ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությունը խոշտանգել է երեք հոգու
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մարտի 17-ին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը
այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ` կալանավորված անձանց հետ հանդիպելու եւ
առանձնազրույց ունենանալու նպատակով: Ըստ ՔԿՀ-ի ղեկավարության ՀՀ ԱՆ
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ում պահվում են 18 կալանավորված քաղաքացի: Աշխատանքային խումբը
հանդիպել է 6 կալանավորվածների:

Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձինք անհամաձայնություն են արտահայտել
իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Վերջիններիս պնդմամբ
առաջադրված մեղադրանքներն անհիմն են և կրում են բացառապես քաղաքական բնույթ:
Կալանավորված անձանցից մեկը հրաժարվել է հանդիպել Պաշտպանի ներկայացուցիչների հետ:
Կալանավորված անձինք քրեադատավարական իրավունքների խախտման դեպքերի մասին որևէ
բողոք չեն ներկայացրել:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը
այցելել են նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ` կալանավորված անձանց հետ հանդիպելու և
առանձնազրույց ունենանալու նպատակով: Նշված օրերի ընթացքում աշխատանքային խմբերը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են ընդհանուր առմամաբ 24 կալանավորված անձանց:
Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձանց գերակշռող մասը անհամաձայնություն
են արտահայտել իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Վերջիններիս
պնդմամբ առաջադրված մեղադրանքներն անհիմն են և կրում են բացառապես քաղաքական
բնույթ: Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանել են, որ մեղադրանքների հիմքում ընկած
փաստերի հիմնավորվածության գնահատումը դատական ատյանների իրավասությանն է, որոնց
գործունեությանը Պաշտպանը միջամտելու լիազորություններ չունի: Հանդիպումների
ընթացքում պարզաբանվել է նաև, որ այս փուլում Պաշտպանի իրավասությանն են վերաբերում
տվյալ անձանց քրեադատավարական իրավունքների խախտման դեպքերի ուսումնասիրությունը,
կանխարգելումը և վերականգնումը:
Կալանավորված անձանցից 10-ը ապահովված են փաստաբաններով: 1-ը հայտնել է, որ
փաստաբան չունի սակայն պահանջել է: Նշել է նաև, որ իրեն ստիպել են հրաժարվել
փաստաբանից: Մեկ այլ կալանավորված քաղաքացի նշել է, որ երբ դիմում է փաստաբանի հետ
հանդիպելու խնդրանքով իր դիմումին ընթացք են տալիս օրեր անց, այսինքն ըստ նրա,
փաստաբանի ներկայությունը պատշաճ կերպով չի ապահովվում: 3-ը հայտնել են, որ
նախկինում հրաժարվել են փաստաբանից, սակայն այժմ ցանկություն են հայտնել ունենալ:
Կալանավորված անձանցից 9-ը նաև հայտնել են, որ բերման ենթարկելուց հետո իրենց
համապատասխան կարգավիճակ է տրվել քրեադատավարական նորմերով նախատեսված ժամկետների
կոպիտ խախտումներով:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն« ՔԿՀ-ում կալանավորված անձանցից 2-ը հայտնել են, որ բերման
ենթարկելիս կամ ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են
խոշտանգումների:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձանցից մեկը հաշմանդամ է՝ խուլուհամր:
Ըստ իր խցակցի, նա կալանավորված է մարտի 1-ի իրադարձությունների համար:
Այցելությունների ընթացքում աշխատանքային խմբերը հանդիպել են ընդհանուր առմամբ մոտ 50 կալանավորված անձանց, նշված 50 կալանավորված անձանցից 3-ը հայտնել են, որ բերման ենթարկելիս կամ ոստիկանության բաժիններում իրենց գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների:
Նշված փաստերի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում իրականացվում են աշխատանքներ`
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջանակներում:
