ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրապարակել է իր դիրքորոշումը
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում
կատարված փոփոխությունների վերաբերյալ
"Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին" ՀՀ օրենքում
կատարված փոփոխությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն
ուսումնասիրվել են: Օրենքում կատարված փոփոխություններից մեկը նախատեսում է, որ
հրապարակային միջոցառումների անցկացումը լիազոր մարմնի կողմից կարող է արգելվել,
եթե ըստ հավաստի տվյալների, դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն,
ազգային, ռասայական կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ
քարոզելուն, կամ կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների և
հանցագործությունների, պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության
առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների ու
ազատությունների ոտնահարմանը: Հատկանշական է, որ սահմանափակման նման նորմեր են
ամրագրված եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում` Ֆրանսիայի, Գերմանիայի,
Ռումինիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի
օրենսդրություններով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և այլ
միջազգային փաստաթղթերով: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ կիսում ենք
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Հավաքների ազատության հարցերով փորձագետների խորհրդի կարծիքն առ այն, որ
նման հիմքերով իրավունքի սահմանափակումը թույլատրելի է միայն բռնության անխուսափելի
սպառնալիքի առկայության դեպքում:
Խնդրո առարկա սահմանափակումներին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական
դատարանը` նշելով, որ խաղաղ հավաքներ անցկացնելու ազատության արդյունավետ
ապահովումը չի կարող հանգել միայն դրանց միջամտելուն ձեռնպահ մնալու պետության
պարտականության: Պետության զուտ նեգատիվ դերի հայեցակարգը հակասում է Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի առարկային և նպատակին: Այդպիսով,
այդ նորմով երաշխավորված իրավունքի պահպանումը երբեմն պահանջում է պետության կողմից
պոզիտիվ միջոցների կիրառում: Ինչ վերաբերում է հրապարակային միջոցառումներին, ապա
Կոնվենցիան պարտավորեցնում է պետությանը նախատեսել որոշակի պաշտպանություն, որպեսզի
միջոցառումները խաղաղ անցկացվեն: Ակնհայտ է, որ չնայած Կոնվենցիայի
անդամ-պետությունների պարտականությունների մեջ մտնում է օրենքով թույլատրված
միջոցառումների խաղաղ բնույթն ապահովելու համար բանական և անհրաժեշտ միջոցների
կիրառումը, այնուամենայնիվ, այս իմաստով դրանք չեն կարող բացարձակ երաշխիքներ
հանդիսանալ: Միշտ հնարավոր են հակընդդեմ միջոցառումներ: Ժողովրդավարական
հասարակությունում հակընդդեմ միջոցառումների անցկացման իրավունքը չի կարող հավաքներ
անցկացնելու իրավունքի սահմանափակման բնույթ ստանալ: Խոսելով միջոցների, այլ ոչ թե
արդյունքների նկատմամբ պարտականության մասին` ակնհայտ է, որ իշխանությունները պետք
է լայն հնարավորություն ունենան այդ միջոցների ընտրության հարցում (Ezelin, 37;
Vogt, 64; Platform “Artze fur das Leben” 32 գործերով):
Հավաքների ազատության սահմանափակման վերոնշյալ հիմքերից մի քանիսն ամրագրված են նաև
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Հավաքների ազատության հարցերով փորձագետների խորհրդի կողմից պատրաստված
"Խաղաղ հավաքների ղեկավար սկզբունքներում", որտեղ, որպես հավաքների սահմանափակման
հիմք նախատեսված են հասարակական կարգի, առողջության և բարոյականության, այլ անձանց
իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հասարակական և ազգային
անվտանգության ապահովումը: Միևնույն ժամանակ, Փորձագիտական խորհուրդը նշում է, որ
մասնավորապես "հասարակական կարգ" տերմինին ներհատուկ անորոշությունը չի կարող
արդարացում լինել խաղաղ հավաքների արգելման կամ հարկադիր դադարեցման համար: Ո°չ
հասարակական անկարգությունների հիպոթետիկ ռիսկը, ո°չ էլ թշնամաբար տրամադրված
հանրության առկայությունը չեն կարող խաղաղ հավաքի արգելման համար օրինական հիմք
հանդիսանալ: Հավաքների անցկացման նախնական սահմանափակումները որոնք կիրառվում են
հնարավոր ոչ էական բռնության դեպքերի համար, ավելի շուտ պետք է ճանաչել ոչ համարժեք
միջոց, իսկ ցանկացած բռնության առանձին դեպքերի դրսևորումների դեմ անհրաժեշտ է
պայքարել ըստ իրավախախտման փաստի` կալանքի և դատական կարգով պատասխանատվության
ենթարկելու միջոցով, այլ ոչ թե կանխարգելիչ միջոցների ճանապարհով (Ստանկովը
և"Իլինդեն" միացյալ մակեդոնական կազմակերպությունն ընդդեմ Բուլղարիայի (2001թ.) կետ
94):
Այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության կապակցությամբ
Փորձագիտական խորհուրդը նշում է."Կարգավորող մարմինը պետք է հստակ հավասարություն
գտնի հավաքների ազատության կարևորագույն իրավունքի պահպանման և դրա հետ հակասության
մեջ մտած` հավաքների անցկացման տարածքում ապրող, աշխատող, գնումներ կատարող,
առևտուր անող կամ ձեռնարկատիրությամբ զբաղվող այլ անձանց իրավունքների միջև:
Այդպիսով, հավաքը դադարեցնելու հասարակ փաստը կամ նույնիսկ դրան
հակազդեցությունները չեն կարող այդ հավաքի վրա նախնական սահմանափակումներ դնելու
պատճառ դառնալ: Հաշվի առնելով հանդուրժողոկանության կարևորությունը ցանկացած
ժողովրդավարական հասարակության համար` անհրաժեշտ է սահմանել թույլատրելիության
բարձր սահման, որը անցնելու դեպքում միայն կարող է սահմանվել, որ այս կամ այն
հանրային հավաքը զուգորդվում է այլ անձանց իրավունքների և ազատությունների անհիմն
ոտնահարման հետ":
Պետք է նշել նաև, որ ցանկացած սահմանափակում, որը դրվում է հավաքների ազատության
վրա, չպետք է խախտի հենց այդ իրավունքի էությունը: Որոշակի քաղաքական
գաղափարախոսությանը կամ կրոնական համոզմունքներին հակվածությունը չի կարող
հավաքների ազատության նկատմամբ կանխարգելիչ կամ պատժիչ սանկցիաների արդարացում
լինել:
Հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև դրանց սահմանափակման
թույլատրելիության տեսանկյունից անընդունելի ենք համարում ՙԺողովներ ՙԺողովներ,
հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին" ՀՀ օրենքում կատարված
փոփոխություններից մեկով նախատեսված սահմանափակումը, համաձայն որի."Այն դեպքերում,
երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային
անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների
կանխման նպատակով լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային
հրապարակային միջոցառումների անցկացումը մինչև հանցագործությունների հանգամանքների
և հանցանք կատարած անձանց բացահայտումը" (հոդված 13, 6-րդ մաս): Վերջինիս
արդյունքում ձևավորվել է մի իրավիճակ, երբ արտակարգ դրությունը վերացել է, սակայն
դրանով պայմանավորված սահմանափակումներից մեկը փաստացի շարունակվում է: Ավելին, եթե
ինչ-որ մեկը նման սահմանափակման կիրառման առիթ կարող է դառնալ, ապա մյուսները
ինքնաբերաբար կզրկվեն խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի իրացման
հնարավորությունից, ինչը, կարծում ենք, անթույլատրելի է և չի համապատասխանում
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ոգուն և Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի նախադեպային իրավունքին: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական
դատարանը նշել է, որ"Դեմոնստրացիաների ընթացքում այլ անձանց կողմից կատարված
բռնության առանձին դրսևորումների կամ այլ պատժելի արարքների արդյունքում մարդը չի
զրկվում խաղաղ հավաքների ազատության իրավունքից, եթե տվյալ անձը պահպանում է խաղաղ
մտադրությունը կամ վարքագիծը" (տես` Էզելենն ընդդեմ Ֆրանսիայի (1991թ.),
Զիլիբերբերգն ընդդեմ Մոլդովայի (2004թ.)):
Բացի այդ օրենսդրական նշված ձևակերպումը չի բխում նաև պատժի անհատականացման
սկզբունքի տրամաբանությունից, քանի որ նման պարագայում սանկցիան կիրառվում է ոչ
միայն իրավախախտի, այլ նաև նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում են օգտվել իրենց
սահմանադրական իրավունքից` անցկացնել խաղաղ, առանց զենքի հավաքներ:
Ավելին, յուրաքանչյուր դեպքում իրավունքների նման սահմանափակում նախատեսելիս, հարցն
անհրաժեշտ է դիտել նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի տեսանկյունից, համաձայն
որի."Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները
բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական
իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի
սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և
քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող
իրավունք":
Քննարկվող հարցի հետ կապված ՀՀ սահմանադրությունը մարդու և քաղաքացու հիմնական
իրավունքների ու ազատությունների (այդ թվում` խաղաղ հավաքներ անցկացնելու
իրավունքի) սահմանափակման 2 մեխանիզմ է նախատեսում: Մեկը սովորական պայմաններում,
եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության,
հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխարգելման, հանրության
առողջության և բարքերի, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի
և բարի համբավի պաշտպանության համար (հոդված 43): Մյուսը` ռազմական կամ արտակարգ
դրության ժամանակ: Մասնավորապես, Սահմանադրության 44-րդ հոդվածում ամրագրվում է, որ
մարդու և քաղաքացու առանձին իրավունքներ և ազատություններ, ....արտակարգ
իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային
պարտավորությունների շրջանակներում կարող են օրենքով սահմանված կարգով` իրավիճակին
համարժեք չափով, ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության
ժամանակ:
Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ մարդու և քաղաքացու
հիմնական իրավունքների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի
Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները: Այս
առումով հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերը նշված
նախադեպային նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումներով ուրվագծվել են
հավաքների ընթացքում բռնության դրսևորումների դեմ պայքարի և հավաքների ազատության
սահմանափակման թույլատրելիության մեխանիզմները:
Միևնույն ժամանակ, կարծում ենք` ճիշտ կլիներ անդրադառնալ"Ժողովներ, հանրահավաքներ,
երթեր և ցույցեր անցկացնելու մասին" ՀՀ օրենքի որոշ դրույթների, որոնցով
Ոստիկանությանը լիազորություններ են վերապահվում հրապարակային միջոցառումների
անցկացման ժամանակ: Մասնավորապես, Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ
Ոստիկանությունը պարտավոր է ապահովել զանգվածային հրապարակային միջոցառման
ընթացքում oրինականությունը եւ հաuարակական կարգի պահպանումը, պարտավոր է
զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրից հարկադրաբար դուրu բերել այն
անձանց, ովքեր կատարում են հակաoրինական արարք կամ խախտում են հաuարակական կարգը:
Այսինքն, խաղաղ, առանց զենքի հրապարակային միջոցառումների անցկացման ընթացքում
հակաօրիանակ արարքների կամ հասարակական կարգի խախտման դեպքերում Ոստիկանության վրա
պարտականություն է դրված հեռացնել խախտում կատարած անձանց` միջոցառման խաղաղ
բնույթը պահպանելու և հնարավոր զանգվածային անկարգություններից խուսափելու համար:
Դեռ ավելին, նույն օրենքով Ոստիկանությանը իրավունք է վերապահված oրենքով uահմանված
դեպքերում եւ կարգով որոշում ընդունել դադարեցնելու Օրենքի պահանջների խախտմամբ
անցկացվող հրապարակային միջոցառումը կամ այլ միջոցառումը եւ պահանջել կազմակերպչից
դադարեցնելու հրապարակային միջոցառումը: Կազմակերպչի կողմից հրապարակային
միջոցառումը չդադարեցվելու դեպքում Ոստիկանությունը կարող է oրենքով uահմանված
դեպքերում եւ կարգով հարկադիր դադարեցնել հրապարակային կամ այլ միջոցառումը:
Այսինքն, օրենսդրական բոլոր հիմքերը և հնարավորությունները կան հրապարակային
միջոցառումների ժամանակ օրինականության և հասարակական կարգի պահպանման համար, իսկ
խախտումների առանձին դրսևորումների դեպքում` օրինականությունը վերականգնելու կամ
հրապարակային միջոցառումը դադարեցնելու համար` քաոսային իրավիճակներում չհայտնվելու
նպատակով:
Հենց այս դիրքերից ելնելով էլ` գտնում ենք, որ նշված օրենսդրական փոփոխությունները
կատարվեցին հապճեպ, առանց լուրջ փորձաքննություն անցնելու և կարծում ենք, որ մոտ
ապագայում օրենքում որոշ նոր փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա:
