների համար արժանապատիվ
կյանք ապահովող պետություն: 20-րդ դարասկզբի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի
առաջ գլուխ խոնարհելով, մենք` նրանց ժառանգները, պարտավոր ենք կառուցել նրանց
երազած Հայաստանը ոչ միայն որպես զոհերի հիշատակը հավերժացնող անձեռակերտ
հուշարձան, այլեւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ապագայի լիակատար երաշխիք»:
Հիշատակի օրվա առթիվ ուղերձ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այսօր մենք սգում
ենք, եւ հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի անմեղ նահատակներին, յուրովի ենք
վերաիմաստավորում անցյալի ամենակարեւոր դասերը. մենք չենք կարող ապրել ապահով ու
անվտանգ, եթե լինենք մասնատված ու բաժան-բաժան, չենք կարողանա կանխել մեծ աղետները,
եթե չունենանք ամուր պետականություն, որպես ազգ` չենք կարող եւ չպետք է մոռանանք
մեր պատմությունը:
Մենք պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել ազգային իղձերի ու
նպատակների շուրջ, կառուցենք ուժեղ ու ժողովրդավարական պետություն, անենք հնարավորն
ու անհնարինը Հայաստանի անվտանգության, բարեկեցության ու զարգացման` մեր երկրի
վաղվա օրվա համար», - ասված է վարչապետի ուղերձում:
Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ՝ այդ թվում Ֆրանսիան, Ռուսաստանը,
Գերմանիան եւ Կանադան պաշտոնապես ընդունել են, որ նախորդ դարասկզբին հայերի հետ
կատարվածը ցեղասպանություն էր:
Միջազգային գործակալությունները պատմական իրադարձությունների օրացույցում անպայման
արձանագրում են այս օրը՝ բայց տարբեր բնորոշումներով. ֆրանսիական «Ֆրանսպրես»-ը
օգտագործում է «Ցեղասպանության օր», երբեմն նաեւ՝ «կոտորած» հասկացությունները,
բրիտանական «Ռոյթերզ»-ը՝ «Հայերի ցեղասպանության օր» բառակապակցությունը, բայց`
չակերտներում, ամերիկյան «Ասոշիեյթեդ փրես»-ը՝ «զանգվածային սպանություններ»
հասկացությունը:
Ռուզան Խաչատրյան
