ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Human Rights Watch-ի նոր կոչը Հայաստանի կառավարությանը
Հայաստանի կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը, [url=http://new.csi.am/eng/?page=issue&id=17974 target=_blank]այսօր հայտարարել է Human Rights Watch [/url] միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ մարտի 25-27-ը ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն ութ տասնյակ մարդու, որոնք մասնակցել են Երեւանի կենտրոնում անցկացվող բողոքի խաղաղ ցույցերին` «ժողովրդական զբոսանքներին»:
«Հայաստանի կառավարությունը պետք է թույլ տա խաղաղ ցույցերը, այլ ոչ թե արգելի դրանք։ Նոր սահմանափակումները գործնականում խաղաղ ցուցարարներին պատժում են մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների համար»,-հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Հոլի Քարթները:
Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ հավաքների ազատությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունները, որոնք Ազգային ժողովն ընդունել է մարտի 18-ին, անորոշ են եւ չեն համապատասխանում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որին Հայաստանը միացել է, երաշխավորում է հավաքների ազատությունը, եւ կառավարությունը չի կարող անխոհեմ սահմանափակումներ մտցնել այդ իրավունքի նկատմամբ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խաղաղ հավաքների իրավունքը նկարագրել է որպես «ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկը» եւ բազմաթիվ առիթներով հաստատել է, որ անհատները չեն կարող կորցնել խաղաղ հավաքների իրենց իրավունքը որեւէ ցույցի ընթացքում այլոց պատժելի արարքների պատճառով», - ասված է Human Rights Watch-ի հայտարարությունում:
Կազմակերպությունը մատնանշում է, որ Հայաստանի իշխանությունները, օգտվելով այդ օրենսդրական փոփոխություններից, առնվազն վեց անգամ մերժել են Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու` ընդդիմադիր կուսակցությունների հայտը: Կառավարությունը իր մերժումը հիմնավորում է այն ենթադրությամբ, որ մարտի 1-ի բռնությունների մասնակիցները կարող են մասնակցել նաեւ հետագա հանրահավաքներին:
