Եվ այս պաշտոնյան արդարադատության նախարար է

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը,
«Հայոց աշխարհ» օրաթերթին տված
հարցազրույցում
ասել է բառացիորեն հետեւյալը. «ԶԼՄ-ների մասին օրենքը այսպես թե
այնպես սահմանում է, որ ստացված սեփական տեղեկատվությունը պետք է ճշտվի պաշտոնական
աղբյուրներից եւս» («Հայոց աշխարհ», 04. 03. 2008 թ., N41, էջ 4)։

Նման արտահայտությունը երկու ոչ ճիշտ տեղեկություն է պարունակում.

  1. Հայաստանի Հանրապետությունում չկա եւ երբեք չի եղել ԶԼՄ-ների մասին օրենք: Պարոն
    նախարարին տեղեկացնենք. մինչեւ 2004 թվականը Հայաստանում գործել է «Մամուլի եւ
    զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» 1991 թվականի հոկտեմբերի 8-ին
    ընդունված օրենքը: Այժմ Հայաստանի Հանրապետությունում ԶԼՄ-ների գործունեությունը
    կարգավորվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, որն ընդունվել է 2003
    թվականի դեկտեմբերի 13-ին: Ինչպես տեսնում եք, երկու օրենքներն էլ որեւէ կերպ չեն
    կարող հապավվել իբրեւ «ԶԼՄ-ների մասին օրենք», ինչպես արտահայտվել է նախարարը:
  2. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում չկա որեւէ կետ, որը ուղղակիորեն
    կամ աննուղղակիորեն սահմանում է, թե «ստացված սեփական տեղեկատվությունը պետք է
    ճշտվի պաշտոնական աղբյուրներից եւս»:

Եզրակացություն. Կամ Գեւորգ Դանիելյանը գիտակցբար ստում է, կամ` Գեւորգ Դանիելյանը
չգիտի զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը:

Երկու դեպքում էլ նա պետք է առնվազն ներողություն խնդրի հասարակությունից`
ապատեղեկացնելու համար: