Հետընտրական կրքերը Հայաստանում

Այս
հոդվածը ռուսերեն

Հայաստանի նոր նախագահի ընտրություններից մեկ շաբաթ անց էլ երկիրը չի կարողանում
դուրս գալ հանրահավաքային տարերքից։ Ավելին՝ ներկա պահին հանրահավաքային
ակտիվության աշխարհագրությունն ու բնույթը փոփոխություններ են կրում։ Եթե ամբողջ
շաբաթ քաղաքացիներին հանրահավաքների հավաքելու հարցում նախաձեռնությունը պահպանում
էր ընդդիմության թեկնածու՝ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ապա քվեարկության
վերջնական արդյունքները ԿԸՀ–ի կողմից հայտարարվելուց հետո սատարման ակցիաներ
սկսվեցին նաև հաղթող հայտարարված Սերժ Սարգսյանի օգտին։

Փաստորեն, Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցներին հանդարտեցնելու ապարդյուն ճիգերից
հուսալքված, երկրի իշխանությունները բռնեցին բողոքների հանդիպակաց ալիք խթանելու
ուղին։ Հասկանալի է, որ հիմնական հույսն այս գործում՝ տարբեր մակարդակի պետական
վարչական մեխանիզմների վրա էր։ Փաստորեն, վերականգնվեց Սերժ Սարգսյանի նախընտրական
հանրահավաքների անցկացման պրակտիկան։ Ընդորում, եթե ակցիաների առաջին ալիքը
հանրապետության մարզերում էր անցնում, ապա փետրվարի 26–ին հանրահավաքների
ծանրության կենտրոնը տեղափոխվեց Երևան։

Այսուհետ պետք է ակնկալել, որ ներքաղաքական իրավիճակի զարգացումը հիմնականում
Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած նոր կուրսի հետևանքը կհանդիսանա։ Չէ որ
ընդդիմության մարտավարությունը փոփոխություններ չի կրել։ Հետևաբար, Հայաստանում
ներքաղաքական առճակատման դրսևորվող սխեման ակտուալ է դարձնում, թերևս, կարևորագույն
հարցը. ո՞րն է Հայաստանի իշխանությունների վերոհիշյալ մարտավարության պատճառը։
Ինչպես նաև՝ ինչի՞ կարող է բերել նման մարտավարությունը։

Առավել համոզիչ է թվում տարածված այն կարծիքը, թե գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի
հիմնական մտահոգությունն իշխանական ճամբարի խարխլման վտանգն է։ Հայաստանի շատ
առանցքային դիվանագետների անցումը ընդդիմության կողմը, նախկին փոխդատախազի կողմից
ընդդիմության սատարումը, հայոց բանակի շատ ազդեցիկ գեներալների անորոշ
դիրքորոշումը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորական կորպուսում նկատելի
խմորումները, ավանդաբար կարևոր համակազմի՝ Ղարաբաղյան պատերազմի «Երկրապահ»
կամավորական միավորման բացահայտ համակրանքն ընդդիմության հանդեպ և այլն՝ այս ամենը
չէր կարող մտահոգություն չառաջացնել իշխանության բարձրագույն դեմքերի մոտ։
Հետևաբար, պետք էր համապատասխան լուծումներ մշակել։

Իշխանությունների համար նման անցանկալի միտումը կարող էր, ըստ ամենայնի, կասեցնել
կամ ընդդիմության հանրահավաքների դեմ ձեռնարկած ուժային մեթոդները, կամ՝ վարչական
ռեսուրսի խստացման գործոնը։ Այս կամ այն ձևերով երկուսն էլ գործի դրվեցին։ Արդեն մի
քանի օր է, ինչ սկսվել են Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցների զանգվածային
ձերբակալումները։ Միաժամանակ, ուժային կառույցների վերահսկումն իր ձեռքն է վերցրել
անձամբ նախագահ Քոչարյանը։ «Իշխանությունը բռնի ուժով զավթելու» սպառնալիքի
վերաբերյալ իր կողմից առաջ քաշած թեզը կոչված էր նշանավորելու ուժային ռեսուրսների
մոբիլիզացմանն ուղղված կուրսը։ Հայաստանի մայրաքաղաքում մեծ թվով իրավապաշտպան
ուժերի հայտնվելը դարձավ այդ կուրսի առաջին դրսևորումը։

Սակայն ընդհանուր արտաքին և ներքաղաքական միտումները պետք է ստիպեին Հայաստանի
իշխանություններին գործադրել իրավիճակի կարգավորման և զուտ քաղաքական մեխանիզմները։
Սերժ Սարգսյանի հասցեին արևմտյան շատ առանցքային պետությունների կողմից մինչ այժմ
չհնչած շնորհավորանքները, ինչպես նաև Հայաստանի առավել ազդեցիկ քաղաքական ուժերի
կողմից ընտրությունների արդյունքները միանշանակ ընդունելու դժկամությունը էլ ավելի
բարդացրեցին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի վիճակը։ Նրա լեգիտիմությունը
միանգամից կասկածի տակ առնվեց։

Այսպես, փետրվարի 25-26–ին Հայաստանի իշխանական Հանրապետական կուսակցության հետ
մինչ այժմ համագործակցող «Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարեց
համագործակցության մասին պայմանագիրը խզելու և կառավարությունում իրենց զբաղեցրած
պաշտոններից հրաժարվելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ, Հայաստանի Ազգային
ժողովի փոխնախագահի իր պաշտոնից հրաժարականի մասին հայտարարեց այդ կուսակցությունից
առաջադրված նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը։ Փաստորեն, այդ կուսակցությունը
տարանջատեց իրեն իշխանությունների ներկայիս ներքաղաքական կուրսից և միջնորդի դիրք
ընդունեց։

Հաշվի առնելով այն, որ անցած ընտրությունների արդյունքները հրաժարվեցին ընդունել
նաև պատգամավորական երկու կուսակցությունները՝ «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը»
(երկուսի ներկայացուցիչներն էլ հրաժարվեցին ստորագրել Հայաստանի ԿԸՀ վերջնական
արձանագրությունը), իշխանական ճամբարի քաղաքական ռեսուրսները կտրուկ կերպով
նվազեցին։ Իրավիճակի զարգացումն իրեն սպասել չի տալիս։

Հենց այս պայմաններում էլ կտրուկ կերպով ակտիվացավ եվրակառույցների
քաղաքականությունը։ Անցած ընտրություններին բնավ ոչ միանշանակ նախնական
գնահատականներ տված այդ կառույցները (ԵԽ նախարարների խորհուրդը. ԵԱՀԿ–ն,
Եվրախորհուրդը) փետրվարի 25-26–ին Հայաստանի մայրաքաղաք ուղարկեցին իրենց
ներկայացուցիչներին և նույնիսկ ղեկավարներին։ Հայաստանում անցկացվող զրույցների
թեման, իհարկե, ընտրություններն էին և հետընտրական իրավիճակը, ընդ որում
հանդիպումներ են տեղի ունեցել նաև Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։ Իսկ, քանի որ նախնական
արդյունքները հրապարակելուց հետո տեղի ունեցած ձայների վերահաշվարկից հետո
միջազգային կառույցները դեռևս չեն տվել իրենց վերջնական գնահատականները, ապա
եվրակառույցների գործոնը Հայաստանում տվյալ իրավիճակում ոչ ոք չի կարող գերագնահատել։

Հատկանշական է, որ Լևոն Տեր–Պետրոսյանն արդեն հայտարարել է, որ սպասում է ԵԱՀԿ–ի,
ՆԱՏՈ–ի և Եվրախորհրդի կողմից հայտարարություններին և, որ «տեղեկատվական
շրջափակումը» Հայաստանի իրադարձությունների շուրջ արդեն ճեղքված է։ Պետք է
ենթադրել, որ տվյալ կառույցների ներկայացուցիչների հետ լուրջ խորհրդակցություններ
են վարվել։ Իսկ, քանի որ Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքը չի
մարում, վաղօրոք կլիներ խոսել նման խորհրդակցությունների և դրանց հնարավոր
հետևանքների երկրորդային նշանակության մասին։

Դժվար թե կարելի էր կասկածել, որ այս օրերին Հայաստանի իշխանությունները փորձ
կկատարեն իրենց նորընտիր նախագահի «համաժողովրդական սատարման» ցույց ձեռնարկել։
Կարելի էր ենթադրել, որ եվրակառույցների ներկայացուցիչների Երևան կատարվող այցերի
նախաշեմին մայրաքաղաքի փողոցները չեն տրվի սոսկ ընդդիմությանը։ Այդպես էլ եղավ։ Եվ
թեպետ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ և զանգվածային լրատվամիջոցներ
հայտնեցին, որ զանազան բյուջետային հիմնարկների աշխատողները հեղեղել էին իրենց
հեռախոսազանգերով՝ բողոքելով Սերժ Սարգսյանի «սատարման» հանրահավաքին մասնակցելու
պարտադրումներից, կենտրոնական հրապարակը լցվեց ժողովրդով։

Ճիշտ է, իշխանությունների հանրահավաքների դերը չի կարող սահմանափակվել զուտ նշված
նպատակով։ Դրանց ազդեցությունը, անկասկած, ուղղված էր նաև ընդդիմության դեմ։
Հայաստանի իշխանությունները փորձում են երկրի բնակչության ոչ միանշանակ
կողմնորոշման տպավորություն ստեղծել։ Երևում է, հույս կա, որ իշխանամետ
հանրահավաքների ճնշումը, ինչպես նաև իշխանություններին ենթարկվող հեռուստաալիքների
միջոցով երկրում ստեղծված իրավիճակի միակողմանի լուսաբանումը կկոտրի Լևոն
Տեր–Պետրոսյանի կողմնակիցներին։ Իսկ հնարավոր է, հաշվարկ է արվում նաև արհեստական
բախումների ստեղծման հնարավորության վրա։ Վերջինս կարող էր հնարավորություն տալ
իշխանություններին խստացնել երկրում «արտահայտվելու ազատության» ռեժիմը, ընդհուպ
մինչև արտակարգ վիճակ հայտարարելը։

Վերը նկարագրվածը թույլ է տալիս ենթադրել, որ ներքաղաքական զարգացումները
Հայաստանում ներկայումս լուրջ սահմանագծի են մոտեցել։ Իշխանությունների դրությունն,
անկասկած, բարդացել է։ Սակայն շարունակվող անհատական վարչական ահաբեկությունները,
ինչպես նաև ձերբակալությունների ընդարձակվող շղթան միայն խթանում են
իշխանությունների հանդեպ ժխտողականությունը։ Թե ինչպես կարտահայտվի նման
ժխտողականությունը ցույց կտան մոտակա օրերը։