FIDH–ը կոչ է անում անմիջապես վերացնել արտակարգ դրությունը

Փարիզ, 3 մարտի, 2008թ. – 2008 թ.–ի մարտի 1–ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Երևանում մինչև մարտի 20-ը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ։ Հաջորդ օրը Հայաստանի Ազգային ժողովը հաստատեց այդ որոշումը։ Արգելված են ամեն տեսակի հրապարակային հավաքները և մայրաքաղաքում տեղի ունեցող ամեն տեղաշարժ, ինչպես նաև պետության հսկողության տակ են առնված զանգվածային տեղեկատվության միջոցների բոլոր հրապարակումները։ Ընդդիմադիր A1+ լրատվական գործակալության շենքը շրջափակվել էր ոստիկանության կողմից, որն արգելում էր լրագրողների մուտքը։ Մամուլն այժմ հրապարակում է միայն ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանին մեղադրող տեղեկություններ։ Մի քանի ընդդիմադիր ինտերնետային կայքեր, այդ թվում http://news.aravot.am, www.hzh.am, www.echannel.am, www.lragir.am արգելափակված են։ Հրամանագիրը նաև ժամանակավորապես կասեցրել է այն քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք խոչընդոտում են «արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը»։

Այս իրավիճակը ստեղծվեց ոստիկանության ուժերի և ընդդիմադիր նախագահական թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի կողմակիցների միջև ընդհարումից հետո, որի արդյունքում ութ մարդ է զոհվել (Հայաստանի Առողջապահության նախարարության տվյալներով) և առնվազն 130–ը վիրավորվել են, ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից։ Բախումները սկսվեցին Հայաստանի մայրաքաղաք Երևանում 10 օր շարունակ քաղաքի կենտրոնում, իսկ ավելի ստույգ՝ Ազատության հրապարակում ընթացող խաղաղ ցույցերից հետո, ուր մարդիկ վրանային ճամբար էին կազմակերպել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունները՝ ստանալով ընտրողների քվեների 53%, մինչդեռ Տեր–Պետրոսյանը ստացել է 21,5%։ Բողոքարարները պահանջում էին արդյունքերի վերանայում։ Երևանում հրապարակավ դիմելով իր մոտ 10 000 սատարողներին, Սերժ Սարգսյանը փետրվարի 26–ին հակառակորդ թեկնածուներին և նրանց սատարողներին համագործակցելու կոչ արեց, ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարության ձևավորում։ Լևոն Տեր–Պետրոսյանն արձագանքեց դրան՝ պահանջելով Սարգսյանից և ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանից հրաժարական տալ և հայտարարեց, որ շահել է ձայների 65%-ը։ Փետրվարի 25–ին պրն Տեր–Պետրոսյանը բողոքարկման հայց է ուղղել Սահմանադրական դատարան՝ փետրվարի 19–ի ընտրությունների արդյունքերը չեղյալ հայտարարելու և նոր ընտրություններ նշանակելու պահանջով։ Դատարանը 10 օրվա ժամկետում պետք է իր վճիռը կայացնի այս հայցի վերաբերյալ։

ԵԱՀԿ և Եվրախորհրդի դիտորդական առաքելություններն անօրինականություններ էին նկատել քվեարկության ընթացքում, այդ թվում՝ ընտրողների ահաբեկում, ընտրակաշառքների բաժանման փորձեր,  լցոնումներ, ինչպես նաև խախտումներ ձայների հաշվարկման ընթացքում, սակայն այդուհանդերձ եզրակացրել էին, որ ընտրությունները «հիմնականում համապատասխանում էին ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորություններին և չափանիշներին»։

Այդուհանդերձ, FIDH–ը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ Հայաստանում FIDH–ին անդամակցող կազմակերպությունը, ահազանգեր էին ստանում կեղծիքների և խախտումների մասին՝ ինչպես քվեարկությունից առաջ, այնպես էլ դրանց ընթացքում և դրանցից հետո։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մասնակցեց «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ 2008» թեժ գծի աշխատանքին, որի նպատակը քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդակցությամբ և պաշտպանությամբ ապահովելն էր։ Այս անվճար թեժ գիծը սկսել էր աշխատել հունվարի 15–ից մինչև մարտի 15–ը, իսկ ընտրությունների օրը երկրով մեկ գործում էին իրավական շտապ օգնության 40 մեքենա։ Արագ արձագանքման յուրաքանչյուր խմբի կազմի մեջ ներգրավված էին մեկական իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ, դիտորդ և լրագրող, ովքեր պիտի փորձեին անմիջապես տեղերում պաշտպանություն և լուսաբանում ապահովելն։ Փետրվարի 19–ին թեժ գծով մոտ 475 ահազանգ էր ստացվել զանազան խախտումների վերաբերյալ, և շուրջ 70 զանգերի հետքերով իրավական շտապ օգնության մեքենաներ են ուղարկվել։

Խաղաղ ցույցերի ազատությունը պարբերաբար ոտնահարվում էր։ Օրինակ՝ փետրվարի 22–ին Արարատի մարզի Արտաշատ–Երևան մայրուղին փակվել էր, և մարդկանց թույլ չտրվեց մասնակցել պրն Տեր–Պետրոսյանի Երևանի հանրահավաքին։ Ավելին, ըստ որոշ հայտարարությունների, պետական պաշտոնյաները պարտադրում էին մարդկանց մասնակցել Սերժ Սարգսյանի հանրահավաքին. նման տեղեկություններ են ստացվել թիվ 21, 43, 119, 114, 44, 9, 71, 194 և 68 դպրոցների ուսուցիչներից և աշակերտներից։

Ըստ Երևանի Մամուլի ակումբի և «Թիմ» հետազոտությունների կենտրոնից ստացված տեղեկությունների՝ կապված նախագահական ընտրությունների լուսաբանման մոնիտորինգի հետ, խիստ միակողմանի լուսաբանում է դիտարկվել հեռուստաընկերություններում և հատկապես պետական հեռուստաալիքներում։

Մի շարք քաղաքական ընդդիմախոսներ կալանքի են ենթարկվել տարբեր քրեական մեղադրանքներով։ Փետրվարի 25–ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1 հոդված խախտելու կասկածանքով («Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը և անցկացնելը»): Փետրվարի 22–ին Հայաստանի նախկին դատախազի տեղակալ պրն Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց Լևոն Տեր–Պետրոսյանի շարժմանն իր աջակցության մասին։ Փետրվարի 23-ին նրան ձերբակալեցին իր եղբայր Վարդանի և իրենց վարորդի հետ միասին՝ ներկայացնելով մեղադրանք ապօրինի զենք կրելու համար, որը հայտնաբերվել էր իր մեքենայի խուզարկության ընթացքում, ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») և 316 հոդվածի համաձայն («իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»):

Երևանի քաղաքապետն անօրինական է համարել Տեր–Պետրոսյանի հանրահավաքը և կոչ է արել մասնակիցներին վերջ տալ իրենց բողոքի ցույցին, քանի որ վերջիններս «խանգարում են» քաղաքի կարգուկանոնին։ Մարտի 1–ին, առավոտյան 6.30, ոստիկանությունը բռնի ուժով, առանց զգուշացնելու, հարձակվել է հանրահավաքի վրա։ Ցուցարարներին ցրելու համար նրանք կիրառում էին մահակներ, վահաններ, արցունքաբեր գազ և էլեկտրաշոկ։ Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչների կողմից պրն Տեր–Պետրոսյանին հրապարակից հեռացնելուց հետո նրան տնային կալանքի տակ առան։ Երկու ժամ անց ոստիկանությունը սկսեց ծեծի ենթարկել Ազատության հրապարակի շրջակայքում հավաքված մարդկանց։ Շատերը ձերբակալվեցին, շատ հաճախ առանց որևէ իրավական հիմքերի։

Կեսօրին մոտ մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում։ Հավելյալ ուժեր բերվեցին այնտեղ՝ զինված հրացաններով, զրահատար մեքենաներով (БТР) և ջրցաններով։ Ժամը 9–ի մոտակայքում ոստիկանությունը և զինված ուժերը սկսեցին օդ կրակել։ Խուճապի մատնված՝ շատերը փորձեցին փախչել, իսկ մյուսները արձագանքեցին քարեր և Մոլոտովի կոկտեյլներ շպրտելով։ Բախումը տևեց մոտ երեք ժամ և ավարտվեց 8 զոհերով և բազմաթիվ վիրավորներով։ Վառվեցին տասնյակ մեքենաներ, ջարդվեցին հարևան խանութների պատուհանները։ Անկարգությունների ընթացքում ձերբակալվեցին տասնյակ մարդիկ, որոնք ոստիկանությունում ծեծվում և դաժան վերաբերմունքի էին արժանանում։ Ձերբակալվածների հստակ թիվը մնում է անհայտ։

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվան դատապարտեց Երևանում խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը։ «Ես կոչ եմ անում իշխանություններին հնարավորին չափ զսպվածություն ցուցաբերել։ Ինձ անհանգստացնում են զոհերի մասին տեղեկությունները։ Կոչ եմ անում իշխանություններին ազատել ձերբակալվածներին և կրկին դիմում եմ կառավարությանը և ընդդիմությանը երկխոսության մեջ ներգրավվելու կոչով»,– ասել է նախարարը։ Մարտի 2–ին ԵԱՀԿ–ն իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Երևան՝ ճգնաժամի կարգավորման մեջ իր օգնությունն առաջարկելու համար։ Երևան է ժամանել նաև Եվրախորհրդի հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին՝ փորձելու համար գտնել ճգնաժամի լուծումը։

FIDH–ը կոչ է անում անմիջապես վերացնել արտակարգ դրությունը, որպեսզի լիարժեք ապահովվեն ազատ տեղաշարժվելու, արտահայտվելու, խաղաղ հավաքներ անցկացնելու ազատությունները և ազատ արձակվեն կամայական կերպով ձերբակալված բոլոր մարդիկ։ FIDH–ը կոչ է անում երկու կողմերին չդիմել բռնության և ներգրավվել արդյունավետ երկխոսության մեջ։

FIDH–ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անմիջապես անկողմնակալ հետաքննություն ձեռնարկել մարտի 1-ին և 2–ին անհամարժեք ուժի կիրառման կապակցությամբ և օրենքի առաջ կանգնեցնել բոլոր մեղավորներին։